ԲՀԿ-ն հուսախաբ արեց Մերուժան Սիմոնյանին

ԲՀԿ-ն հուսախաբ արեց Մերուժան Սիմոնյանին
ԲՀԿ-ական պատգամավոր Մերուժան Սիմոնյանը երեկ մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Նա, սակայն, չի բացատրել իր այս քայլը, թե ինչու է նման դիմում ներկայացրել։ ԲՀԿ-ական նրա գործընկերների համար սա անակնկալ է եղել։ Բայց նրա այս հրաժարականը միանգամայն տրամաբանական է դառնում երեկվա նշանակումների ֆոնին։ Երեկ վարչապետի որոշմամբ Սյունիքի մարզում նոր մարզպետ նշանակվեց՝ Կարեն Համբարձումյանը, ով Սիսիանի նախկին քաղաքապետ եւ Սիսիանի ԲՀԿ կառույցի պատասխանատու Աղասի Հակոբջանյանի փեսան է։



Մինչդեռ Մերուժան Սիմոնյանը մարզպետ դառնալու մեծ հավակնություններ ուներ, եւ նրա թեկնածությունն էր օրեր շարունակ շրջանառվում, սակայն ԲՀԿ-ից այլ թեկնածուի վրա են կանգ առել։ Նշենք, որ այս մարզը Փաշինյանը խոստացել էր տալ ԲՀԿ-ին։ Ու հիմա, ըստ երեւույթին, Մերուժան Սիմոնյանը նեղացել, վիրավորվել է իր հանդեպ նման վերաբերմունքից ու որոշել է մանդատից հրաժարվել։ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, սակայն, երեկ փորձել է հերքել այս տեղեկությունը՝ Սիմոնյանը վիրավորված չէ, այդ քայլը կուսակցությունում ներքին խնդիրների արդյունք է, եւ ինքը հիմա հորդորում է «լավ, կարեւոր եւ հարգարժան գործընկերոջը»՝ անպայման հետ վերցնել դիմումը՝ հույս հայտնելով, որ այդ խնդիրները կլուծեն։



Թե ինչպես պետք է համոզեն իրենց գործընկերոջը, դժվար է ասել, քանզի գնացքն արդեն գնացել է՝ մարզպետն արդեն նշանակվել է։ Իսկ Մերուժան Սիմոնյանը, ով եւս սյունեցի է՝ Կապանից, իր տարածքում բավականին հայտնի դեմք է, զբաղվում է գործարարությամբ եւ ընտրությունների ժամանակ մեծ աշխատանք է կատարել ԲՀԿ-ի համար՝ սեփական հեղինակության ու ռեսուրսների հաշվին իր տարածքից ձայներ ապահովելով կուսակցության օգտին։ Ու հիմա երեւի թե ակնկալել է, որ իր մատուցած ծառայությունները կգնահատվեն կուսակցության կողմից, բայց հուսախաբ է եղել։ Մենք բազմիցս փորձեցինք կապ հաստատել Մերուժան Սիմոնյանի հատ, բայց նա սկզբում չէր պատասխանում զանգերին, իսկ հետո անջատեց հեռախոսը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**