Եթե ես խմբակցությունը լքեի, մանդատս վայր կդնեի․ Կոստանյանը՝ ՀՀԿ-ն լքելու մասին

Եթե ես խմբակցությունը լքեի, մանդատս վայր կդնեի․ Կոստանյանը՝ ՀՀԿ-ն լքելու մասին
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գևորգ Կոստանյանը կարծում է, որ նոր կառավարության օրագիրը ավելի շատ նպատակների հուշագիր է։ Եվ նա այդ հուշագրում նպատակների իրականացման քայլերը չի տեսնում, ու քանի որ այդ քայլերը չկան, ինքը չի կարող գնահատական տալ՝ այդ ծրագիրն իրենց համար ընդունելի՞ կլինի, թե՞ ոչ։



**Hraparak.am**-ը նկատեց, որ ՀՀԿ խմբակցությունից հերթով պատգամավորներ են դուրս գալիս, ու արդեն սահմանագծին են, որ ՀՀԿ-ն դառնա փոքրամասնություն ԱԺ-ում, ինչի արդյունքում իրենք կկորցնեն իրենց վերջին լծակները իշխանության վրա։ Սա արդյոք մտահոգո՞ւմ է իրենց։ «Բացարձակ ինձ չի մտահոգում․․․ Ախր Դուք, եթե ասեք վերջին լծակը որն է․․․ Բոլոր դեպքերում, եթե նկատել եք, հատկապես Սահմանադրական օրենքները 3/5-ով է ընդունվում, հետևաբար պիտի շատ քանակը քչանա խմբակցության պատգամավորների, որ մենք խոսենք դիրքերը կորցնելու մասին։ Բայց, իմ խորին համոզմամբ, վիճակը չի հանգի դրան»,-ասաց Կոստանյանը։



Ինչ վերաբերում է խմբակցությունը լքելու բարոյական կողմին, Կոտանյանը չցանկացավ անդրադառնալ իր ընկերների բարոյական կողմին, սակայն նկատեց․ «Ես, եթե կուսակցական լինեի և խմբակցության կազմը լքեի, անկեղծորեն եմ ասում, ես մանդատս անմիջապես վայր կդնեի մի պատճառով, որ պառլամենտում դու հայտնվել ես այդ կուսակցության քվոտայով, այդ թվում՝ ռեյտինգային կարգով»։ Իսկ ո՞ր դեպքում է հնարավոր, որ նա լքի խմբակցությունը, Կոստանյանն ասաց․ «Անկեղծ ասած՝ չեմ էլ մտածել, կարծում եմ՝ ոչ մի դեպքում»,-ապա ավելացրեց․ «Ուզում է` մեկ հոգի մնա, ես երկրորդը կլինեմ հաստատ»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**