Օֆշորային ընկերությունը հոգեբանական գրոհ է սկսել Հայաստանի դեմ

Օֆշորային ընկերությունը հոգեբանական գրոհ է սկսել Հայաստանի դեմ
Ամուլսարի շուրջ այս օրերին կրքեր են թեժացել։ Բնապահպաններն ու ակտիվիստները միացել են Վայոց Ձորի բնակիչներին եւ փակել դեպի Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհը։ Գնդեվազցիները, որոնք արդեն մի քանի տարի նաեւ վարչական դատարանում են պայքարում, եւ ջերմուկցիները։ «Ամուլսար, մենք քեզ հետ ենք»,- գրված է պաստառների վրա։ Հեղափոխությունից հետո «Լիդիան Արմենիան» ընկերության աշխատողները պարբերաբար աշխատանքի չեն գնում։ Հանդիպելով ցուցարարներին՝ ստիպված են լինում գնալ տուն։ Վերջին 2-3 օրը ոչ մի րոպե ճանապարհը բաց չի եղել։



Երեկ «Լիդիան Արմենիան» ընկերության գործադիր տնօրեն **Հայկ Ալոյանն** այս մասին ահազանգեց․ «Արդեն երկրորդ օրը մոտ 20 մարդ փակել է Ամուլսարի հանքի շինհրապարակ տանող ճանապարհները՝ ավելի քան 1450 աշխատակցի զրկելով իրենց օրինական աշխատանքով զբաղվելու հնարավորությունից եւ խոչընդոտելով երկրի ամենախոշոր ներդրումային ծրագրի աշխատանքը: Նման սադրանքն ուղղված է ոչ միայն մեր ընկերության, այլեւ երկրի դեմ՝ խոչընդոտելով օրական մի քանի հարյուր հազար դոլարի ներդրումների մուտքը երկիր»: Տնօրենը նշել է նաեւ, որ «ընկերության նկատմամբ արդեն մի քանի տարի շարունակ իրականացվում է նպատակաուղղված եւ ֆինանսավորված հակաքարոզչություն»։ «Ընկերությունը վստահ է, որ օբյեկտիվ եւ պրոֆեսիոնալ չափանիշներով ցանկացած աուդիտը կապացուցի, որ Ամուլսարում կիրառվում են Հայաստանի համար աննախադեպ եւ միջազգային լավագույն չափանիշները: Ընկերության աշխատանքների ապօրինի խոչընդոտումն ուղղակի հարվածում է երկրի տնտեսությանը եւ հեղինակությանը: Ընկերությունն ակնկալում է խնդրի իրավաչափ եւ շուտափույթ լուծում»։



Ի՞նչ է անելու հանքարդյունահանողը, եթե հարցը, այնուամենայնիվ, «շուտափույթ» չլուծվի։ «Ըստ իրավիճակի՝ տեղյակ կպահենք»,- ասում է մամուլի պատասխանատու **Աննա Սաղաբալյանը**։ Ընկերությունից լուրեր են սպրդում, որ «Լիդիան»-ը պատրաստվում է դատի տալ ՀՀ կառավարությանը՝ իր կատարած ներդրումները վերադարձնելու ակնկալիքով։ Սաղաբալյանը չի հաստատում լուրերը․ «Դատի տալու խնդիր չկա»։



Հիշեցնենք, որ մայիսի 29-ին վարչապետին 27 էջանոց դիմում էին գրել մոտ երկու տասնյակ ՀԿ-ներ՝ խնդրելով դադարեցնել հանքավայրի շահագործումը։ Դիմումի մեջ ներկայացրել էին իրավական եւ մասնագիտական հիմքերը, որոնց մասին գիտնականները, էկոլոգները, Վայոց Ձորի բնակիչները բարձրաձայնել են տարբեր հարթակներում, եւ որոնք կարող են այս ծրագրի դադարեցման հիմք հանդիսանալ։



Դիմումատուներից աշխարհագրագետ **Լեւոն Գալստյանը**, որն այս օրերին ջերմուկցիների կողքին է, հայտնեց, որ դեռ պատասխան չեն ստացել կառավարությունից։ Տեղյա՞կ եք, որ «Լիդիան Արմենիան» ընկերության տնօրենը հայտարարություն է տարածել, եւ հնարավո՞ր է, հող է նախապատրաստում դատական պրոցես սկսելու համար։ «Մեզ չի հետաքրքրում, իրենք մեզ համար գոյություն չունեն։ Իրենք կեղծ տվյալներ են ներկայացրել կառավարությանը։ Դա փաստ է։ Եկեք հասկանանք․ խնդիրն այն է, որ հանքի արդյունահանումն անթույլատրելի է։ Դատի կտան, չգիտեմ ինչ կանեն՝ էական չէ։ Պետք է ռիսկ անել եւ որոշում կայացնել՝ դադարեցնել նրանց գործունեությունը Հայաստանում»,- պատասխանեց Գալստյանը։ «Կանաչների միության» նախագահ **Հակոբ Սանասարյանը** ռեալ չի համարում, որ ընկերությունը դատի կտա կառավարությանը։ «Դա հոգեբանական գրոհ է։ Շատ լավ կլիներ, եթե դատի տային։ Դա նրանց ավարտը կլիներ, քանի որ նրանք խարդախ նախագիծ են ներկայացրել»,- ասում է նա։ Ավելի վաղ Սանասարյանը մանրամասն վերլուծություն էր արել՝ ապացուցելով, որ «Լիդիան»-ի ներդրումների թիվը՝ 400 մլն դոլարից ավելի, փուչիկ է։



Վարչապետի մամուլի խոսնակ **Արման Եղոյանն** էլ մեզ հայտնեց, որ առաջիկայում վարչապետի հանձնարարությամբ ստուգումներ են սկսվելու բոլոր հանքերում։ «Ամուլսարը լինելու է առաջիններից մեկը։ Վարչապետը հանձնարարել է բնապահպանության նախարարությանը՝ զբաղվել այս հարցով»։ Էկոլոգիական մարտերը Ամուլսարի հանքի շուրջ սկսվել են 2012-ից եւ ընթանում են փոփոխական հաջողությամբ։ Բնապահպանության նախարարները չէին էլ փորձում անդրադառնալ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման» կեղծ փորձաքննությանը, իսկ վարչական դատարանը 2 ամիսը մեկ մի նիստ է անում։ Վարչապետները բողոքի ակցիաներին, որպես կանոն, չեն արձագանքել։ Նրանք ամեն ինչ անում էին հանքարդյունաբերողին՝ «Լիդիան Արմենիան»-ին չնեղացնելու համար։ Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք գործադիրը նույնիսկ որոշում ընդունեց, որով Գնդեվազ համայնքի տարածքի նկատմամբ հանրային շահ ճանաչվեց, քանի որ այդ համայնքում մի բնակիչ էր մնացել, որը չէր համաձայնում իր այգիները վաճառել «Լիդիանին»։ Որոշումից հետո այդ բնակչի այգիները խլեցին։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**