Նախկինները մտադիր էին պետական մեքենաների վրա «գազ դնել»

Նախկինները մտադիր էին պետական մեքենաների վրա «գազ դնել»
Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման վերջին օրերին մի նախաձեռնությամբ էր ուզում հանդես գալ՝ «գազ դնել» ծառայողական ավտոմեքենաների վրա։ Բայց նա գնաց, ու «պադավատները» մնացին թանկ ու կրակ բենզինի հույսին։ Մեր տեղեկություններով՝ նախկին վարչապետը մտադիր էր պետական ավտոպարկում եղած բոլոր ավտոմեքենաները տեղափոխել հեղուկ գազի ռեժիմի, բացի վարչապետի, փոխվարչապետների ու նախարարների մեքենաներից։ Նպատակը, բնական է, խնայողությունն էր՝ գազով մեքենա վարելն ավելի էժան է։



Բայց, ասում են, այս բարի ցանկության տակ նաեւ բիզնես շահ էր թաքնված։ Վարչապետի մերձավորները մտադիր էին հեղուկ գազի բիզնեսով զբաղվող ընկերություն ձեռք բերել, որը մինչ այդ վատ վիճակում էր գտնվում, եւ զարգացնել։ Կստացվեր երկուսը մեկում՝ «շահում է պետութունը, շահում ենք մենք»։ Սա, իհարկե, սոսկ խոսակցություն էր, բայց, ինչպես ասում են, առանց կրակի ծուխ չի լինում։



Նախկին կառավարությունում ֆինանսների փոխնախարար եւ գլխավոր գանձապետ, նոր կառավարությունում արդեն ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մեզ հետ զրույցում չհերքեց այս տեղեկությունը։ «Այդպիսի շրջաբերական է եղել, այո, բոլորին առաջարկվել է դա անել, ընդ որում՝ առաջարկվել է դա անել եղած միջոցների տնտեսման հաշվին։ Բայց դե՝ որը որ փուլում է գտնվում, կդժվարանամ ասել»,-ասաց Ջանջուղազյանը։ Ինչ վերաբերում է բիզնես-նկրտումներին, նախարարը դա «լավ չափազանցված» համարեց՝ նկատելով, թե պետական ապարատի 900 ավտոմեքենայով դժվար է բիզնես ծաղկեցնել։ Նա երեւի այնքան էլ չի խորացել այս շուկայում ու չգիտի, թե ինչպես են բենզին ներկրող ընկերությունները քյալլա տալիս, որ տենդերներ շահեն եւ ստաբիլ 900 մեքենա հաճախորդ ունենան։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**