Փաշինյանի՝ Վրաստան այցի դրական ու կարևոր նյուանսները

Փաշինյանի՝ Վրաստան այցի դրական ու կարևոր նյուանսները
Նիկոլ Փաշինյանի այցը հարևան և բարեկամ Վրաստան աննախադեպ է և պատմական մի քանի ասպեկտով։ Նախ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրրոսյանից հետո միակն է ՀՀ ղեկավարներից, որ առաջին իսկ հնարավորության դեպքում Վրաստան այցելելիս պաշտոնապես այց է կատարում նաև Ջավախք, որի մասին մեր իշխանությունները գրեթե մոռացել էին։ Սա մեծ ոգևորությամբ է ընդունվել ջավախահայության կողմից։ Փաշինյանը Ջավախք կայցելի վաղը, նա Թբլիսիից դեպի Ախալքալաք կշարժվի Ծալկայով՝ ճանապարհին հանդիպումներ ունենալով հայաբնակ տարբեր համայնքներում։ [Եվ սա կարելի է արդեն իր տեսակով պատմական այց համարել։](https://www.hraparak.am/posts/5b0e489115d850071328eebb/%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B5%D6%81-%D5%A7-%D5%AC%D5%AB%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82) Այցի վերջին հանգրվանը կլինի Ախալքալաքը, որտեղ ՀՀ վարչապետը կմասնակցի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի բացմանը։ «ԱրՄաթը» Հայատանում ունի արդեն 224 կենտրոն, և 225-րդը բացվում է Ախալքաքալաքում՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Ջավախքին աջակցություն հիմնադրամի» համատեղ ջանքերով։ Երբ մենք այցելեցինք Ախալքալաք, արդեն նախապատրաստական աշխատանքներ էին ընթանում։ Մասնավորապես այն փողոցներում, որոնցով պետք է անցնեն երկու երկրների վարչապետները, կատարվում էին փոսալցման աշխատանքներ։ Փոսալցումներ էին կատարվում նաև Նինոծմինդայից դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհին, որը բառիս բուն իմաստով անմխիթար, քարուքանդ վիճակում է։ Փաշինյանն այդ ճանապարհով մեկ անգամ որ անցնի, երևի երանի կտա Հայաստանի վատ ճանապարհներին։ Փոխարենը նա թերևս կհիանա Թբիլիսիից մինչև Նինոծմինդա ընկած ճանապարհով, որը վերջերս է կապիտալ նորոգվել։



Իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանն հագեցած օրակարգով հանդիպումներ է ունեցել Թբիլիսիում։ Փաշինյանի այցը աննախադեպ էր նրանով, որ նրան՝ որպես երկրի առաջին դեմքի, վրացահայությունն ընդունել է մեծ ոգևորությամբ։ Ջերմ և անկեղծ է եղել նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումը։ Համենայնդեպս, նախնական տպավորություններն այդպիսին են և հուսանք՝ ոչ խաբուսիկ։ Սերժ Սարգսյանի կամ ՀՀ նախկին վարչապետների այցերը Վրաստան հիմնականում անցել են կենացային մակարդակի ձևական հայտարարություններով, թե որքան դարավոր ու բարեկամական են հայ-վրացական հարաբերությունները։ Իսկ այս հանդիպումը տպավորվեց երկու երկրների վարչապետների կողմից միմյանց հանդեպ հիրավի անկեղծ ու բարեկամական ջերմությամբ։ Դրա գրավականներից մեկն էլ այն էր, որ Կվիրիկաշվիլին իր ելույթում մի պահ Փաշինյանին դիմեց անվանապես՝ «Ես ու Նիկոլը․․․»։ Սա իրար առաջին անգամ ճանաչող պաշտոնյաների պարագայում ներկաների կողմից դիտվել է որպես միմյանց հանդեպ փոխադարձ վստահություն նշանակող մտերիմների շփում։ Կվիրիկաշվիլին նաև մի կարևոր միտք է հայտնել Փաշինյանի հետ հանդիպմանը, որը չկար պաշտոնական հաղորդագրություններում․ «Մենք իրար հետ ամբիցիոզ ծրագրեր իրականացնելու նպատակներ ունենք»։



Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ միջոցառումների, նաև մի կարևոր միջոցառման է մասնակցել՝ Թբիլիսիում ՀՀ առաջին հանրապետությանը նվիրված հուշատախտակի բացմանը։ Հուշատախտակի բացման նախաձեռնությունը Վրաստանում հայազգի գործարար Ռաֆիկ Աղաջանյանինն է, ով դեռ մեկ տարի առաջ էր պատրաստել այս հուշատախտակն ու կազմակերպել, որ տեղի ունենա դրա բացումը։ Բայց հայկական դիվանագիտական կորպուսի կողմից հարուցված ինչ-ինչ անհասկանալի խոչընդոտների պատճառով այն չկայացավ։ [Մենք այս մասին գրել էինք դեռ անցյալ տարվա սեպտեմբերին](https://www.hraparak.am/posts/59f91a5ec30db40b2cb80efa/%D5%A3%D5%B6%D5%A1%D6%81%D5%A5%D5%AC-%D5%A7%D5%AB%D5%B6-%D5%AF%D5%A5%D5%B6%D5%A1%D6%81%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A1%D5%BD%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82), երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան։ Հենց այդ այցի ընթացքում էլ սպասվում էր, որ Բաբլոյանի մասնակցությամբ պետք է տեղի ունենար հուշատախտակի բացումը, բայց տեղի չունեցավ։ Դա կայացավ այսօր՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Հիշեցնենք, որ 1918 թվականի մայիսի 28-ին հենց Թիֆլիսում է ստորագրվել Հայաստանի առաջին հանրապետության հռչակագիրը։ Բացի Հայաստանից, նաև Ադրբեջանն ու Վրաստանն են իրենց անկախության հռչակագիրը ստորագրել այստեղ, և նրանք վաղուց արդեն ունեն դրա այդ մասին վկայող հուշատախտակներ։ Այսօր դրանց կողքին ավելացավ նաև Հայաստանինը։



Նկատենք, որ ՀՀ վարչապետի այցին ու Վրաստանում նրա հանդեպ ցուցաբերած ջերմ ընդունելությանն արդեն իսկ խանդով են նայում հարևան Ադրբեջանում, ինչի ազդակներն արդեն զգացվում են։



Մայիսի 31-ին, մինչև Ջավախք մեկնելը, Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում կմասնակցի Հայաստանում և Վրաստանում գործունեություն ծավալող հայ գործարարների հետ ճաշին, որից հետո նոր կմեկնի Ախալքալաք։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**