«Արարատյան բակալավրիատ» ծրագիրն ուսումնասիրելու խնդիր իսկապես կա

«Արարատյան բակալավրիատ» ծրագիրն ուսումնասիրելու խնդիր իսկապես կա
Կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը միակն էր վերջին նախարարներից, որ հենց սկզբից գլխի ընկավ՝ կարելի է գոնե ստուգումներ անցկացնել «Այբ»-ի մոգոնած կրթության գերազանցության ծրագրում ու հասկանալ, թե ինչի համար են բյուջեից հարյուրավոր միլիոններ տրամադրվել դրա համար։ Խոսքն «Այբ» հիմնադրամի ղեկավարների, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանի ակտիվ ջանքերով ներդրված մի անհասկանալի ծրագրի մասին է, որը կոչվում է կրթության գերազանցության ծրագիր, եւ այն դրա հեղինակներն անվանել են «Արարատյան բակալավրիատ», եւ որի մասին մենք անցյալում բազմիցս գրել ենք։ Այն առանց մրցույթի, առանց լայն շրջանակների հետ քննարկման ընդունված ու բազմաթիվ քննադատությունների արժանացած ծրագիր է, որը, եթե կարճ ձեւակերպենք, բյուջեից տրամադրված փողերի հաշվին պիտի Հայաստանի դպրոցներում տարածի «Այբ»-ի «ուսմունքը»։ Սակայն առայսօր որեւէ մեկը դրա ռազմավարական նշանակությունը դեռ համոզիչ չի հիմնավորել։ Այս ծրագրի ներդրումը սկսվել է ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի ժամանակ, որի զավակները սովորում են «Այբ»-ում, բնականաբար՝ Սերժ Սարգսյանի «դաբրոյով», քանի որ ծրագրի ետեւում ՀՀ նախագահի խորհրդական, «բիզնես-հոգեւորական», «Այբ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանն է կանգնած։



Արայիկ Հարությունյանն օրեր առաջ իր գրառմամբ իրական փոթորիկ բարձրացրեց դաշտում, երբ հայտարարեց, որ հանձնարարել է «Արարատյան բակալավրիատի» ֆինանսական աուդիտ անցկացնել՝ նշելով․ «Շարունակում եմ համարել, որ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է»։ Հետո էլ ավելացրել է․ «Կրթական օլիգարխը խուճապի մեջ է»։ Այս հայտարարություններին, բնականաբար, հետեւեց Տեր Մեսրոպի արձագանքը, եւ պատերազմ սկսվեց «Այբ»-ի  ու ԿԳ նախարարի «ֆանատների» միջեւ։ Իսկ դպրոցի հոգաբարձու եւ հովանավոր Դավիթ Յանը հայտարարեց, որ եթե նախարարը չվերանայի իր վերաբերմունքն «Այբ»-ի նկատմամբ, ինքը կհրաժարվի 40 միլիոնի ներդրում անելուց։



Մենք զրուցեցինք կրթության հարցերով փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանի հետ։ Նա ասաց, որ իսկապես այդ ծրագիրն ուսումնասիրելու խնդիր կա․ «Որովհետեւ ժամանակին որոշակի հարցադրումներ կային, թե ինչու ընտրվեց հենց էդ ծրագիրը, արդյոք դա՞ էր լավագույն տարբերակը։ Էս տեսակի քննարկումների պակաս կար։ Հիմա կարծում եմ, որ լավ կլինի՝ ֆինանսականից բացի նաեւ որոշակի ծրագրային քննարկումներ լինեն»։ Բայց Խաչատրյանը դեմ է նաեւ, որ անձնավորված գնահատականներ տրվեն, ճիշտ չի համարում սկսված ծրագիրն ամբողջությամբ փակելը։ «Պետք է նստել ու մտածել, թե ինչպես կարելի է էդ ծրագիրը համադրել այլ ծրագրերի հետ եւ նպաստել կրթության զարգացմանը։ Ես՝ ինքս, դեմ եմ գերազանցության կենտրոններին, բայց կողմ եմ գերազանցության համակարգին»,- ասաց նա՝ նկատելով, որ այս ծրագրին տարեկան պետք է հատկացվի մոտ 660 միլիոն դրամի գումար ու պարբերաբար, եւ այդ ծրագրով աշխատող ուսուցիչները պետք է բարձր աշխատավարձ ստանան։



Հիմա, եթե ստուգումներ անցկացվեն, ու պարզվի, որ այդ գումարները նպատակին չեն օգտագործվել, ու ծրագիրը չարժե այդ ծախսերին, դրանք պետք է հե՞տ վերադարձվեն բյուջե։ Խաչատրյանն ասաց․ «Դա արդեն չգիտեմ, եթե չարաշահումներ կան՝ հա, եթե չկան… մի բան կարող եմ հաստատ ասել, որ էդ ծրագրի շրջանակներում իսկապես ընտրվել են լավ ուսուցիչներ, մի 103 հոգի ընտրվել են, որոնց մեծ մասին ճանաչում եմ՝ նորմալ մարդիկ են ընտրվել։ Հիմա, եթե էս ծրագիրը ստոպ տանք, նաեւ էս խնդիրը կլինի, որ էդ մարդիկ մի տարի եկել են, եվրապատրաստվել են, եկել են ինչ-որ ակնկալիքով, հիմա եթե մենք իրենց ասենք՝ վեր կացեք գնացեք տուն, ճիշտ չի լինի»։



Կրթության ազգային ինստիտուտի հանրակրթության կառավարման եւ բովանդակային նորմատիվների մշակման բաժնի վարիչ Արմեն Հովսեփյանն էլ ասաց․ «Եթե մի բան մասնավոր բիզնես է, մասնավոր դպրոց է «Այբ»-ը, ինչքան գիտեմ, ես ինքս չեմ կարողանում հասկանալ՝ ինչ է նշանակում էդ բիզնեսը, որն արդեն իսկ հսկայական շահույթ ունի, ես ինչքան գիտեմ՝ 2 մլն դրամի կարգի նրանք տարեկան վարձ են վերցնում աշակերտներից, դա արդեն հսկայական միջոցներ են։ Եվ հետո, չեմ կարծում, որ կրթության բնագավառում որեւէ հաստատություն կարող է մի քանի տարում էնքան կայանա, որ ի վիճակի լինի իրականացնել նույնիսկ էն մակարդակի ծրագրեր, որոնց մասին էդպես գովազդում են»։



ՀԳ․ Հիշեցնենք, որ «Այբ»-ը եւ ԱԲ-ն տարբեր բաներ են։ «Այբ»-ը մասնավոր դպրոց է եւ գործում է ծնողների ու հովանավորների միջոցներով, այն պետական բյուջեից չի ֆինանսավորվում։ Իսկ ԱԲ-ն՝ Արարատյան բակալավրիատը, պետական ծրագիր է եւ ֆինանսավորվում է բյուջեից։ Զարմանալի է, որ Կրթության ինստիտուտի աշխատակիցը դրանք իրարից չի զանազանում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**