Սակագներին կարող են անդրադառնալ օգոստոսի 1-ից հետո միայն

Սակագներին կարող են անդրադառնալ օգոստոսի 1-ից հետո միայն
Պարզ է, որ ժողովրդի աջակցությամբ եկած իշխանությունը պետք է փորձի բարելավել ժողովրդի կենսամակարդակը եւ առաջին հերթին նրա ապրելակերպում կտրուկ փոփոխություններ ապահովի, մանավանդ՝ ընտրությունները սարերի ետեւում չեն, 50+1 տոկոս ստանալու համար պետք է ապացուցել, որ էականորեն տարբերվում են նախորդներից եւ հոգում ժողովրդի համար։ Դա է պատճառը, որ առաջին քայլերից մեկը, որ մտադիր է անել Փաշինյանի կառավարությունը, գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների վերանայումն է։



Մենք տեղեկացանք, որ այս ուղղությամբ որոշակի քայլեր արվել են, մասնավորապես՝ նոր կառավարությունը փորձել է հասկանալ, թե ինչ կարելի է անել սակագներն իջեցնելու ուղղությամբ, եւ կապվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։ Հանձնաժողովի նախագահ **Ռոբերտ Նազարյանը** երեկ մեզ ասաց, որ այսօր երեկոյան քննարկում է կայանալու էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի հետ: Թեման գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր իջեցման հարցերն են։



«Քննարկումները կսկսենք, կհասկանանք՝ ինչ ունենք, ինչ հնարավորություն կա, որից հետո նոր կկարողանանք էդ մասին բարձրաձայնել»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահը։ Նա չցանկացավ առանց քննարկումների որոշակի հստակ բան ասել՝ հիշեցնելով, որ սակագների փոփոխության համար պետք է վերլուծություններ իրականացվեն բազմագործոն ու բազմավեկտոր հազար ու մի բաղադրիչներով։ «Գազի գինը, իհարկե, հիմնական խոշոր բաղադրիչն է։ Եթե Ձեզ էդ թեման հետաքրքիր է, ես Ձեզ հրավիրում եմ ինձ մոտ՝ էդ քննարկումը կազմակերպենք»,- ասաց Նազարյանը։



Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությանը, Նազարյանն ասաց, որ դրա համար իրենք պետք է ունենան տվյալ ֆինանսական տարվա հաշվեկշիռը։ «Հաշվեկշիռ՝ նշանակում է ունենալ բոլոր էդ արտադրող կայանների հնարավոր մաքսիմալ արտադրանքը, որ կարող է ամենաէժանն են, որ վերջում նոր պակասը լրացնենք եզրափակող էլեկտրաէներգիա արտադրող կայաններով։ Որից հետո դոլար-դրամ փոխարժեքը պետք է գնահատենք՝ ինչ ունեինք մեր էսօրվա սակագնով, ինչ ունենք վերանայման ժամանակ։ Երրորդը․ այն բոլոր ներդրումները, որ կատարվել են ընթացիկ տարվա ընթացքում, ինչ ծավալի են, գնահատել՝ որ մասն է ընդունվում, որ մասը չի ընդունվում։ Չորրորդը․ ատոմակայանը հունիսի 1-ից կանգնում է վերազինման, վերանորոգման, պետք է էդ գրաֆիկները հստակ պահպանվեն։ Եվ էլի շատ ծախսային հոդվածներ»։



Հարցին՝ վարչապետից հստակ հանձնարարական եղե՞լ է ակագների փոփոխության վերաբերյալ, ՀԾԿՀ նախագահն ասաց․ «Ինձ չի եղել վարչապետի կողմից հանձնարարական, բայց ինչքան գիտեմ, ենթադրում եմ՝ նախարարին է եղել»։



Քննարկումն առայժմ կլինի միայն էներգետիկայի նախարարության ու ՀԾԿՀ-ի մասնակցությամբ, բայց Նազարյանն ասաց, որ հետագայում, երբ փորձեն իրենց գնահատականները տալ, անհրաժեշտության դեպքում կհրավիրեն նաեւ շուկայում գործող բոլոր լիցենզավորված ընկերություններին։



Այս ամենով հանդերձ՝ Ռոբերտ Նազարյանը նաեւ հիշեցրեց «Էներգետիկայի մասին» օրենքը, որի համաձայն՝ սակագները կարող են վերանայվել նախորդ վերանայումից ոչ շուտ, քան վեց ամիս հետո․ «Այսինքն՝ մենք լավագույն դեպքում, եթե նույնիսկ դրական ինչ-որ բաներ ունենանք, ինչ-որ ազդակներ վերանայելու՝ դրական, թե բացասական, օգոստոսի 1-ից շուտ չենք կարող վերանայել։ Էսօրվա գործող սակագները մենք ընդունել ենք անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին, ուժի մեջ է մտել էս տարվա փետրվարից, երբ իջեցրինք էլեկտրաէներգիայի սակագները»։



ՀԾԿՀ նախագահը, այդուհանդերձ, կարծում է, որ անգամ վեց ամիս անց էլ ճիշտ չէ վերանայելը, ցանկալի է սակագները վերանայել ֆինանսական տարվա վերջում․ «Որովհետեւ էլեկտրաէներգիայի սակագինը, եթե մենք առանձին նայենք, եւ հանկարծ պարզվի, որ գազի սակագին պիտի փոխվի տարվա վերջում, որովհետեւ գազի սակագները միշտ հունվարի 1-ից են փոխվում, հետո մենք էլի խնդիր կունենանք էդ վեց ամսվա սահմանափակման առումով եւ խնդիրներ կառաջացնենք մեզ մոտ»։



Ի դեպ, Ռոբերտ Նազարյանի՝ ՀԾԿՀ նախագահի պաշտոնից ազատման կամ հետագա պաշտոնավարման հարցը իշխանափոխությունից հետո չի քննարկվել ոչ միայն այն պատճառով, որ ՀԾԿՀ նախագահի պաշտոնն անկախ պաշտոն է եւ ընտրվում է խորհրդարանի կողմից, այլեւ թերեւս այն պատճառով, որ Նազարյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է մեկ ամսից՝ հուլիսի 1-ին։ Այսինքն՝ հուլիսից հետո նոր կերեւա՝ նոր իշխանությունը կգնա՞ փոփոխության նաեւ այս դաշտում, թե՞ ոչ։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**