Թափառող շներ են, հարբեցողներ ու մարմնավաճառներ

Թափառող շներ են, հարբեցողներ ու մարմնավաճառներ
Հարգելի **hraparak.am,** գրեթե ամեն օր Ձեր կայքի միջոցով եմ հետեւում Հայաստանում ծավալվող իրադարձություններին: Մի խնդրի մասին եմ ուզում բարձրաձայնել եւ որոշեցի դա անել Ձեր կայքի միջոցով:



Ես ապրում եմ ՍԲ Հովհաննես եկեղեցու հարեւանությամբ: 2013թ-ի հունվարին ՀՀ կառավարությունը Կոնդի ՍԲ Հովհաննես եկեղեցու հարակից տարածքը՝ 1005 քառակուսի մետր մակերեսով, 400 միլիոն դրամ արժեք ունեցող հողամասը նվիրաբերել է «Երեւան, իմ սեր» հիմնադրամին՝ իբր ինչ-որ հին պատմական շենք պետք է այդ տարածքում վերակառուցեն:



Անցել է ավելի քան 5 տարի, ու այդ տարածքն այդպես ամայի մնացել է: Չնայած տարածքը ցանկապատված է, բայց, այդուամենայնիվ, հատկապես երեկոյան ժամերին այդ տարածքի մոտով անցնել ուղղակի հնարավոր չէ, վախենալու է: Այնտեղ թափառող շներ են, հարբեցողներ ու նաեւ՝ մարմնավաճառներ: Ոչ միայն հարբեցողների եւ մարմնավաճառների ու նրանց հաճախորդների հայհոյանքներն ենք լսում ու նրանց միջև տեղի ունեցող վեճերը, այլեւ բազմաթիվ այլ ձայներ:



Այսինքն՝ նրանք բոլորն էլ կարողանում են անցնել ցանկապատից այն կողմ: Դիմել ենք Երեւանի քաղաքապետարան, սակայն մեզ ասացին, որ տարածքը անվարձահատույց կերպով նվիրաբերված է «Երեւան, իմ սեր» հիմնադրամին, ուստի հիմնադրամն է պատասխանատու՝ երբ կկառուցվի նախատեսված շինությունը, եւ հորդորեցին դիմել հիմնադրամին:



Հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանի հետ կապ հաստատել ուղղակի հնարավոր չէ: Երկու կայքի ենք դիմել ես եւ հարեւաններս, բայց լրագրողներն ասում են, որ երբ Արշակ Կարապետյանը լսում է, որ զանգահարողը լրագրող է կամ անջատում է հեռախոսը, կամ ասում՝ հիմա հարմար չէ, զանգեք մի փոքր ուշ: Երբ հետո նորից զանգում են՝ էլ չի պատասխանում զանգերին: Չգիտենք հիմնադրամն առհասարակ նորմալ աշխատակազմ ունի՞, թե չէ:



Խնդրում ենք բարձրաձայնել Ձեզ այս խնդրի մասին, գոնե Ձեր միջոցով հասանելի լինի մեր Ձայնը եւ խնդիրը լուծվի: Շնորհակալ եմ:



**Արեն Մալյան**