Նիկոլ Փաշինյանի քվեները գին ունեն․ ո՞րն է նրանց գինը

Նիկոլ Փաշինյանի քվեները գին ունեն․ ո՞րն է նրանց գինը
Ոգևորությունից անցնենք իրական դաշտ։



Նիկոլ Փաշինյանը վարչապետ է։



Ամենադժվարը նրա համար է ՝ դուրս գալ ոգևորության, ցույցերի լիցքավորման դաշտից ու լծվել գործի։ Ինչքան էլ ասենք, որ ինքը գիտի գործի ողջ լրջությունը, բարդությունը և կլուծի բոլոր խնդիրները, մակերեսային կլինի։



Սպասումների դաշտը ահռելի է։ Դա միայն իր շրջապատին չի վերաբերվում, շարժմանը մասնակցած յուրաքանչյուր անձ սպասելիք ունի։ Նույնքան սպասելիք, որքան Փաշինյանի թիմը, որքան նրան աջակցած քաղաքական ուժերը, որովհետև շարժման լոկոմոտիվը եղել է շարքային քաղաքացին։



Ամենադժվար ճակատը լինելու է այն, որ Փաշինյանը իրեն օժանդակած ուժերին պետք է «գոհացնի»։ Թող չթվա, որ Ծառուկյան դաշինքը կամ ՀՅԴ-ն միայն «ժողովրդի խաթեր է» ձայներ տվել Նիկոլին, քաղաքականությունը մնում է քաղաքականություն։ Սառը ու անէմոցիոնալ։ Յուրաքանչյուրին բաժին է հասնում իր տվածի չափով։ Քվեների «առյուծի բաժինը» Ծառուկյանինն է, ինչպե՞ս կարող է չպահանջել կառավարման «առյուծի բաժինը»։ ՀՅԴ-ն կողքից իր մասնաբաժինը կուզի։ ՀՀԿ օլիգարխներն ու գործարարները իրենց վճռական ձայներով ամբողջացրել են վարչապետի ընտրությունը։ Ու դրա փոխարեն բան չեն ուզում, որն ավելի վտանգավոր է։



Փաշինյանին ձայն է տվել ՀՀԿ-ի օլիգարխիան․ Փաշինյանը պատերա՞զմ կհայտարարի նրանց դեմ։



Մյուս, ավելի կարևոր կողմը՝ շարքային քաղաքացին է, ով ասում է՝ ես եմ հաղթել ու իմն է հաղթանակը։ Նման պարագայում վարչապետի կողմից յուրաքանչյուր նշանակմանը շատ բուռն է արձագանքելու։ Նա այդ շարժումն իր հաղթանակն է համարում, և իրոք այդպես է, ու պահանջատիրոջ դերում է լինելու, թե ինչպես են վերաբերվում իր հաղթանակի հետ։



Այդ վտանգը զգում է Նիկոլ Փաշինյանը ու հենց դրա համար էլ հայտարարում, որ իր ղեկավարած կառավարությունում օլիգարխներ չեն լինելու ու ինքն ամեն ինչ անելու է բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու համար։



Բայց փաստ արձանագրենք․



Գագիկ Ծառուկյանը պնդում է, որ չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից․



«Ծառուկյանը երբեք ու երբեք քաղաքականությունը չի ծառայեցրել, չի համարել իր համար բիզնես, և քաղաքականությունով չի զբաղվում, որ կարողանա իր բիզնեսը ավելի զարգանա, բարգավաճի: Ծառուկյանը միշտ էլ, հակառակը, պիտանի է եղել հնարավորություն ու պայման ստեղծելու, որ կարողանանք մեր նպատակներին հասնել»։ Փաշինյանը ընդդիմանալու՞ է նրան, թե համաձայնվելու է, որ նա և՛ քաղաքականությամբ, և՛ բիզնեսով զբաղվի։ Ընդդիմանալու՞ է այն մարդուն, ով հանրության մեծ մասի կուռքն էր, ականատես ենք եղել, չժխտենք, ով եթե երկու հանրահավաք անի՝ փողոցները լցնելու է «իր համակիրներով»։



Նիկոլ Փաշինյանի քվեները գին ունեն․ ո՞րն է նրանց գինը․ այսօր արդեն հայտարարությունների տեսքով, վաղը ականատես կլինենք ավելի շոշափելի ամրագրումների։ Քաղաքական ճգնաժամից դուրս գալու գինն այլ է՝ զիջումների տեսքով, իսկ բուն քաղաքականության գինը՝ այլ․․․



Մի կողմում Փաշինյանին օժանդակած քաղաքական ուժերն են, մյուս կողմում շարժումը։ Ցավալին այն է՝ որ կողմն էլ Փաշինյանը թեքվի, կշռաքարերը չեն հավասարակշռելու․․․



Դժվար է լինելու։ Առաջ Աստված։ Լավը մտածենք, ինչպես ժողովուրդն է ասում․ չմոռանալով, որ քաղաքական զարգացումները առջևում են։



Հասմիկ Բաբաջանյան