Հեղափոխակա՞ն է, թե՞ առիթն է օգտագործում․ ԵՊՀ-ում հերթական սկանդալն է հասունանում

Հեղափոխակա՞ն է, թե՞ առիթն է օգտագործում․ ԵՊՀ-ում հերթական սկանդալն է հասունանում
ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանի և ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության մեթոդական բաժնի վարիչ Մամիկոն Թոսունյանի միջև հեռակա բանավեճ է սկսվել։ Էմին-Տերյանը Թոսունյանին մեղադրում է ջենթլմենական պայմանավորվածությունը խախտելու ու գործից ազատման դիմում չգրելու մեջ, քանի որ, ինչպես Էմին- Տերյանն է պնդում, Թոսունյանը 2014 թվականից սկսած ԵՊՀ-ում որևէ էական աշխատանք չի կատարել, ուստի պետք է հեռանա։ Մինչդեռ Թոսունյանն էլ հանդես է գալիս հեղափոխականի դիրքերից։



«Երբ ես ընդունվեցի ԵՊՀ-ում աշխատանքի, իմ գլխավորած վարչությունում աշխատում էր 30 հոգի, որոնց մի փոքր մասն ընդհանրապես գործի չէր գալիս, իսկ մի մեծ մասը չգիտեր, թե աշխատանքային ինչ պարտականություններ ունի: Դրանցից մեկը Մամիկոն Թոսունյանն էր: Առաջին իսկ ժողովի ժամանակ սույն երիտասարդը, որը զբաղեցնում էր Մեթոդական բաժնի վարիչի պաշտոնը և ստանում էր նորմալ աշխատավարձ, խոստովանեց, որ 2014 թվականից առ այսօր ՈՉԻՆՉ չի արել: Ինձ խնդրեց, որ մինչև ապրիլի 15-ը իրեն աշխատանքից չազատեմ, որովհետև իրեն աշխատանք էին խոստացել ՀՀ վարչապետի՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմում, և լավ կլինի, որ ոչ թե գործազուրկի կարգավիճակով անցնի նոր գործին, այլ դա դիտվի որպես տեղափոխություն: Մենք ջենթլմենական պայմանավորվածության եկանք, որ ինքը աշխատանքի չի գալիս, բայց ապրիլի 15-ին դիմում է գրում ու դուրս է գալիս: Տեսնելով, որ Մամիկոնից ձեն-ծպտուն չկա, տասն օր անց զանգեցի նրան, չվերցրեց, ապա Ֆեյսբուքով գրեցի, չպատասխանեց (կարող եմ սքրինշոթը դնել): Այսօր պատահաբար հայտնաբերեցի, որ ինքն իմ ընկերների ցանկում այլևս չկա և դարձել է «հայտնի հեղափոխական»՝ ցանկանալով օգտվել նոր իրավիճակից...»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Գևոր Էմին-Տերյանը։



ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակին դարձյալ իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է Մամիկոն Թոսունյանը՝ տեղադրելով տեսանյութ, որտեղ նա անդրադառնում է նաև ռեկտոր Արամ Սիմոնյանին ու ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանին․ «Համալսարանը ինձ համար ազատ մտքի, ազատ կամքի, ազատ արարող մարդկանց մտքի վայր ա։ Հիմիկվա մեր համալսարանը ցավոք սրտի նման չի այն համալսարանին, որը ես կուզենայի տեսնել, որը ես սիրում եմ և որը, որ ես կուզենայի տեսնել։ Ներկա ղեկավարությունը անում ա ամեն ինչ, որպեսզի անի հակառակը, որպեսզի մերժվի լավը, մերժվի ազատը , մերժվի ինքնուրույն մտածողությունը։ Ներկայիս ռեկտորը չի կարող այլևս ղեկեվարել։ Ես չեմ ուզում իրավական գնահատական տալ, իրավապահ մարմինները ինքնուրույն կանեն՝ ինչքանով է նա պատասխանատու ներկա վիճակի համար։ Պարոն Սիմոնյան, դուք այսօր ամենալավը, որ կարող եք անել, հեռանալն է, պարզապես հեռանալ։ Դուք, Ձեր օգնականը, որը չարորակ ուռուցքի նման, համալսարանականները լավ գիտեն՝ Ղարիբյան Ալիկը, ոնց ա թալանում համալսարանը, և այդ թիմը թալանչիների։ Ազատ համալսարանում դուք այլևս տեղ չունեք։ Սա սիրո և հանդուրժողականության հեղափոխություն է, դրա համար ես պարզապես ձեզ ասում եմ՝ հեռացեք, ես ձեզ մերժում եմ։ Մի բան էլ ասեմ․ իմ անունը վատաբանում է համալսարանի ռեկտորի այսպես կոչված մամուլի խոսնակը, որին բերել է նույն այդ Ղարիբյան Ալիկը։ Նա հայտնի բանսարկու է, որպեսզի սրա-նրա գլխին սարքեն և գործ բարդեն։ Ինքը Շամշյանի կադրն է, ես չեմ կարող, բնականաբար, մրցել նրա հետ՝ գլխին սարքելու, սուտ լուրեր տարածելու։ Մի բան կարող եմ ասել՝ ձեր՝ բոլորի ժամանակը անցել ա, դուք՝ բոլորդ, մերժված եք։ Ժողովուրդ ջան , մի տարածեք լուրեր, որի մասին չգիտեք, էն մարդկանց ասածները, որոնք բանսարկու են, մի ընդունեք»,- իր տարածած տեսանյութում ասում է Մամիկոն Թոսունյանը՝ ցույց տալով լուսանկար, որտեղ Գևորգ էմին- Տերյանը պահում է ԵՊՀ ռեկտորի սենյակ տանող դուռը, երբ ցուցարարները՝ Փաշինյանի գլխավորությամբ, ցանկանում են ներս մտնել՝ ասելով՝ «Դուք այս մարդուն եք պաշտպանում»։



Թեմայի առնչությամբ պարզաբանում խնդրեցինք Գևորգ Էմին- Տերյանից։ Նա ևս մեկ անգամ հաստատեց իր կողմից հնչեցված այն միտքը, որ Թոսունյանը ԵՊՀ-ում աշխատելու տարիներին ոչնչով չի զբաղվել, հետո անդրադարձավ իր՝ Շամշյանի կադրը լինելու Թոսունյանի ձևակերպմանը․ « Ճիշտն ասած՝ չէի ուզում, որ այս թեման ծավալվեր, որովհետև Մամիկոն Թոսունյանի մասին այս ընթացքում որոշ պատմություններ իմացա, որոնցից բավական ազդվել եմ: Ինչ վերաբերում է ԵՊՀ-ից իր ազատվելուն, ապա այդ պատմության մասին մանրամասն գրել եմ ֆեյսբուքյան իմ էջում: Ինձ համար շատ ցավալի է, որ մարդը, ով ուսանողական տարիներից՝ 12 տարի աշխատել է ԵՊՀ-ում, աշխատավարձ ստացել և ըստ էության, ոչինչ չի արել, այժմ ներկայանալով իբր հեղափոխական, ցեխ է շպրտում ԵՊՀ-ի վրա: Շատ լավ հասկանում եմ, թե ովքեր են ոգևորում այս տղային, սակայն ուզում եմ ասել, որ ով-ով, բայց դուք հնարավոր ամեն ինչ ստացել եք համալսարանից, իսկ երախտամոռությունը շատ ծանր բեռ է: Ինչ վերաբերում է իմ հասցեին հնչեցված մեղադրանքներին, պետք է ասեմ, որ դրանք գնահատում եմ որպես ջղաձգում: Ես կոնկրետ գրել էի, որ մեղադրում եմ իրեն ստախոսության մեջ, ինչը տղան շատ ծանր է տարել և սկսել է տեսանյութեր հրապարակել՝ փորձելով վարկաբեկել ինձ: Դրա մի մասով ես անպայման դիմելու եմ դատարան, քանի որ Մամիկոնը վիրավորանք է հասցրել ինձ: Իսկ ինչ վերաբերում է իմ գործունեությանը, ես 2005 թվականից աշխատել եմ տարբեր լրատվամիջոցներում, մասնակից եմ եղել տարբեր լրատվական կայքերի հիմնադրմանն ու կայացմանը, որոնց թվում եղել է նաև shamshyan.com-ը: Պետք է նշեմ նաև, որ ես Գագիկ Շամշյանին շնորհակալ եմ, քանի որ նա է հովանավորել իմ ավելի քան 10 տարվա կատարած աշխատանքի՝ «Վահան Տերյան. անտիպ ու անհայտ էջեր» մենագրության հրատարակությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Գևոր Էմին- Տերյանը։



Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ են հիմա նկատում, որ Թոսունյանը անգործությամբ է զբաղված եղել, Էմին- Տերյանը պատասխանեց․ «Ես նոր եմ եկել ԵՊՀ։ Իրեն հարցրել եմ՝ քո բաժինը ինչով է զբաղվում, ասել է՝ սոցիոլոգիական հարցումներ ենք անում, ասել եմ՝ վերջին անգամ երբ եք արել, ասել է 2014-ին, հետո ասաց, որ ինքը կարողանում է հայեցակարգեր գրել, ասացի՝ մեզ նման բան պետք չի, խնդրեց, որ մինչև նոր գործի անցնելը դիմում չգրի, ընդառաջեցի. սա է պատմությունը»։



Հավելենք, որ Մամիկոն Թոսունյանից նույնպես ցանկացանք պարզաբանում ստանալ, սակայն նրա հեռախոսահամարը անհասանելի էր, իսկ մեր ֆեյսբուքյան նամակներին նա այդպես էլ չպատասխանեց։



_**Հ․Գ**__․ Hraparak.am-ը Մամիկոն Թոսունյանի պարզաբանումը կփորձի ներկայացնել առաջիկայում։_



**Կորյուն Սիմոնյան**



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/31955959_835642676646303_5632491794978570240_n.jpg?_nc_cat=0&_nc_eui2=v1%3AAeFghpjVwPwlpWccFByCUrtvu-n6KmNZa4PYnenc5e0hXpLe9LI4KgBHIIaaOfeE-U6iuY1MnCBMQYvc_8FNnhDwlCTBWtT1SWGmkFKiTRjGWw&oh=a29a1590967db55b8b75b0e094b42b52&oe=5B53DFC3)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/31543711_835642566646314_7997479673544048640_n.jpg?_nc_cat=0&_nc_eui2=v1%3AAeHupew1Wfl9sOYqFlKXcmz6r60cXRF3J83M3bIH5Zh9hpANLA5woRaK69x9RWms0fGHL_KoUVD8C7XGdUroA3iGKwvdiWMBE9Y2dL4O2tnxdg&oh=cfab6ac4568b1beb9c5919d57725fb17&oe=5B87A3A0)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-0/p200x200/31956913_835642843312953_3002733124078534656_n.png?_nc_cat=0&_nc_eui2=v1%3AAeFCL1lzg3JGxEzfANZz1aHSXyFZDcAkiFHnZ6JtEH1Q8_SNGuxHrAdBmrHaZrqcsQWXemtUyEbg9HwBs2rdGIeBooxzzygU65_7BLYNtf0DKA&oh=bec55a020f5e268d1d396fe4bb7a8686&oe=5B9662B4)