Կլիմայական փոփոխություններն էականորեն կազդեն Հունաստանի վրա

Կլիմայական փոփոխություններն էականորեն կազդեն Հունաստանի վրա
Կլիմայական գլոբալ փոփոխություններն իրենց անմիջական ազդեցությունն են թողնելու Հունաստանի վրա: Այս մասին հայտնում են Երկիր մոլորակի կլիմայով զբաղվող մասնագետները: Ըստ հաղորդման՝ Հունաստանի կլիման դառնալու է ավելի շոգ, տեղումներն ավելի սակավանալու են: Այս մասին հայտնում է АМНА-ն՝ վկայակոչելով Պատրիի համալսարանի ֆիզիկայի լաբորատորիայի մթնոլորտի ֆիզիկայի ուսումնասիրության կենտրոնի կատարած հետազոտությունների արդյունքները:



Ուսումնասիրության մեջ նաեւ նշվում է, որ Հունաստանին սպառնում է նաեւ ծովի մակարդակի բարձրացումը` 0,2-2 մետրի սահմաններում, ինչը պայմանավորված է այդ երկրի ափամերձ գոտւ մեծ ձգվածությամբ: Տեղումների նվազումն առաջիկայում կհասնի 5%-9%-ի, իսկ ջերմաստիճանն էլ կբարձրանա 3-4,5 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի սանդղակի:



Սրան զուգահեռ, կավելանան պասսատային քամիների ինտենսիվությունն ու արեգակնային ռադիացիան: Այս երկու բաղադրիչները կարող են դրական ազդել արեգակնային եւ քամու էներգիայի արտադրության ոլորտների վրա: Նշվում է նաեւ, որ կլիմայական փոփոխություններն իրենց հերթին կազդեն նաեւ մարդկանց առողջական վիճակի, բնության եւ կենդանական աշխարհի վրա: