Հույս ունեմ, որ համակարգը կդառնա Արմեն Սարգսյան

Հույս ունեմ, որ համակարգը կդառնա Արմեն Սարգսյան
Երեկ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը, որտեղ, ի թիվս պաշտոնատար եւ բարձրաստիճան անձանց, ներկա էին նաեւ արվեստի, մշակույթի մարդիկ։



Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ **Ժիրայր Դադասյանին** առաջին հերթին Արմեն Սարգսյանի անձն է տպավորել։ «Մեր առջեւ բավականին լուրջ նախագահ էր կանգնած, ես չեմ ասում, որ մեր մյուս նախագահները լուրջ չեն եղել, բայց, ի դեմս Արմեն Սարգսյանի, նոր ժամանակների, նոր մարտահրավերների նախագահն էր կանգնած։ Իմ մոտ այդ տպավորությունն էր, որովհետեւ, եթե մեր նախորդ նախագահների համար մարտահրավերը ներքին ճգնաժամային իրավիճակներն էին, ապա այսօրվա մարտահրավերն արդեն աշխարհն է։ Այդ իմաստով ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ մեր նոր նախագահը ոչ միայն այսօրվա, այլեւ ապագայի նախագահն է։ Ես մի քանի տեղ կարդացի իր մտքերը՝ երիտասարդների հետ աշխատելու մասին, եւ ասեմ, որ արդեն ընդհանրապես նոր եւ երիտասարդ երկրի մասին է խոսքը գնում։ Սա շատ կարեւոր է, մի բան, որ արդեն օրվա հրամայական է՝ թե՛ քաղաքականության, թե՛, առհասարակ, պետականաշինության իմաստով։ Շատ տպավորված եմ հենց այն կերպարով, որն ունի Արմեն Սարգսյանը՝ իբրեւ մտավորական, իբրեւ լայնախոհ եւ աշխարհին ծանոթ մի մարդ։ Այս առումով իմ տպավորությունները խիստ դրական են եւ մեծ հույսերով լեցուն»,-ասում է նա ու նկատում, որ անձնապես առիթ չի ունեցել նրա հետ շփվելու, բայց հեռակա ծանոթ է Արմեն Սարգսյանի գործունեությանը։



Գաղտնիք չէ, որ երբեմն համակարգն ավելի ուժեղ է գտնվում, քան անհատը, այս իմաստով Արմեն Սարգսյանը որքանո՞վ կկարողանա իր կերպարով ավելի վեր գտնվել եւ պայքարել իր իսկ ելույթում մատնանշած կոռուպցիայի, անարդարությունների դեմ։ «Ես հույս ունեմ, որ համակարգը կդառնա Արմեն Սարգսյան, եւ ավելի քան վստահ եմ, որ լուրջ քայլեր այդ ուղղությամբ կտարվեն։ Առհասարակ, երբ խոսում ենք համակարգի մասին, պետք է համակարգային մոտենալ հարցին, որովհետեւ մեր խնդիրները միայն կոռուպցիայով չեն սկսվում եւ ավարտվում։ Խնդիրը նաեւ սոցիալական արդարության, հավասարության մասին է։ Կուզեմ Ֆրասիական մեծ հեղափոխության ֆրազներն իրականանան, եւ մենք, ի վերջո, դառնանք եղբայրներ, լինենք հավասար ու ազատ»։



Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր **Դավիթ Մուրադյանը** հնարավորություն է ունեցել հանդիպելու Արմեն Սարգսյանի հետ դեռեւս հանրապետության նախագահ ընտրվելուց առաջ՝ Գյումրիում, երբ արդեն շրջանառվում էր նրա թեկնածությունը․ «Պարոն Սարգսյանն այցելել էր Գյումրի, այդ թվում՝ ծանոթանալու կրթական համակարգին, եւ պետք է ասեմ, որ արդեն առաջին զրույցը բավականին լուրջ տպավորություն թողեց, որովհետեւ պարոն Սարգսյանը շատ կարեւորում է «ինտելեկտուալ Հայաստան» գաղափարը, ինչն անձամբ ինձ հոգեհարազատ է, որովհետեւ երկիրն առաջ է գնում եւ ինքն իրեն գտնում ոչ միայն տնտեսական բաղադրիչով, այլեւ՝ մտավոր։ Եվ Արմեն Սարգսյանի այդ աշխարհայացքային համոզմունքը, որ մենք տնտեսապես զարգացած Հայաստանի հետ մեկտեղ պետք է ունենանք մտավոր ներուժի Հայաստան, կարծում եմ՝ լուրջ հիմք է երկրի ապագա կառուցելու համար»։



Մուրադյանը կարծում է, որ Արմեն Սարգսյանի ելույթը բոլորի վրա է լավ տպավորություն թողել․ «Ընդգրկուն ելույթ էր՝ Հայաստանի տեսլականն ունեցող մարդու։ Այնպես որ՝ անձամբ ես լավ եմ զգում ինձ այդպես մտածող նախագահի առկայությամբ։ Պարոն Սարգսյանը ժառանգում է մի պետություն, որտեղ ապագա Հայաստանի համար հիմքեր դրված են, իրոք որ՝ մենք մտնում ենք այս նոր փուլը՝ Արեւելք եւ Արեւմուտք քաղաքական հավասարակշռության պայմաններում, նկատի ունեմ մի կողմից Եվրասիական միությունը, մյուս կողմից՝ եվրոպական պայմանագիրը, որը համապատասխանում է Հայաստանի օրգանական բնույթին։ Ինձ շատ դուր եկավ նորընտիր նախագահի այն շեշտադրումը, որ այսօրվա եւ ապագա Հայաստանն առանց զարգացած կրթության եւ մշակույթի չի կարող լիարժեք մրցակցության մեջ մտնել շրջապատող աշխարհի հետ։ Ինձ համար շատ էական է հատկապես մշակույթի եւ կրթության մեջ ներդրումների գաղափարը եւ հատուկ պետական քաղաքականությունը, որովհետեւ մենք չենք կարող այդ երկու ասպարեզները զարգացնել սոսկ շուկայի տրամաբանությամբ։ Սովորաբար, շուկան ենթարկեցնում է իրեն, մինչդեռ այս երկու ասպարեզները մի քիչ ավելին են, քան շուկան, դրանք պահանջում են հատուկ մոտեցում՝ չբացառելով նաեւ շուկա ասվածը։ Սակայն առաջնորդող գաղափար ունենալով, իսկ առաջնորդող գաղափարը պետական աջակցության շնորհիվ է կայանում, երբ պետությունը գիտակցում է իր առաջնահերթությունները եւ, ըստ դրա, այս կամ այն բնագավառը զարգացնում»։



Հ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղղեկավար, բեմադրիչ **Ռուբեն Բաբայանն** առանձնացնում է մի քանի բան, որն իրեն դուր եկավ երդմնակալության արարողության ժամանակ։ Նա Արմեն Սարգսյանի ելույթի մեջ, մասնավորապես, ընդգծում է այն պահը, երբ նա նշել է ՀՀ 3 նախագահների անունները։ «Կարծում եմ, որ սա քաղաքակրթական տեսանկյունից շատ ճիշտ մոտեցում է։ Նաեւ այն, որ ինքը Լեռնային Ղարաբաղի պրոբլեմը տեսավ քաղաքակրթական համաշխարհային զարգացող ընթացքների մեջ եւ



Հայաստանը չառանձնացրեց, այլ համարեց, որ Հայաստանը եւս մի ժողովուրդ է, որը հավասարը հավասարի հետ պետք է ապրի այս աշխարհում։ Սա, կարծում եմ, եւս շատ կարեւոր է։ Մնացած բոլոր ուղերձներն էլ շատ ողջունելի են, բայց, կարծում եմ, շատ ավելի ողջունելի կլինի, երբ մենք դրանք հետագայում տեսնենք արդեն գործնական ոլորտում, թե ինչպես է այդ ամեն ինչն իրականանում։ Շատ կարեւոր մի հանգամանք կա, սա նաեւ որպես մանկավարժ եմ ասում, դա սեփական կեցվածքով, կրթական, ինտելեկտուալ մակարդակով հանդես գալն է, որովհետեւ գործնական լծակների պակասությունը, որոնց մասին անընդհատ խոսվում է, կարծում եմ՝ շատ հանգիստ կարող է փոխարինվել այդ անձնական օրինակով։ Կապրենք՝ կտեսնենք։ Ամեն դեպքում՝ տպավորությունս կոնկրետ ելույթից շատ դրական է, բայց ես ավելի շատ ուրախություն եմ ապրում, երբ տեսնում եմ գործնական քայլեր։ Հասկանում եմ նաեւ, որ դեռ շուտ է, Աստված տա, բոլոր այն ուղղությունները, որ այսօր հնչեցին, գործ դառնան»,- ասում է Բաբայանն ու նշում, որ մեկ ամիս առաջ Գյումրիում առիթ է ունեցել Արմեն Սարգսյանի հետ շփվել, լսել նրան, տեսնել նրա շփումները մարդկանց հետ․ «Ինչն է ինձ դուր գալիս․ որ նա տարբերություն չի դնում մարդկանց մեջ։ Սա ինձ համար շատ կարեւոր է, որովհետեւ սա նշանակում է, որ նա կամուրջներ է ստեղծելու հասարակության տարբեր շերտերի մեջ։ Մենք կամուրջներ այրողներ շատ ունենք բոլոր կողմերից, իսկ կամուրջներ կառուցողները քիչ են։ Ես կառուցողների կողմնակիցներից եմ, եւ եթե առիթ լինի ինչ-որ բան օժանդակելու, մեծ հաճույքով պատրաստ եմ, որովհետեւ երկխոսությունից ավելի ճիշտ բան չկա։ Երբ համարում ես, որ միայն դու ես ճիշտ, դա փակուղի տանող ճանապարհ է, ճշմարտությունը ծնվում է միշտ վեճի մեջ։ Մենք հաճախակի «երկխոսություն» ասելով պատկերացնում ենք, որ երկու կողմն էլ խոսում է, իրականում երկխոսությունն այն է, որ երկու կողմն էլ կարողանում է լսել»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**