Քրեական մեղադրանք՝ ֆեյսբուքի պառոլը փոխելու համար

Քրեական մեղադրանք՝ ֆեյսբուքի պառոլը փոխելու համար
Քննչական կոմիտեն հավանաբար պարապ է մնացել՝ սկսել է ֆեյսբուքի օգտատերերի մեջ հանցագործներ փնտրել։ Այսօր հաղորդագրություն ստացանք, որ քրեական գործ են հարուցել եւ հոդված դրել մի 22- ամյա արարատցի աղջկա վրա։ Իսկ նրա կատարած լուրջ հանցանքն այն է, որ նա մուտք է գործել ուրիշ ֆեյսբուքյան էջն ու փոխել պառոլը։



Այդ «ուրիշն» էլ պարզվում է իր ընկերոջ մայրն է, ով հավանաբար դեմ է եղել տղայի ընկերությանը եւ որոշել է աղջկան պատժել։ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ասված է․ «Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի որդու ընկերուհին է՝ ծնված 1996թ.: Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 22-ամյա աղջիկը մի քանի անգամ ապօրինի մուտք է գործել իր ընկերոջ մոր՝ «ֆեյսբուք» սոցիալական ցանցում գտնվող անհատական էջ և փոխել նշված էջի գաղտնաբառը՝կնոջը զրկելով այն օգտագործելու հնարավորությունից։ Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 22-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդհոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»:



Իսկ Քրեական օրենսգրքի 254 հոդվածը՝ Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը ասում է․ 1. Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը կամ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: