Կրակն էին ընկել բոլորը՝ «Սասնա ծռերն» ու փաստաբանները, դատավորն ու դատախազները

Կրակն էին ընկել բոլորը՝ «Սասնա ծռերն» ու փաստաբանները, դատավորն ու դատախազները
«Սասնա ծռերի» 11 անդամների գործով այսօրվա նիստին հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել։ Դատարանը նախորդ նիստից անցել է գրավոր ապացույցների հետազոտման փուլին, փուլ, որը իր բովանդակությամբ չի հետաքրքրում ոչ մեկին՝ ամբաստանյալներին, ԶԼՄ-ներկայացուցիչներին, փաստաբաններին, դատավորին, անգամ՝ մեղադրողներին, որոնք հազիվհազ, շունչները կտրելով քթի տակ անվերջ կարդում են ու կարդում։ Այդպես, դեռ 70 հատոր պետք է կարդան, որն, ըստ ամենայնի, ամիսներ կարող է տեւել։



Այսօրվա նիստին, մինչ դատախազներ Հակոբ Ենոքյանն եւ Արթուր Չախոյանը միմյանց էին փոխանցում հաստափոր հատորները, «Սասնա ծռերի» անդամները հարմար տեղավորվել էին, նստարանից նստարան էին տեղափոխվում ու զրույց անում, իսկ նախագահող դատավոր Արթուր Օհանյանը՝ թիկնած աթոռին մեկ ժպտում էր ամբաստանյալներին, մեկ էլ խորասուզվում մտքերի մեջ։



Արձանագրենք մի բան, որ այս փուլում ամենաշատը շահում են հենց ամբաստանյալները, նրանք հնարավորություն են ունենում միմյանց հետ շփվելու, ինչը չէին կարողանում անել դատական նիստի ժամանակ։



**Աննա Պապիկյան**