Մեղադրողը պատվեր ա կատարում. Սամվել Բաբայանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց (տեսանյութ)

Մեղադրողը պատվեր ա կատարում. Սամվել Բաբայանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց (տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր մեկնարկեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով առաջին նիստը:



Նիստի մեկնարկին երկար քննարկումներից հետո դատարանը որոշեց լրագրողներին թույլատրել տեսանկարահանել նիստը: Սամվել Բաբայանը նշեց, որ իր ինքնակենսագրական տվյալներում կան սխալներ. «Ես չորս հոդվածներով եմ դատվել, իսկ մնացած կոչումներից զրկվել, ամբողջը սուտ է»:



Ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանը նշեց, որ ինքը պաշտպան չունի, դատարանի հարցին՝ դա կապված է նյութական միջոցների հետ, ամբաստանյալը պատասխանեց՝ ոչ, ինչ եմ արել, որ ինձ էլ պաշտպանեն:



Սամվել Բաբայանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող Արամ Արամյանին՝ նշելով, որ դատախազը պատվեր է կատարում. «Ես դեմ եմ, որ պետական մեղադրողը ինքը լինի: Ինքը պատվեր ա կատարում»:



Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն Բաբայանի խոսքին ավելացրեց. «Ես կամանդույուշչիին պաձեռժիվայու, ինքը պատվեր ա կատարում»:



Դատախազը նշեց, որ բացարկն անհիմն է, զուրկ է իրավական հիմնավորումներից:



Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։



Հիշեցնենք, որ Առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել, որ նա մի խումբ անձանց դրդել է ձեռք բերել, պահել, փոխադրել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացած եվրո թղթադրամներ:



Բաբայանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Վերաքննիչ դատարանում բողոքարկվում է Առաջին ատյանի դատավճիռը։



**Աննա Պապիկյան**