Գյուղացիները փակել են Մղարթ տանող գլխավոր ճանապարհը

Գյուղացիները փակել են Մղարթ տանող գլխավոր ճանապարհը
Մամուլում տեղեկություն է տարածվել, թե Լոռու մարզի Մղարթ, Արդվի եւ հարակից գյուղերի բնակիչները փակել են Մղարթ տանող գլխավոր ճանապարհը՝ «Միռամ» -ի ներկայացուցիչներին թույլ չտալու մտնել գյուղ։ Բանն այն է, որ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Լոռու մարզի Մղարթ համայնքում նախատեսված էր «Միռամ» ընկերության կողմից Շեկաղբյուրի բազմամետաղային հանքերեւակման երկրորդ հանրային լսումները։ «Միռամ» ընկերության մասով, որը Օձունում ներառված Արդվիի տարածքներում գտնվող Շեկաղբյուրի ոսկու պաշարների նկատմամբ հավակնություններ ունի, սեպտեմբերին անցկացվել էին լսումներ` ոսկու հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նախագծի վերաբերյալ:



Ավելի վաղ Արդվի համայնքի ավագանին ընկերության հայտը մերժել էր՝ հաշվի առնելով ժողովրդի կարծիքը: Մենք կապ հաստատեցինք Արդվին համայնքի ղեկավար Սամվել Կիրակոսյանի հետ՝ գյուղացիների վերոնշյալ քայլի վերաբերյալ մանրամասներ իմանալու համար։ Սակայն մեզ հետ զրույցում Սամվել Կիրակոսյանը նշեց, որ տեղյակ չէ ոչ մի բանից, քանի որ այսօր աշխատանքի չի գնացել՝ հարգելի պատճառներով։ Փորձեցինք կապ հաստատել նաև Մղարթ համայնքի ղեկավար Երվանդ Նավասարդյանի հետ, որը, սակայն, հեռախոսազանգերին չպատասխանեց։



Լուսանկարը՝ News.am-ի