Մանդարինը, Ջիվանին եւ բենզինի մենաշնորհը

Մանդարինը, Ջիվանին եւ բենզինի մենաշնորհը
ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելքի» նախաձեռնությունը երեկ արդեն որերորդ անգամ քննարկվեց Ազգային ժողովում, այս անգամ՝ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում։ Մի անգամ էլ կրկներգի տեսքով կհնչի արդեն լիագումար նիստում, և սրանով կավարտվեն ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին խոսակցությունները։ «Ելքն» էլ իր պարտքը՝ ժողովրդի առաջ, կհամարի այս մասով կատարած։



Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու թեմայով «Ելքի» նախաձեռնությամբ խորհրդարանական լսումներ տեղի ունեցան։ Երեկ էլ ԱԺ Արտաքին հարաբերությունների նիստում քննարկվեց հարցը, որպեսզի որոշվի՝ դրակա՞ն, թե՞ բացասական եզրակացությամբ պետք է այն մտնի ԱԺ նիստերի օրակարգ։ Նախ խոսեց հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը, ով կրկին հիշեցրեց, թե ինչքան վատն է ԵԱՏՄ-ն, ինչքան է տուժել Հայաստանն այս միությանն անդամակցելով և ինչու պետք է այստեղից դուրս գալ։ Հետո սկսեցին նրան հարցեր տալ։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը կիսահռետորական հարց հնչեցրեց՝ ինչու՞ հարցը չի դրվում ԱՊՀ-ից դուրս գալու, ՀԱՊԿ-ից դուրս գալու։



«Երբ որ մենք կունենանք ինչ-որ այլ անվտանգային համակարգ՝ որպես այլընտրանք առաջարկելու ՀԱՊԿ-ին, և ՀԱՊԿ-ը մեզ կխանգարի դրան անդամակցել, մենք կքննարկենք այդ հարցը։ Իսկ ԱՊՀ-ի հետ կապված՝ դա մեզ չի խանգարում այլ երկրների հետ տնտեսական գործունեություն ծավալելու և չի ոտնահարում Հայաստանի շահերը»,-պատասխանեց Մարուքյանը։ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն էլ ասաց, որ ինքը կարծում է՝ ճիշտ կլիներ, որ սպասեինք, չշտապեինք, քանի որ Հայաստանը օրերս ԵՄ-ի հետ ստորագրեց նոր համաձայնագիր։ «Ծառուկյանականների» հարցադրումներից, սակայն, հստակ չէր հասկացվում՝ կո՞ղմ են, թե՞ դեմ դուրս գալուն։ Ավելի շատ դեմի էին ձգում, բայց տեղեր կար, որոնց հետ Արարատ Զուրաբյանն, օրինակ, համաձայն էր։ Հարցուպատասխաններից հետո սկսվեց ելույթների մասը։ Բնականաբար չէր կարող ելույթ չունենալ Արտաշես Գեղամյանը՝ ով հերթական անգամ Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի գովքն արեց ու նորից հիշեց իր հոդվածներն ու ելույթները, դեռ մի բան էլ առաջարկեց դրանց լինքերն ուղարկել, որ մանրամասն ծանոթանան։ «Ելքի» ներկայացուցիչներն անտարբեր հայացքներով սպասում էին՝ երբ պիտի ՀՀԿ-ի սիրելի Մամիկոնչինչ ավարտի իր ելույթը։ հետաքրքիր էր Դաշնակցության տեսակտը, որը ներկայացրեց ՀՅԴ խմբակցության ղելավար Արմեն Ռուստամյանը։ Նրա համար ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը խաղից դուրս վիճակում է հայտնվել, ուստիայս հարցի քննարկումն այսօր, հատկապես ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո, այլևս անիմաստ է քննարկելը։ Իսկ մինչ այդ նաբերեց նաև իր հակադարձումները «Ելքի» հիմնավորումներին․ «Նախ սոցիալ-տնտեսական առումով մենք ուղղակի պատճառահետևանքային կապ չենք տեսնում մատնանշվող խնդիրների և Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հետ։ Այսինքն՝ պնդել, որ սոցիալ-տնտեսական առումով Հայաստանը հետընթաց է ապրել ԵԱՏՄ-ին անդամակցության առումով, դա խիստ վիճելի է և այն հիմնավորումները, որ դրվում են դրա տակ, համոզիչ չեն»։



Ի տարբերություն «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների՝ Ռուստամյանի խոսքից ակնհայտ էր, որ ՀՅԴ-ն, իր կալիցիոն գործընկերոջ հետ միասին, դեմ է քվեարկելու նախագծին։ Ելույթ ունեցավ նաև «Ելք»խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով հենց սկզբից իրեն հատուկ ոճով դիմեց հեգնանքի ու հումորի «զորությանը»։ Նա նախ նկատեց, որ ԵԱՏՄ-ն շատերն ասոցացնում են Խորհրդային միության հետ։ Ու հիշեց ԽՄ տարիներին հայտնի ասացվածքներից մեկը․ «Չկա լիմոն, մանդարին, դատապարտեմ այսպիսի Նոր տարին»,-ասաց Փաշինյանը։ Նա հիշեց ՊԵԿ-ի արգելքը մանդարինի ներկրման մասով, ինչի մասին մենք գրել էինք օրերս, որ ՊԵԿ-ն, ԵԱՏՄ օրենսդրության պահանջներին համապատասխան, արգելել է 5 կգ-ից ավելի մանդարին և այլ սիտրուսային մրգեր ներկրել առանց ֆիտոսանիտարական և այլ սերտիֆիկատների։ Այս հանգամանքը Փաշինյանն օգտագործեց ընդդեմ ԵԱՏՄ-ի։ Ավելին, նա հիշեցրեց, որ եթե մինչև ԵԱՏՄ-ն Հայաստանում խոսվում էր միայն «Գազպրոմի» մենաշնորհի մասին, ապա ԵԱՏՄ մտնելուց հետո նաև բենզինի մենաշնորհ առաջացավ։ Ըստ Փաշինյանի՝ առաջ «Ֆլեշին» ու CPS-ին էինք մեղադրում վառելիքի մենաշնորհ ունենալու մեջ, հիմա իրենք են «Ռոսնեֆտի» պատճառով դարձել մենաշնորհի զոհ, քանի որ հիմա Հայաստան միայն «Ռոսնեֆտն» է բենզին ներկրում։ Փաշինյանի մանդարինի թեման աշխուժություն առաջացրեց ներկաների մոտ ու մուսաներ արթնացրեց։ Նրանից հետո ով ելույթ էր ունենում՝ Գեղամյան, Աշոտյան, Շիրակ Թորոսյան և այլք, կա՛մ մեջբերում էր անում տարբեր գրողներից, թևավոր խոսքերից, կամ մանդարինային մի բան էր ասում։ Օրինակ՝ Գեղամյանն էլ որոշեց իր գիտելիքները ցուցադրել ու Շիրակ Թորոսյանի «զեմլյակ» Ջիվանուն ցիտել։ Ելույթ ունեցավ նաև հարակից զեկուցող, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։ «Կարծում եմ, որ այս հարցը ոչ թե ժամանակավրեպ է, այլ այս հարցը Հայաստանի քաղաքական օրակարգում գոյություն չունի, քանի դեռ իշխանությունները մենք ենք, քանի իշխանության է ՀՀԿ-ն իր կոալիցիոն գործընկերոջ հետ, այն է՝ մինչև 2022 թվականը։



Սա ընդունեք որպես Հանրապետականի փոխնախագահի հայտարարություն»,-հարցի վերաբերյալ իր վերդիկտը հնչեցրեց ու «վետոն» դրեց Արմեն Աշոտյանը։ Տեղի ունեցավ քվեարկություն, որին «Ելքից» մասնակցության իրավունք ուներ միայն Արտակ Զեյնալյանը, քանի որ նա է այս հանձնաժողովի անդամ։ Ի դեպ, նիստից բացակայում էին երեք հոգի՝ Գալուստ Սահակյանը, Կարեն Բեքարյանն ու Վահե էնֆիաջյանը։ Քվեարկության ընթացքում մի պահ ձեռք բարձրացրեց նաև Էդմոն Մարուքյանը, ով հարցի հիմնական զեկուցողն էր։ Այստեղ Աշոտյանն «անձնուրացաբար» կանխեց «ընտրակեղծիքը»՝ նկատելով․ «Լցոնում եք անում, պարոն Մարուքյան»։ Ի վերջո, նախագծին կողմ քվեարկեց երկու պատգամավոր՝ Արտակ Զեյնալյանն ու «Ծառուկյան» դաշինքից Արարատ Զուրաբյանը։ Նա սկզբում ձեռնպահ էր քվեարկել, հետո խնդրեց փոխել իր քվեարկությունն ու ամրագրել, որ ինքը կողմ է։ Մյուսները դեմ էին։ Այդպիսով՝ «Ելքի» նախաձեռնած հարցն ստացավ հանձնաժողովի բացասական եզրակացությունը։ Այն կմտնի ԱԺ քառօրյա, սակայն կարճ կներկայացվի, չի քննարկվի՝ համաձայն նոր Սահմանադրության դեմոկրատական նորամուծության։ Սա առիթ հանդիսացավ, որ Աշոտյանը ևս մեկ անգամ Սահմանադրության գովքն անի ու հիշեցնի, թե ինչպիսի դեմոկրատական իշխանություն ու երկիր ունենք, որ ընդդիմությանը հնարավորություն են տալիս նախաձեռնությամբ հանդես գալ, հետո այդ հարցը դնել քննարկման, վերջում էլ բացասական եզրակացության դեպքում էլի մտցնել ԱԺ քառօրյա։ Մնում է հարցնել՝ մեջն ի՞նչ կա, եթե բացի մի երկու օրով հարցին հանրային հնչեղություն տալուց, այլ խնդիր դրանով չի լուծվում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**