Ինչպե՞ս է ԿԳՆ-ն զարգացնում հայագիտությունը

Ինչպե՞ս է ԿԳՆ-ն զարգացնում հայագիտությունը

Ռուսաց լեզվի համար հայեցակարգ մշակելով տոգորված կրթության եւ գիտության նախարարությանը դեռ մեկ ամիս առաջ հարցում էինք ուղարկել՝ իմանալու հայագիտությանը որքան գումար է հատկացվել պետբյուջեից, կոնկրետ ինչ ծրագրեր են ֆինանսավորվել հատկացված գումարով։ Գիտության մյուս ճյուղերի կողքին, որոնք ժամանակ առ ժամանակ ստանում են դրամաշնորհներ, գիտնականներն էլ տարբեր ծրագրերով մեկնում են արտերկիր, հայագիտությունը հայտնվել է աննախանձելի վիճակում։ 



Եվ ահա Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մեզ է ուղարկել հայագիտության ծախսային ծրագրերի մասին տեղեկանք՝ հընթացս նշելով, որ այն լիովին չի արտացոլում հայագիտության ոլորտի զարգացման նպատակով ՀՀ պետական բյուջեից ծախսվող գումարների չափը։ Տեղեկանքում նշված է 32 կազմակերպության անուն, որոնց ՀՀ 2017թ․ պետական բյուջեով նախատեսված, գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերի գծով կատարվող, հայագիտության զարգացմանն ուղղված ծախսային ծրագրերի մասին ամփոփ տվյալներ են մեզ տրամադրել։ Տեղեկանքում ներկայացված են տարբեր ՊՈԱԿ-ներին եւ հիմնադրամներին հատկացված գումարները՝ առանց հստակ հերթականության։
Ըստ այդ տեղեկանքի էլ՝ ԳԱԱ «Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին հատկացվել է 358664․0 հազար դրամ, ԳԱԱ «Պատմության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին՝ 151997․0 հազար դրամ, ԳԱԱ «Արեւելագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին՝ 99861․5 հազար դրամ, ԳԱԱ «Գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին՝ 61953․5 հազար դրամ, ԳԱԱ «Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ»-ին՝ 105887․7 հազար դրամ, ԳԱԱ «Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտ» ՊՈԱԿ-ին՝ 54930․8 հազար դրամ։ Սրանց հաջորդում են ԳԱԱ «Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ» ՊՈԱԿ-ը՝ (85493․2 հազար դրամ), ԳԱԱ «Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը՝ (61953․5 հազար դրամ), ԳԱԱ «Արվեստի ինստիտուտ» ՊՈԱԿ-ը (85983․6 հազար դրամ), ԳԱԱ «Շիրակի հայագիտական հետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ (30199․4 հազար դրամ), ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը՝ (12000․0 հազար դրամ), ԳԱԱ «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն» ՊՈԱԿ-ը՝ (29757․0 հազար դրամ), ԿԳՆ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամը` (137382․3 հազար դրամ), ԿԳՆ ԲՄԿ ՊՈՒՀ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը՝ (12926․7 հազար դրամ), ԿԳՆ Երեւանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ը՝ (82277․1 հազար դրամ), ԿԳՆ «Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ը՝ (11000․0 հազար դրամ)։



Քիչ գումարներ են հատկացվել ԿԳՆ «Հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ին, ԿԳՆ «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» հիմնադրամին, ԿԱ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին, Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոս Սոնա Հարությունյանին, (1200․0 հազարական դրամ), «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոն ՍՊԸ-ին (4820․0 հազար դրամ), Մշակույթի նախարարության «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ին՝ 5000․0 հազար դրամ։ Ծանոթանալով տեղեկանքին՝ հայտնաբերեցինք, որ գոյություն ունի նաեւ «Կովկաս-կասպյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտ» հիմնադրամ, որին հատկացվել է 5600․0 հազար դրամ։ ՄՆ «Երվանդ Քոչարի թանգարան» ՊՈԱԿ-ին էլ հատկացվել է 5680․0 հազար դրամ։ Պարզվում է, որ կա նաեւ «Մարդու ինստիտուտ» ՍՊԸ, որին էլ հատկացվել է 7500․0 հազար դրամ։ Թե ինչ կապ ունի վերոհիշյալ ՍՊԸ-ն գիտության, մասնավորապես՝ հայագիտության հետ, կամ ինչ կապ ունի, օրինակ, մեկ այլ ՍՊԸ՝ «Բարձր արվեստը», հայագիտության հետ, միգուցե հավելյալ պարզաբանում տան հենց կրթության եւ գիտության նախարարությունից։ Ինչո՞ւ են այդ ՍՊԸ-ները հայտնվել մեզ ներկայացված ցուցակում, ինչո՞ւ են նրանց ֆինանսավորում եւ ի՞նչ խնդիրներ են նրանք լուծում հայագիտության ոլորտում՝ արժե հավելյալ բացատրություններ ներկայացնել։



ԿԳՆ «Մատենադարան Մ․ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ԳՀԻ» ՊՈԱԿ-ին էլ հատկացվել է 571474․2 հազար դրամ, ԿԳՆ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ին՝ 10192․6 հազար դրամ, ՏԿԶՆ Հայաստանի ազգային արխիվ ՊՈԱԿ-ին՝ 17758․4 հազար դրամ, ՄՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ 97999․6 հազար դրամ, ՄՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին՝ 61732․3 հազար դրամ, ՀՀ պետական կառավարման ակադեմիա ՊՈԱԿ-ին՝ 22078․0 հազար դրամ, ԳԱԱ «Հայագիտական ուսումնասիրություններ ֆինանսավորող համահայկական հիմնադրամ»-ին՝ 50000․0 հազար դրամ։



Թագուհի Հակոբյան