Համեստ կգտնվենք եվ չենք պահանջի Վարդան Դեվրիկյանի հրաժարականը

Համեստ կգտնվենք եվ չենք պահանջի Վարդան Դեվրիկյանի հրաժարականը

Օրեր առաջ մի լուր էինք տպագրել այն մասին, որ սեպտեմբերի 19-ին Մատենադարանում անցկացվել է «Տպագրության մարգարիտ» խորագիրը կրող միջազգային գիտաժողով՝ նվիրված Ոսկան Երեւանցու տպագրած հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակին, որի անցկացման համար կառավարությունը հատկացրել էր 7 մլն․ 200 հազար դրամ։ Այնուհետեւ նյութի մեջ անդրադարձ էր արվել նիստերից մեկը նախագահող Վարդան Դեւրիկյանի «Воскан Вардапет Ереванци - Жизнь и печатная деятельность» գրքին, որը գիտաժողովի մասնակիցների ուշադրությունը գրավել էր գրքի վերնագրի ռուսերեն սխալ թարգմանությամբ, մասնավորապես՝ «տպագրական գործունեություն» բառակապակցությունը թարգմանվել է «печатная деятельность»՝ փոխանակ «издательская» կամ «типографская» լիներ: Նշվել էր նաեւ, որ նմանօրինակ լեզվական սխալները շատ են գրքում։ 



Սակայն ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը մեր լուրն անձնական վիրավորանք է ընդունել եւ «Անհիմն զրպարտություն» վերնագրով պատասխան նամակ է ուղարկել խմբագրություն։



Թեեւ մենք չէինք նշել, որ գիտաժողովի ֆինանսական պատասխանատուն եղել է Վ․ Դեւրիկյանը, եւ այդ 7 մլն․ 200 հազարը նրան է տրվել, բայց, հավանաբար, նրան զայրացրել է այն, որ հենց այդ տողից հետո է իր անունը հոլովվել, որին շտապել է արձագանքել՝ պաշտպանվելով եւ արդարանալով։ Այնպիսի տպավորություն է, որ գործ ունենք մի մութ գործարքի հետ, եւ, ահա, ինքը մտավախություն ունի, որ դրա մեջ կարող է հանկարծ իրեն մեղադրեն։ «Ընթերցողի մոտ այն տպավորությունն է ստեղծվում, որ այդ գումարը ես եմ տնօրինել եւ բաշխել: Մատենադարանի տնօրինությունն անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացնել, թե գիտաժողովի հրատարակությունների, ցուցադրության եւ մնացյալ հարցերի համար որքան գումար է ծախսվել»,- գրում է Դեւրիկյանը։



«Ընթերցողի տպավորությունը» ցրելու համար մենք հարցում կուղարկենք Մատենադարանին եւ կպարզենք, թե ինչի վրա է ծախսել այդ գումարը։ Այդ հարցում պարոն Դեւրիկյանը կարող է հանգիստ լինել, բայց հաջորդիվ նա շտապել է մատնանշել մեր մյուս «սխալը»՝ ինքը գիտաժողովը չի նախագահել։ Այո, Վ․ Դեւրիկյանը գիտաժողովը չի նախագահել, բայց նախագահել է գիտաժողովի 2-րդ նիստը։ Սա առավելագույնը կարելի է համարել վրիպակ, բայց ոչ իրեն ուղղված «անհիմն զրպարտություն»՝ ինչպես վերնագրել է իր նամակը Գրականության ինստիտուտի տնօրենը։



«Անանուն հոդվածագիրն այդ գրքի համար գրել է, որ վերնագիրը սխալ է թարգմանված, որ այն ծաղկաքաղ է մինչ այդ եղած գործերից եւ «կազմված է տուրիստական ուղեցույցի մակարդակով»: Անանունը, հիմնվելով իր նույնքան անանուն աղբյուրների «գրագետ» մակարդակի վրա, թեթեւ ձեռքով այն բնորոշում է որպես «բացահայտ անգրագիտություն»` սկսելով վերնագրում օգտագործված «печатная» բառից, որպես թե այն չունի տպագրական իմաստը: Մասնագիտական տերմինները, հատկապես եթե դրանք վերաբերում են պատմական ավելի վաղ շրջաններին, ունեն իրենց նրբերանգները, որոնք, այդ թվում եւ այս բառի հետ կապված, խմբագրությանը կարող եմ ներկայացնել առանձին հավելվածով: Նաեւ ճիշտ չէ, որ թարգմանական սխալները շատ են գրքում: Թարգմանական տարբեր մոտեցումներ կան, սակայն այս հրատարակությունում որեւէ անգրագետ թարգմանություն չկա, ինչպես փորձ է արվում ներկայացնել հոդվածում»,- գրում է Վ․ Դեւրիկյանը:



Ինչպես իրավացիորեն նշում է Դեւրիկյանը, «մասնագիտական տերմիններն» ունեն «իրենց նրբերանգները», բայց նա ո՛չ հերքում է, ո՛չ էլ ներկայացնում ու հիմնավորում, թե ինչո՞ւ «печатная деятельность», եւ ինչ «նրբերանգների» դեպքում է այդ բառի կիրառումը ճիշտ ու տեղին։ Լինելով բանասիրական գիտությունների դոկտոր՝ Վ․ Դեւրիկյանը, անկասկած, պետք է իմանա, որ մի բան է «печатная» բառը, մի այլ բան՝ «печатная деятельность» բառակապակցությունը։



«Վերջում կցանկանայի ասել հետեւյալը. որպես անգրագիտություն բնորոշված գիրքը ենթադրում է, որ պետք է լեցուն լինի բազմաթիվ անգրագիտություններով եւ փաստական անճշտություններով: Եթե որեւէ մեկի կողմից, թեկուզեւ դարձյալ անանուն ձեւով, ներկայացվի գոնե երեք փաստական անճշտություն կամ ոչ ճիշտ մեկնաբանություն, որին ես չկարողանամ փաստարկված պատասխանել, ապա ես հրապարակայնորեն խոստանում եմ հրաժարվել Գրականության ինստիտուտի տնօրեն լինելուց: Գոնե երեք օրինակ, սակայն, եթե չբերվի, կարծում եմ՝ մարդկային բարոյականությունը պահանջում է, որ խմբագրությունն ընդունի իր սխալը, որ չէր կարելի նման խոսքերով ու ձեւով բնորոշել իմ կատարած աշխատանքը»,- իր նամակը եզրափակում է Վ․ Դեւրիկյանը:



Մենք բոլորովին մտադիր չէինք ներկայացնել գիտնականի աշխատությունն ամբողջությամբ՝ թվարկելով դրանում առկա բոլոր սխալները, բայց, հետեւելով Վ․ Դեւրիկյանի հորդորին, ստիպված ենք ներկայացնել մի քանի սխալներ եւս։



Նախ, սկսած անոտացիայից եւ հաջորդող էջից՝ ամբողջ գիրքը ենթակա է խմբագրման։ Ի գիտություն հեղինակի՝ պետք է նշել, որ Ոսկան Երեւանցին կոչվել է Երեւանցի ոչ թե Երեւանից գաղթած ծնողների զավակ, այլ Նոր Ջուղայում «Երեւան» կոչվող թաղից լինելու պատճառով։ Այնուհետեւ էջ 3-ում գրում է «такое решение шрифта…», որից անհասկանալի է, թե ինչ է ուզում ասել, եւ ակնհայտ է, որ հեղինակը հայերեն է մտածել, իսկ թարգմանիչը չի ըմբռնել հեղինակի միտքը։ Հավանաբար, հեղինակը ցանկացել է ասել՝ «такое шрифтовое решение» կամ «такое шрифтовое выделение»: Էջ 36-ում կարդում ենք․ «У псалмов расположены евангельские изображения», այսինքն՝ ուզում է ասել՝ «Псалмы иллюстрируются соответствующими евангельскими изображениями»։ Էջ 61-ում գրված է․ «Церковные издания 1667-1669 годов»․ սրա տակ ռուս ընթերցողը միանշանակ կհասկանա եկեղեցու կողմից արված հրատարակությունները, բայց կարդալով հասկանում ենք, որ հեղինակը նկատի ունի եկեղեցական բովանդակությամբ գրքերի հրատարակությունները։ Էջ 78-ում կարդում ենք․ «В армянской средневековой литературе назидательные басни назывались душеспасительными назиданиями», փոխանակ լինելու՝ «душеполезными назиданиями», այսինքն՝ ոչ թե հոգեփրկիչ, այլ՝ հոգեշահ, հոգենպաստ, հոգու համար օգտակար։



Ահա՝ ոչ թե 3, այլ ավելի սխալներ, որ հեղինակը խնդրում էր գրքում մատնանշել, բայց եթե սա էլ բավ չէ, կարող ենք միանգամից 3 սխալ մատնանշել մեկ նախադասության մեջ․ էջ 62-ում կարդում ենք․ «В католикосском «Маштоце» приводятся те ритуальные каноны, которые приписываются власти католикоса: освещение святого мира, благословение царя, помазание католикоса и рукоположение в епископы»։ Նախադասության առաջին մասում միտքը խրթին է եւ անհասկանալի, հավանաբար՝ հեղինակը ցանկացել է ասել․ «каноны, исполнение которых предписываются католикосу»։ Այստեղ դիտարկվում է 2 սխալ․ մեկը՝ ոճական, մեկը՝ իմաստային։ Այնուհետեւ պետք է լինի ոչ թե «освещение святого мира», այլ «освящение святой мирры», այսինքն՝ ոչ թե սուրբ աշխարհի լուսավորում, այլ՝ սուրբ մյուռոնի օրհնություն։ Իսկ եթե անգամ հեղինակը հիմք է ընդունել հնացած мирро ձեւը, ապա սեռական հոլովը պետք է լինի мирра:



Այսքանից հետո կարելի է միայն փաստել, որ ոչ թե գիտությունն է ինքնավստահության ու անսխալականության աղբյուրը, այլ՝ տգիտությունը։ Իհարկե, մենք չենք պահանջի Վ․ Դեւրիկյանի հրաժարականը Գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնից, ինչպես խոստացել էր անել իր նամակում։ Դա կթողնենք իր խղճին, բայց առնվազն կարելի է պատասխան պահանջել հեղինակի բանականությունից եւ ոչ թե լեզվից, որովհետեւ լեզուն ճամարտակել միշտ էլ կարող է։ Դե, մյուս սխալների մասին էլ թերեւս լռենք, որովհետեւ գրքի խմբագրումը մեր պարտականությունը չէ։



«Հրապարակ»