Գյուղական դպրոցներն առայժմ չեն օպտիմալացնելու

Գյուղական դպրոցներն առայժմ չեն օպտիմալացնելու

Վարչապետ Կարեն Կարապետյանին «օպտիմալացում» բառն ամենից շատն է սազում։ Նա հստակ բիզնես-մտածողություն ունի՝ այն, ինչ պիտանի չէ, փող չի բերում կամ ավելորդ ծախս է պահանջում, պետք է վերացնել, կրճատել, օպտիմալացնել։ Բայց հայերենում այս բառը բացասական երանգ է ստացել։ Պատահական չէ, որ դպրոցների օպտիմալացման մասին խոսելիս կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը հորդորեց չօգտագործել այս բառը։ Նախարարը կողմ է «դպրոցների եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համալիր զարգացման ծրագիր» տերմինին։ Նախօրեին նա լրագրողներին խոստացավ, որ եթե դպրոցների ծանրաբեռնվածության բաշխումը հաջողվի այնպես կազմակերպել, որ չլինեն երկրորդ հերթեր, ու դրանք աշխատեն մինչեւ ցերեկվա 3-4-ը, ապա «ուսուցիչների թվաքանակի շատ մեծ կրճատումներ չենք ունենա»։ Դպրոցների զարգացման համալիր ծրագրով, ըստ Լեւոն Մկրտչյանի, այս փուլում առաջնահերթությունը տրվում է քաղաքային դպրոցների հիմնախնդրին: Իսկ ի՞նչ է լինելու գյուղական դպրոցների հետ։ 



«Ներկայում ԿԳՆ-ում քննարկվում է միայն քաղաքային դպրոցների հարցը: Ընդ որում, սա ընդամենը քննարկումների փուլում է, եւ դեռ վերջնական որեւէ փաստաթուղթ չկա: Միաժամանակ ասեմ, որ ուսումնասիրվում են հանրապետության բոլոր դպրոցների համալիր զարգացման հնարավորությունները՝ իրենց ուսուցչական կազմով, նյութատեխնիկական հնարավորություններով եւ այլն: Առանձին գյուղական դպրոցների վերաբերյալ քննարկումներ չկան, դա եւս համալիր ծրագրի մեջ է»,- ասում է նախարարի խոսնակը: Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նույնպես վստահեցնում է, որ այս պահին քննարկում չկա։ «Կառավարությունում՝ չգիտեմ, բայց նախարարությունում գյուղական դպրոցների վերաբերյալ քննարկում չի եղել։ Խոսքը միայն քաղաքային դպրոցների մասին է»։ Պաշտոնյաների պատասխաններից հետեւում է, որ «համալիր ծրագիրը» վաղ թե ուշ նաեւ գյուղական համայնքներին է վերաբերելու, բայց այս հարցում «պաշտոնական» անորոշություն է տիրում։ Մեր տեղեկություններով, այս թեմային կառավարությունում կամաց-կամաց մոտենում են։ Վարչապետը փակ քննարկման ժամանակ տեսակետ է հայտնել, որ յուրաքանչյուր գյուղում մեկ դպրոց է պետք ունենալ։ Ո՞ւմ են պետք քիչ աշակերտով, առանց ուսուցիչների դատարկ շենքերը։ Կրթության նախարարը հակառակ տեսակետի կողմնակից է՝ որ դպրոցը գյուղ է պահում, եւ գյուղի դպրոցները չի կարելի փակել, հակառակը՝ պետք է ծաղկեցնել։ Տեղեկություն ունենք նաեւ, որ մարզպետարանները հրահանգ են ստացել ներկայացնել հնարավոր կրճատումների վերաբերյալ տեղեկանքներ։ Սակայն մարզպետարանների տվյալներին այնքան էլ չեն հավատում, քանի որ հակված են փոքր կրճատումներով սահմանափակվել։



Շիրակի մարզի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանն ասում է․ «Օպտիմալացման ծրագիրը միայն քաղաքային համայնքներին է առայժմ վերաբերում, որտեղ քանի դպրոց է անհրաժեշտ, դա դեռ քննարկման փուլում է»։ Մեր հարցին՝ ճիշ՞տ է, որ որոշված է ամեն գյուղում մի դպրոց թողնել, նա արձագանքեց․ «Ինչ է, ամեն գյուղում մի դպրոց չէ՞»։



- Շիրակի մարզում չկա՞ն երկու դպրոց ունեցող գյուղեր։



- Ախուրյան համայնքում է միայն երկու դպրոց։ Դե, այդպես ինքնանպատակ չեն վերցնում-ասում՝ եկեք փակենք, ու վերջ։ Ամեն առանձին դեպքում նայելու են՝ եթե աշակերտների թիվը քիչ է, ուսուցիչներ չկան, կամ շենքային պայմանները վատն են, քննարկելու ենք։



Կարծում եմ՝ սրա մասին է խոսքը, բայց առայժմ այդ գործընթացը վերաբերում է միայն քաղաքային համայնքներին։



Վայոց Ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ uպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանն էլ շատ սիրալիր պատասխանեց։ «Մի ժամանակ քննարկվեց գյուղական դպրոցների օպտիմալացման հարցը, բայց մեզ կրթության նախարարությունից ասել են, որ գյուղական դպրոցներում այդ պրոցեսը չի լինելու։



Համենայնդեպս, այս ուսումնական տարին մենք սկսելու ենք առանց որեւէ փոփոխությունների։ Այս տարի ավելացել են մեր առաջին դասարանցիները։ Հնարավոր է, որ շենքերի որոշ փոխատեղումներ անենք համայնքների խոշորացման արդյունքների ամփոփումից հետո։ Շենքային պայմանների ինչ-որ փոփոխություն լինի»։ Բանն այն է, որ Վայոց Ձորի երեք քաղաքների՝ Ջերմուկի, Եղեգնաձորի, Վայքի հիմնական դպրոցներում աշակերտների թիվը մեծ է, իսկ շենքային պայմանները բավարար չեն։ Մինչդեռ ավագ դպրոցներում ավելի քիչ թվով աշակերտներ կան։ «Եթե մի դպրոցի մակերեսը մեծ է, այն ավելի արդյունավետ ենք ուզում օգտագործել։ Ենթադրենք, Վայքում ունենք դպրոց՝ մոտ 350 աշակերտի համար նախատեսված, բայց հաճախում են 500-ից ավելի աշակերտներ։ Նման դեպքերում մենք առաջարկել ենք, որ հիմնական դպրոցը տեղափոխենք ավագ դպրոցի շենք, իսկ ավագը՝ հիմնականի»։ Վայքի ամենամեծ գյուղերից մեկում, օրինակ, Մալիշկայում, որը 5 հազար 300 բնակիչ ունի, երկու դպրոց կա։ Ըստ գյուղապետ Մհեր Մովսիսյանի, երկուսն էլ մոտ 500 աշակերտ ունեն։ «Մեզ մոտ ոչինչ էլ չի փոխվելու»,- ասաց գյուղապետը։ Այնուամենայնիվ, մարզերում անհանգստացած են սպասվող փոփոխություններից ու նախընտրում են, որ ոչինչ չփոխվի, եւ սա հասկանալի է․ դպրոցը հաճախ միակ աշխատող պետական հաստատությունն է մարզային համայնքներում եւ սոցիալական մեծ նշանակություն ունի։ Ահա ինչու փոփոխություններին մարդիկ ցավոտ են վերաբերվում, եւ այս գործընթացը հնարավորինս հրապարակային պետք է լինի։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ