Սեպտեմբերի երկրորդ կեսից ավիատոմսերի գները կտրուկ կիջնեն

Սեպտեմբերի երկրորդ կեսից ավիատոմսերի գները կտրուկ կիջնեն

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում փորձեց օբյեկտիվ պատճառներ ներկայացնել առ այն, թե ինչու են այս սեզոնին կտրուկ թանկացել ավիատոմսերի գները։



«Ավիաընկերությունները իրենց ամառային ժամանակաշրջանի չվերթները պլանավորելիս անում են դա բավական վաղ։ Եվ պլանավորվածից ավելի շատ պահանջարկ ունենալու դեպքում, ինչը որ տեղի ունեցավ այս տարվա մեր ներկայիս ժամանակաշրջանում, ավիաընկերությունները, փաստորեն, սխալվեցին, և մենք ունեցանք ավել պահանջարկ, քան առաջարկն է»,-բացատրեց պարոն Ավետիսյանը։



Տեսնելով իրավիճակը՝ ավիաընկերությունները փորձում են փոփոխություններ մտցնել իրենց չվացուցակի մեջ՝ ավելացնելով չվերթների քանակը, փոփոխելով օդանավերի տիպերը։ «Որպես օրինակ՝ կարող եմ ասել, որ արդեն իսկ մի շարք ավիաընկերություններ, ինչպիսիք են Qatar Airways-ը, ուկրաինական МАУ-ն, Аэрофлот-ը, S7-ը, Vim Avia-ն, NortհWest ավիաընկերությունները փոխել են իրենց օդանավերի տիպերը՝ ավելացնելով նստելատեղերի քանակը։ Ներկայումս «Զվարթնոց» օդանավակայանից չվերթներ են իրականացնում այնպիսի օդանավեր, որոնք սովորաբար օգագործվում են ավելի երկար թռիչքների համար։ Խոսքը լայնաֆյուսելյաժ օդանավերի մասին է: Սովորաբար մեզ մոտ օգտագործվում են Airbus A319, 320, 321, Boeing 737-500 և 700 տիպի օդանավեր, ներկայում մենք տեսնում ենք, որ ավիաընկերություններն սկսել են օգտագործել Boeing 767, 777, Airbus A330, որոնք սովորաբար տրանսատլանտիկ թռիչքների համար են օգտագործվում»,-ասաց Սերգեյ Ավետիսյանը։



Hraparak.am-ի հարցին, թե քաղավիացիայի վարչությունը ավիատոմսերի գնային քաղաքականության վրա ներազդելու ի՞նչ ֆունկցիա և հնարավորություն ունի, քաղավիացիայի վարչության պետն ասաց, որ իրենք գնային քաղաքականության վրա ուղղակիորեն չեն ներազդում․ «Մենք անում ենք անուղղակի ազդեցություն, որը տեղի է ունենում շնորհիվ մրցակցության ավելացման, իրավական դաշտի կարգավորման, անընդհատ աշխատանքի, մոնիտորինգի և արագ արձագանքման մասով, ինչը որ մենք այս պահին անում ենք»։



Ավեիտսյանը, սակայն, չի կարծում, թե իրավիճակը քաոսային է, ավելին՝ կարծում է, որ բնական իրավիճակ է և հնարավոր է՝ մյուս տարի օգոտոստոսին ևս գների բարձրացում լինի։ Նրա խոսքով՝ այս տարվա 7 ամիսների կտրվածքով մեր երկիր ավելի շատ մարդ եկել է, քան մեկնել են։ Իսկ ընդհանուր ուղևորահոսքը այս 7 ամիսներին երկու օդնավակայանների տվյալները միասին վերցրած՝ ավելացել է շուրջ 30 տոկոսով, ինչն էլ այդ չափով ավելացրել է ավիատոմսերի պահանջարկը։



«Բայց սեպտեմբերի երկրորդ կեսից ես կարող եմ ասել, որ ավիատոմսերի գները կտրուկ անկում են ապրելու, դուք հիմա էլ կարող եք տեսնել, թե ինչ է կատարվում տոմսերի գների հետ աշնան ամիսների համար։ Եվ միանշանակ 2-3 անգամ տոմսերի գները իջնելու են։ Սա սեզոնայնության մասին է խոսում, և մեր երկրի զբոսաշրջային հոսքերը առավել կտրուկ են սեզոնայնությանն արձագանքելու իմաստով, որովհետև, եթե երկրներ կան, որոնց զբոսաշրջային հոսքերը մի փոքր ավելի բալանսավորված են ընթանում, մեզ մոտ այդպես չէ»,-հույս տվեց քաղավիացիայի վարչության պետը։




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ