Սփյուռքից ակնկալիքները փոխվել են

Սփյուռքից ակնկալիքները փոխվել են

Սեպտեմբերի 18-20-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի Հայաստան-Սփյուռք ամենամյա մեծ համաժողովը։ Ներկա կգտնվեն Սփյուռքի տարբեր կառույցներից ժամանած շուրջ 1400 հյուրեր։ Ճանապարհածախսը կհոգան իրենք՝ հյուրերը։ Մյուս ծախսերը մեր կառավարության վրա են։ Դատելով համաժողովի նախապես տարածված օրակարգից եւ որոշ տեղեկություններից՝ համաժողովն ունենալու է ավելի շատ ռազմավարական նշանակություն։ Հիմնական շեշտադրումներն ազգային անվտանգության եւ ազգ-բանակի կայացման վրա են դրվելու։ Այսօրվանից կգործի նաեւ համաժողովի էջը՝ maf2017.am։ Կայքում կլինեն համաժողովի օրակարգը, ծրագիրը, նաեւ լրագրողների հավատարմագրում կիրականացվի, քանի որ համաժողովին մասնակցելու են երկրի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը եւ այլք։ Ամեն օր՝ մեկը։ Համաժողովի օրակարգը չորս ուղղություն է ունենալու՝ ազգային անվտանգության խնդիրներ, տնտեսական ներդրումներ եւ զարգացում, ազգ-բանակ գաղափարախոսություն եւ հայապահպանության խնդիրներ։ Դրանցից ամեն մեկն իր հերթին չորս թեմատիկա է ընդգրկելու։



Հատկապես ուշագրավ ու կարեւոր են ազգ-բանակի եւ հայապահպանության խնդիրների քնարկումները։ Թեպետ ծրագիրը դեռ հրապարակված չէ, սակայն մենք տեղյակ ենք, որ համաժողովի միջոցով մեր իշխանությունները փորձելու են շեշտը դնել Սփյուռքի ներուժն ավելի մեծ չափով ներգրավելու վրա։ Անգամ խոսվում է այն մասին, որ հայոց բանակին օժանդակության մասով պետք է Սփյուռքի ներգրավվածությունը մեծացնել։ Խոսք է գնում նույնիսկ Սփյուռքի հայ երիտասարդների հաշվին բանակը համալրելու մասին։ Մի խոսքով՝ Սփյուռքից ակնկալիքները մեծ են։ Թեպետ այդ մասին ուղիղ խոսք չկա, բայց բացահայտ ակնարկներն ու իրական նպատակը հենց դրանք են լինելու։ Խոսակցություն կա նույնիսկ, որ Սերժ Սարգսյանը հանձնարարել է սփյուռքի նախարարությանը՝ այս ուղղությամբ ակտիվ ջանքեր գործադրել, փորձելով շահագրգռել Սփյուռքի մեր հայրենակիցներին, որ իրենց երեխաներին ուղարկեն այստեղ ոչ միայն «Արի տուն» ծրագրով, տարբեր բանակումների եւ հանգստանալու, այլեւ հայրենիքին ծառայելու։ Եթե անցյալում Սփյուռքն առավելապես դիտվում էր որպես ֆինանսական աղբյուր, ներդրումների շտեմարան, որտեղից կարելի է շարունակ փող ուզել, ապա հիմա սկսել են կարեւորել Սփյուռքի ֆիզիկական, հոգեւոր, բարոյական աջակցությունը եւս։
Հիմա փորձելու են այս ամենն ուղերձների, ելույթների տեսքով հասցնել սփյուռքահայերի գիտակցությանը, բայց բացահայտ չեն կարող, քանի որ դա կարող է սկանդալային լինել, եւ անգամ օրենքի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ։ Ուստի որոշել են ուղերձում հոգեբանական բնույթի որոշ մանիպուլյատիվ էֆեկտներ գործի դնել՝ կոչ անելով, որ յուրաքանչյուր հայ պատրաստ լինի դուրս գալու Հայաստանի մարտահրավերների դեմ եւ լուծելու երկրի նյութական խնդիրները։ Մոտավորապես՝ Իսրայելի օրինակով, երբ բուն Իսրայելում ապրողներից զատ՝ նաեւ ամբողջ հրեա ժողովուրդն է այդ պետության ու բանակի թիկունքին։ Այս ամենի բեռը դրված է լինելու պաշտպանության նախարարության՝ «ազգ-բանակի գաղափարախոսության» շրջանակներում ներկայացվելիք ծրագրի վրա։



Ազգային անվտանգության բլոկի պատասխանատուն էլ ՀՀ արտգործնախարարությունն է, որը որոշել է մաքսիմալ փակ ու գաղտնի ռեժիմում պահել իր ծրագիրը։ Ներդրումների եւ զարգացման բլոկով կզբաղվի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, որն էլ շեշտը դրել է ավելի շատ տուրիզմի քարոզչության վրա։
Հայապահպանության խնդիրների արծարծումն էլ սփյուռքի նախարարությունն է իր վրա վերցրել։ Այստեղ էլ կհնչեն «արի տուն» ֆորմատով ելույթներ։ Մնում է, որ այս ծրագրերը սփյուռքահայության կողմից պատշաճ ընկալվեն, եւ դա չդիտվի Սփյուռքը «կթու կովի» պես շահագործելուն ուղղված հերթական քայլերի շարան։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ