Քյալյանն այստեղ էլ շահած դուրս եկավ

Քյալյանն այստեղ էլ շահած դուրս եկավ
Մայիսի 21-24-ը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը վերադարձել է բավականին ոգեւորված, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունում  հայաստանյան դիպլոմները ճանաչելու ուղղությամբ բանակցությունները հաջողությամբ են ավարտվել: Եթե հիշում եք՝ անցած  տարի Իրանը հրաժարվեց ճանաչել հայտնի Գոհար Քյալյանի ղեկավարած բժշկական համալսարանի դիպլոմները: Հիշեցնենք, որ պետական բժշկական համալսարանն ու "Հայբուսակ" մասնավոր բուհը մրցում էին արտասահմանցի ուսանողներ իրարից խլելու հարցում, եւ նախարարի աջակցությամբ "Հայբուսակը" զրկվեց մենաշնորհից՝ իբր նրա մոտ արտասահմանցիների համար նախատեսված օտարալեզու  կրթությունը ցածր մակարդակի է: Նախարար Աշոտյանը ոչ միայն ասպարեզից հեռացրեց  Քյալյանի մրցակցին, այլեւ, մեկնելով Իրան, լուծեց նրա բյուջեն լցնողների՝ իրանցի ուսանողների հարցը: Ըստ Աշոտյանի հավաստիացումների՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ճանաչել ՀՀ երեք պետական բուհերի՝ Երեւանի պետական համալսարանի, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի եւ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի դիպլոմները: Իսկ գործընթացի քննարկման համար Հայաստան կժամանի Իրանի կրթության եւ գիտության փոխնախարարը ու հանդիպումներ կունենա նշված երեք համալսարանների ղեկավարության հետ՝ մինչեւ նոր ակադեմիական տարվա սկիզբը գործընթացն ավարտելու նպատակով: Ի դեպ, Աշոտյանն Իրանից վերադարձել է տպավորված: Նրա վրա անջնջելի տպավորություն են թողել հարեւան երկրի կրթական ոլորտում տարվող լուրջ բարեփոխումները: Այնպես որ, չզարմանաք, եթե հանկարծ այս օրերին պարոն նախարարն իրանյան կրթական բարեփոխումների նոր մոդելի ներդրման  ուղղությամբ նախ հայտարարություններ, ապա քայլեր անի: "Իրանը դառնում է մի երկիր, որի հետ կարելի է արդյունավետ գիտատեխնիկական ծրագրեր իրականացնել",-ասել է  ԿԳ նախարարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Թեեւ համաձայնագիր դեռ չի կնքվել հարեւան երկրի հետ, սակայն հավաստիացրել է, որ Իրանը պատրաստ է առանց համաձայնագրի այս տարվանից մեր երկրին տրամադրել 10 կրթաթոշակ՝ Իրանի լավագույն բուհերում մագիստրական եւ ասպիրանտական կրթության համար: "Մեր հետաքրքրությունների շրջանակը ինչպես տեխնոլոգիաների բնագավառում է, այնպես էլ իրանագիտության, արեւելագիտության եւ իսլամագիտության",-նշել է Աշոտյանը: Նա նաեւ ավետել է Թեհրանի պետական համալսարանում հայագիտության բաժնի բացման մասին, որտեղ դասավանդվելու են հայոց լեզու, գրականություն եւ հայոց պատմություն: Որոշվել է կազմակերպել հայ եւ իրանցի աշակերտների ամառային ճամբարներ եւ առարկայական օլիմպիադաներ:

ՀԳ - Մեր տեղեկություններով, Աշոտյանի գլխավորած պատվիրակությունում ընդգրկված են եղել նաեւ վերոնշյալ բուհերի ռեկտորները, սակայն ինչ-ինչ պատճառներով վերջին պահին նրանց նպատակահարմար չեն գտել Իրան տանել, պատվիրակությունում է եղել միայն Եւրոպական տարածաշրջանային համալսարանի ռեկտորը: