"Արտահերթ ընտրություններ չեն լինելու, որովհետեւ նման բան չի սպասվում: Ընդդիմությունը ամեն օր կարող է պահանջել, դա նրա իրավունքն է",-երեկ համոզմունք է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, որի կարծիքով՝ արտահերթ ընտրությունների թեման շահարկելը ընդդիմության "ձիուկն է՝ կոնյոկը", պատրաստվելու առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: "Մենք՝ Հանրապետականը եւ կոալիցիան, կայուն ենք: Տեղական ընտրություններում մեծ խնդիրներ չունենք էլ, որովհետեւ կեսից ավելին համայնքներում հանրապետական են, եւ էդ ձայներ բերողն իրենք են: Այ, ընդդիմությունը պետք է ուրիշ միջոցներ գտնի՝ արտահերթ ընտրություններ, միտինգներ, որպեսզի կարողանա հասարակությունից ձայներ հավաքել",-անցնելով գալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին՝ շարունակեց Ռազմիկ Զոհրաբյանը: 5-րդ գումարման Ազգային ժողովի եւ նախագահական 6-րդ ընտրությունները սարերի ետեւում չեն, եւ քաղաքական ուժերը վաղուց պատրաստվում են դրանց ու սկսում գնահատել իրենց շանսերը: ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ Հանրապետականը կրկին պայքարելու է ԱԺ-ում մեծամասնություն ունենալու համար: ԲՀԿ-ն, ըստ նրա, խնդիր ունի ապագայի համար ավելի շատ ձայներ տանելու՝ դատելով տեղական ընտրությունների արդյունքներից, իսկ ՕԵԿ-ը Հանրապետականի հետ շատ լավ համագործակցում է եւ պետք է ուժերը լարի, որպեսզի կարողանա 5 տոկոսի շեմը հաղթահարել: 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուի՝ գործող նախագահի համար Ռազմիկ Զոհրաբյանը լուրջ մրցակից չի տեսնում: Նախորդ ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի համար լուրջ մրցակից էր, բայց այժմ՝ ոչ, որովհետեւ "Լեւոն Տեր-Պետրոսյանը այն Տեր-Պետրոսյանը չէ այլեւս",-հայտարարեց նա: Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հնարավոր մրցակցության հետ կապված էլ ասաց, որ նման խոսակցությունները միայն ժողովրդի շրջանում են: Քոչարյանը լուրջ մրցակից կարող է լինել, բայց Ռազմիկ Զոհրաբյանը չի կարծում, որ նա Սերժ Սարգսյանի դեմ թեկնածություն կդնի: "Մենք գնում ենք ուժերի միասնականության ու կոնսոլիդացման ճանապարհով, մեր դիմաց ունենալով Ղարաբաղի ծանր խնդիրը, եւ կարծում եմ, որ իրար բարեկամ ուժերը եթե իրար դեմ դրեցին, ապա դա քաոսի կվերածվի",-իր տեսակետն այսպես հիմնավորեց, հավելելով, որ աշխարհում նման պրակտիկա էլ չկա, որ երկու ժամկետ ղեկավարած նախագահը երրորդ անգամ առաջադրվի: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը առաջին նախագահի շանսերի վերաբերյալ ՀՀԿ փոխնախագահի գնահատականները չմեկնաբանեց, որովհետեւ "հիմարություններն" աշխատում է չմեկնաբանել, իսկ ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների հավանականությունը ժխտելուն, ասաց, որ դրա համար բոլոր հիմքերն այսօր կան: Հայաստանի առաջիկա ներքաղաքական զարգացումների շուրջ զրուցեցինք նաեւ "Հանրապետություն" կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի հետ: Նրա կարծիքով, եթե բանը հասնի հերթական ընտրություններին, ներքաղաքական կյանքում արմատական փոփոխություններ չեն լինի, իշխանությունն ու ընդդիմությունն իրենց թեկնածուները կունենան, իսկ մյուսները կկատարեն սպասարկուի դեր: Ինչ վերաբերում ՀՀԿ խորհրդի փոխնախագահի հայտարարությանը, ապա "եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն այլեւս ազդեցիկ չէ, ինչո՞ւ են հանրապետականները յուրաքանչյուր հանրահավաքի ժամանակ շնչակտուր սպասում նրա ելույթին",-ասաց Սուրենյանցը: Իսկ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը նա բացառեց, քաղաքական ինչ-ինչ ուժերի միջոցով վերադարձի հնարավոր փորձերը ձախողված գնահատեց, որովհետեւ, երբ բացահայտվի, թե նրանց իրական լիդերն ով է, այդ ուժերի վարկանիշը միանգամից կհավասարվի 0-ի: "Ժառանգություն" կուսակցության խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի կարծիքով էլ Հայաստանը լավ եւ վատ անակնկալների երկիր է, ուստի սխալ է կարծել, թե իրավիճակը կանխատեսելի է: Ընդդիմությունը, ըստ նրա, առաջիկա ընտրություններին մեծ շանսեր է ունենալու, այլ խնդիր է, թե որքանով դասեր կքաղի անցյալի ձախողումներից: Թե ընդդիմության շարքերում ինչ ուժեր կլինեն, Սաֆարյանը դժվարացավ նշել, վստահաբար ասաց, որ "Ժառանգությունն" այնտեղ առանցքային ուժերից մեկն է լինելու: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի ազդեցության մասին ՀՀԿ-ականի կարծիքը "Ժառանգության" ներկայացուցիչը չի կիսում, բայց, ըստ նրա, փորձը ցույց է տվել, որ նույն քաղաքական գործիչը, որպես կանոն, չի կարող երկրորդ անգամ շատ մեծ բում բարձրացնել: "Ընդդիմության միասնական թեկնածուի պիկին 96, 98, 2003թ.-ին հաջորդել է անկման շրջան, եւ սինուսոիդը վերեւ տալու դեպքեր չունենք: Մենք ունենք նախագահի՝ պաշտոնից հեռանալու եւ 20 տարի հետո շռնդալից քաղաքականություն մտնելու նախադեպեր (Դեմիրճյան եւ Տեր-Պետրոսյան), բայց չունենք մի պիկը էլ ավելի մեծ պիկով ապահովելու նախադեպեր":
Կարծիքներ