Մենակ ռաբիս երգիչները կարող են լավ փող աշխատել

Մենակ ռաբիս երգիչները կարող են լավ փող աշխատել
Արսեն Գրիգորյանը երեւանցի տղա է, իր 30 տարին ապրել է Աջափնյակ թաղամասում, սովորել թիվ 131 դպրոցում: Սկսել է երգել մանկապարտեզում, հավանաբար հոր գեներն են դեր խաղացել. վերջինս նույնպես երգիչ է: Ընդունվել եւ ավարտել է կոնսերվատորիայի ժողովրդական երգի բաժինը՝ Հովհաննես Բադալյանի դասարանը: Ապա մինչեւ 2004 թվականն աշխատել է Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայում: Հենց այստեղից էլ ներկայացնենք մեր զրույցը հայտնի երգչի հետ:

- Դուք փոքրիկ աղջիկ ունեք, որ մեծանա, կթողնե՞ք մտնի նույն ասպարեզը, կօգնե՞ք երգչուհի դառնա:

- Մեծ սիրով: Ոչ մի դեպքում չեմ թողնի մտնել շոու-բիզնես, անպայման թող երգի: Չնայած, սենց ասեմ՝ եթե ես իր մեջ տեսնեմ տաղանդ դեպի, օրինակ, ժողովրդական կամ փոփ արվեստ, մեկ է՝ օգնելու եմ, որովհետեւ տաղանդը չի կարելի սահմանափակել, բայց ես ունեմ երազանք, որ նա դառնա լուրջ դաշնակահարուհի եւ լուրջ ջազ երգչուհի, այսինքն՝ նա ավելի շատ խորանա ջազային արվեստի մեջ, քան պոպուլյար երաժշտության, որն ավելի կոմերցիոն է: Ես ուզում եմ տեսնել իմ աղջկան որպես Դայանա Քրոլի, Էլիան Էլիասի հետնորդ:

- Իսկ ինչո՞վ սկսվեց  Ձեր կարիերան, ե՞րբ ավելի հայտնի դարձաք:

- Ես իմ կարիերան սկսված եմ համարում Երգի թատրոնից, մինչ էդ էլի երգել եմ՝ մի քանի տարբեր  համերգների, մի երկու մրցույթների, բայց դա չի կարելի համարել կարիերա: Իսկ լուրջ, երբ անընդհատ եղել եմ փորձերի, երգերի, գործերի, մյուզիքլների մեջ՝ դա Երգի պետական թատրոնի տարիներից է սկսվել, այսինքն 99-ի մարտից, երբ մասնակցեցի "Այո 99" մրցույթին:

- Ինչպե՞ս եք վերաբերվում օր օրի ավելացող երգիչ-երգչուհիներին:

- Ես ուղղակի ընդհանրապես չեմ վերաբերվում:

- Այսինքն չկա՞ն մարդիկ, որոնք Ձեզ դուր են գալիս եւ հակառակը:

- Չէ, կան մարդիկ, որոնք դուրս գալիս են: Քանի որ գաղտնիք չէ, որ հայ ազգը ընդհանուր առմամբ տաղանդավոր ազգ է եւ սպորտի մեջ, եւ երաժշտության: Ուղղակի ավելի շատ են անտաղանդները: Ուղղակի մի փոքր բողոքում եմ մեր ժողովրդի... ճաշակից: Օրինակ, իմ համար կան երգիչներ, որ ես զարմանում եմ, թե ոնց են նրանց սիրում կամ լսում:

- Կնշե՞ք գոնե մեկի անունը:

- Բնականաբար՝ ոչ, որովհետեւ չեմ ուզում Ձեր թերթի ռեյտինգը բարձրացնելու համար հավաքել թշնամիներ շոու-բիզնեսում, որովհետեւ ամեն դեպքում ես էդ մարդկանց հետ շփվում եմ:

- Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք նոր աստղերին՝ ինչ անել ավելի արագ եւ հեշտ հաջողության հասնելու համար:

- Ոչ մի բան էլ խորհուրդ չեմ տա: Ուղղակի պետք է հասկանալ, որ իրենք իրենցից մեծ բան չեն ներկայացնում: Որ իրենցից աշխարհում շատ կա, որ ոչ մի բանով իրենք չեն փայլելու, ուղղակի թող միշտ կարողանան սովորել: Որ օրը կորցնեն այդ ունակությունը, ուրեմն ինչ-որ բան սխալ է, ու վերջացել է ամեն ինչ: Պետք է մարդ հասկանա, որ եթե ես էս փոքրիկ երկրում մի բան եմ արել, ու Քաջ Նազարի նման բախտս բերել է, ու ես այսօր անուն ունեմ, ճանաչված եմ, միգուցե մի երկու նոտա էլ կարողանում եմ երգել, դրանով ոչինչ չի սահմանափակվում: Մարդ պետք է միշտ ավելիին ձգտի ու երբեք չբավարարվի ունեցածով: Պետք չի ձգտել հաջողության, պետք է ձգտել լավ երգեցողության եւ լավ երաժշտության: Հաջողությունը ինքն իր հերթին կգա:

- Կպատմե՞ք ինչպես սկսեցիք երգեր գրել:

- Առաջին անգամ երգ գրել եմ 4-րդ կամ 5-րդ դասարանում: Երբ ես ու ընկերս պայմանավորվեցինք մեկ օրում երգ գրել եւ իրար ցույց տալ: Նա՝ պարզվեց կատակում էր, բայց ես լուրջ էի ընդունել: Շնորհակալ եմ նրան այդ կատակի համար: Ավելի լուրջ երաժշտություն սկսել եմ ստեղծել 2000 թվականից, երբ առաջին անգամ ինձ հաջողություն բերեց Նունե Եսայանի կատարմամբ "Ռոմանս" կոչվող երգը: Դա իմ առաջին երգն էր, որպես երգ գրող, "երգահան" բառը չեմ սիրում օգտագործել, որովհետեւ ես միայն երգ գրող չեմ եւ ունեմ ավելի լուրջ գործեր, դրա համար կարող եմ ինձ կոչել կոմպոզիտոր: "Ռոմանս"-ին հաջորդեց "Ապրիր միշտ պարզ"-ը, որը մարդիկ մինչ այժմ էլ սիրում եւ լսում են: Էդ ժամանակ էդ ոճով սկսեցի աշխատել, ու շատ մարդկանց թվում է, թե Արսեն Գրիգորյանը միայն դա է գրում: Չէ, իրականում դա այդպես չի: Ես շատ տարբեր երաժշտություններ ունեմ: Ուղղակի էդ ժամանակ ավելի շատ սկսվեց ռոմանսային հայկական էթնիկա ունեցող  ոճը դրսեւորվել իմ մեջ, որը դարձավ իմը: Ի դեպ, որից հետո շատ երգիչներ ու կոմպոզիտորներ մինչ օրս էլ շարունակում են էդ ոճով գրել ու երգել, ժամանակն է արդեն փոփոխել: Երգերից հետո ես սկսեցի գործիքային ստեղծագործություններ՝ դասական եւ կոնկրետ գործիքների, որպես սաունտրեկային արվեստի մեջ: Չեմ ուզում շատ բողոքել մեր ազգի ճաշակից, բայց քանի որ կան կոնկրետ ուղղվածություններ, որ մեր ազգը սիրում է եւ այդ ոճում է, որ մենք կարողանում ենք քիչ թե շատ գումար վաստակել, այդ պատճառով դեռ չեմ կարողանում այդ երաժշտությունները հանել շուկա: Կարծում եմ՝ դրա ժամանակն էլ կգա:

- Իսկ երգում եք միայն Ձե՞ր ստեղծագործությունները, թե՞ լինում է, որ գնում եք ուրիշ հեղինակներից: Եւ եթե այո՝ այսօրվա հայտնի հեղինակների մոտ երգ պատվիրելն ի՞նչ արժե:

- Վերջերս ես առաջին անգամ երգեցի ոչ իմ երգը, այլ շատ լավ, երիտասարդ երգահան Մանե Հակոբյանի երգը. խոսքը իմ եւ Սոնա Շահգելդյանի դուետի մասին է: Ես կարծում եմ, որ այսօր գոյատեւելու եւ ապրելու եւս մի միջոց է մեր այդ, կներեք բառիս համար, առեւտուրը: Ես ավելի թանկ եմ գնահատում իմ երաժշտությունը, քան այսօր կա, ուղղակի, քանի որ այսօր շոու-բիզնեսում այդքան էլ լավ վիճակ չի գումարային երգիչների մոտ, տենց շատ մեծ  թվերի մասին խոսք չի գնում: Կներեք, որ կոնկրետ թիվ չեմ ասում:

- Իսկ երաժշտությունը Ձեր եկամտի միա՞կ աղբյուրն է:

- Այո: Երաժշտությունը: Չի բացառվում մի օր ուրիշ բանով էլ զբաղվեմ:

- Իսկ Հայաստանում ավելի հեշտ է սկավառակների՞ վաճառքից գումար աշխատել, թե՞ համերգներից:

- Հայաստանում սկավառակներով ընդհանրապես գումար վաստակել հնարավոր չէ: Նախ, ավելի շատ ծախսում ես ու ոչինչ չես կարողանում ստանալ դիմացը: Ուղղակի քո արվեստը պահելու համար գումար ես ծախսում եւ սկավառակ բաց թողնում: Ես անձամբ որոշել եմ մոտակա մի քանի տարին սկավառակ չթողնել: Ավելի լավ է մի երկու-երեք սինգլ անել տարվա մեջ. ավելի հավանական է այդպես գումար աշխատելը, քան 10 կամ 12 երգ սարքել ու ոչինչ չստանալ: Ես չեմ ուզում բոլորին թվա, թե բողոքում եմ, ուղղակի այսօր շատ մոդայիկ բաներ կան: Ինտերնետով դաունլոդեր անել, իրարից հեռախոսներով փոխանցելով, գնալ խանութում ասել՝ էս-էս երգերն եմ ուզում, խանութպաններն էլ անօրինական ինչ-որ CD-ների վրա այդ երգերը տալիս են, անունը դնելով հավաքածու: Մենակ ռաբիս երգիչները կարող են լավ փող աշխատել, որովհետեւ ընդհանուր առմամբ էս երկրում ռաբիսություն ա տիրում:

- Ձեր մենահամերգն էր դեկտեմբերի մեկին՝ Մարզահամերգային համալիրում: Ես անձամբ ներկա եմ եղել եւ հիացած եմ: Դուք գո՞հ եք: Արդարացա՞ն սպասումները:

- Շատ շնորհակալ եմ: Իմ երազած համերգը չէր, բայց՝ այո: Ուղղակի շատերը կարող են ասել, որ էս տղեն էդքան խոսեց, բայց ինքն էլ էր "վեց ութ" երգում: Ես իմ ուժերի վրա էնքան վստահ եմ, որ որեւիցե բան անելուց կարող եմ գոնե որակյալ անեմ: Այո, ես երգել եմ մաքուր "վեց ութ", այլ ոչ թե ռաբիս՝ անիմաստ բառերով ու անիմաստ նոտաներով: Ու լավ եմ արել: Ես ստեղծել եմ նորմալ երաժշտություն ու կարողացել եմ մարդկանց դա հրամցնել, մարդիկ էլ գոհ են մնացել: Կարեւորը՝ բոլորը տեսել են, որ ես երկու ժամուկես մաքուր երգել եմ առանց ձայնս կտրվելու ու առանց ֆալշերի, ի տարբերություն շատ երգիչների:

- Իսկ ի՞նչ արժե Հայաստանում մենահամերգ կազմակերպելը:

- Իմ մենահամերգը իմ վրա արժեցել է մոտավորապես հիսուն հազար դոլար:

- Հիմա մեր երկրում հեռուստատեսությունում շատ երեւալու, այսպես ասած՝ "ռասկրուտկա" լինելու համար ի՞նչ է պետք անել, ո՞ւմ  հետ է պետք լավ լինել:

- Այ հենց էդ լավ լինելու գաղափարն է մեր ժողովրդի ճաշակը գցում: Երբ ես նայում եմ, թե տարբեր հեռուստաալիքներով ինչ կլիպներ են գնում եթեր, ինչ երաժշտություն է հնչում, ես իմ մեղքը գալիս եմ, որ ես էդ ամեն ինչը կարող եմ լսել, ու իմ երեխան կարող է վաղը դա լսի: Չնայած, որպեսզի իմ հարցազրույցը շատ դեպրեսիվ չլինի, ասեմ, որ վերջին ժամանակներս շատ ուրախանում եմ, որովհետեւ շատ տարբեր բաներ են սկսել կատարվել, ինչ-որ նոր դեմքեր կան, որ շատ բան են փոխում: Մեր ռեփերները սկսեցին աճել, երբ որ Հայաստանում ընդհանրապես ռեփ չկար: R&B-ն սկսեց աճել, ավելի եւրոպական, ամերիկյան ինչ-որ բաց բաներ սկսեցին մտնել, որը ողջունելի է: Ով է ասել, որ մենակ երկար յուբկաներով աղջիկները պետք է կլիպ ունենան: Այսինքն՝ բացի էդ միապաղաղ, միատոն երաժշտությունից, լավ բաներ եղան: Ուղղակի պետք չի երգել միայն էն, ինչ մարդիկ են սիրում: Ընդհանրապես խորհուրդ եմ տալիս մեր բոլոր կոմպոզիտորներին՝ եթե մեկի մոտ մի երգ հաջողվում է, ու մնացած երգիչները գալիս են, ասում՝ էսինչի երգից եմ ուզում: Անուններ չեմ տալիս, բայց բոլորը կհասկանան ում մասին եմ ասում: Լսում ես մի երգ, ասում ես՝ շատ լավն ա, շատ դուրս եկավ, մեկ էլ տասը հատ էդ նույն երգից, երկու նոտա էս կողմ, էն կողմ... Գրեք նոր բան, չեք կարողանում գրել՝ մի գրեք, ախպեր ջան, ուրիշ գործով զբաղվեք:

- Տեսահոլովակները եթեր տալու համար հեռուստաալիքներին գումար վճարո՞ւմ են:

- Ես երբեք չեմ վճարել, չգիտեմ ինչպես են կարգավորվում այդ հարցերը:

- Իսկ պրոդյուսեր ունե՞ք:

- Դե Երգի պետական թատրոնում աշխատելու ընթացքում աշխատել եմ Արթուր Գրիգորյանի հետ: Թատրոնից դուրս գալուց ի վեր աշխատել եմ մենակ:

- Ինչի՞ վրա եք աշխատում հիմա:

- Հիմա աշխատում եմ իմ համերգի տեսասկավառակի եւ ձայներիզի վրա: Աշխատում եմ մի մյուզիքլի վրա, որը գրել եմ ես եւ գրել եմ ԵՊԹ-ի նոր սերնդի համար: Նաեւ աշխատում եմ նոր տեսահոլովակի վրա, ունեմ մի երգ, որը ես շատ եմ սիրում, կոչվում է "Բացիր աչքերդ": Պատրաստվում է նոր տեսահոլովակ այդ երգի համար, եւ պարզապես ստեղծագործում եմ ու շարունակում սովորել:

- Ֆիլմերում կամ սերիալներում նկարահանվելու առաջարկներ եղե՞լ են:

- Չէ, որովհետեւ ես մի քիչ պրոբլեմատիկ եմ, ինձ չի կարելի ամեն ծրագրի հրավիրել հյուր եւ ամեն առաջարկ անել: Ես այսօրվա հեռուստատեսության առաջարկներից 10 տոկոսին եմ համաձայնվում:

- Ո՞վ է Ձեր երաժշտական կուռքը:

- Ես ունեմ երեք երաժշտական կումիր: Առաջինը Սթիվի Ուանդերն է՝ համաշխարհային երաժշտության մեջ: Երկրորդը՝ ոչ պակաս լեգենդ ռուս Սերգեյ Ռախմանինովն է, որպես դասական երաժիշտ, եւ երրորդ՝ ինձ համար ռուսական երգը դա Նիկոլայ Նոսկովն է:

- Ինչքա՞ն եք պատրաստ վճարել նրանց համերգին ներկա գտնվելու համար:

- Ինչքան փող ունեմ...