Սփյուռքահայ մամուլ

Սփյուռքահայ մամուլ
Այսօր սփյուռքն ապրում է ակտիվ մշակութային կյանքով, ինչից մենք շատ հաճախ անտեղյակ ենք. նոր ներկայացումներ են բեմադրվում, ֆիլմեր են նկարահանվում, երգեր են գրվում, գրքեր են լույս տեսնում, եւ եթե այսօր արբանյակային ալեհավաքի շնորհիվ սփյուռքը քիչ թե շատ տեղյակ է հայաստանյան ներքին կյանքին, ապա մենք գրեթե անհաղորդ ենք եւ անտեղյակ սփյուռքի մշակութային անցուդարձին: Այսուհետ մենք կփորձենք պարբերաբար մեր ընթերցողներին ներկայացնել սփյուռքի նորությունները: Կալիֆոռնիայում տպագրվող "Ասբարես" թերթը տեղեկացնում է, որ կինոռեժիսոր Շերի Ֆսթըքճյանի վերջին՝ "Արմեն" կարճ ֆիլմը մասնակցել է CSU Arts and Media  փառատոնին եւ "լավագույն բեմադրության" համար արժանացել մրցանակի: "Արմեն" ֆիլմում պատմվում է նացիստական Գերմանիայում ապրող մի հայ ժամագործի մասին, որը 1915 թվականին վերապրել է Հայոց ցեղասպանությունը եւ իր ուսերի վրա է վերցնում մի հրեա ընտանիքի փրկության պատասխանատվությունը: Կինոռեժիսորը՝ հայրական անունով Շաղիկ Թուխմանյանը, ծնվել է Արաբական Միացյալ Էմիրություններում: "Ինչպե՞ս է  դարձել ռեժիսոր" հարցին Շերին պատասխանել է. "Ես միշտ՝ մանուկ հասակից սիրել եմ գրել ու պատմություններ պատմել, եւ կինոարվեստի տեսողական կախարդանքը միշտ ճանապարհորդություն է թվացել ինձ համար: Ես կարծում եմ, որ կինո նկարահանելու ցանկությունը այն բաներից մեկն է, որ փոքր ժամանակից է գրավում մարդուն, եւ այնպես չէ, որ մի օր արթնանում եւ ուզում ես դրանով զբաղվել": Իսկ ինչպե՞ս են գաղափարները ծնվում նրա մոտ: "Կարող է սրճարանում նստած լինեմ եւ կողքիս լսեմ երկու մարդկանց զրույց, եւ դա կարող է ինձ կայծ տալ որեւէ ֆիլմի մեջ մի տեսարան բեմադրելու համար": Նույն թերթը տեղեկացնում է նաեւ, որ "Լոս Անջելես" ֆիլմ-փառատոնին, որը տեղի կունենա հունիսի 17-27-ը, պետք է ներկայացվի Ռոբեր Գոտիկյանի նոր՝ "Ոճիրի բանակը" ֆիլմը: Ֆիլմի գլխավոր հերոսն է ֆրանսահայ հայտնի դերասան Սիմոն Աբգարյանը: Նա խաղում է Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս Միսակ Մանուշյանի դերը, իսկ վերջինիս կնոջ դերը խաղալու է ֆրանսիացի հայտնի դերասանուհի Վիրժինի Լտուայենը: Հաջորդ մշակութային իրադարձությունը, որին անդրադառնում է թերթը, "Արտավազդ" թատերախմբի նոր ներկայացումներն են: Օրերս Լոս Անջելեսի "Ա. Մանուկյան" կենտրոնի սրահում "Արտավազդ" թատերախումբը  ներկայացրել է Մոլիերի "Ակամա բժիշկ" եւ Լյուդովիկ Հալեւիի եւ Հանրի Մեյլհաքի "Բրազիլացին" կատակերգությունները, որոնք բեմադրել է Գրիգոր Սաթամյանը: Հոդվածագիր Գեւորգ Պետիկյանը գտնում է, որ թատրոնը սփյուռքահայության իրականության մեջ մեծ անհրաժեշտություն է. "Այն հսկայական դեր ունի հայապահպանման գործերի մեջ, որովհետեւ թատրոնը դպրոց է, որտեղ դերասանը լեզու է սովորում  նաեւ: Հավատում եմ, որ հայ թատրոնը զարգանում է հայ թատերգությամբ: Մյուս կողմից էլ ճիշտ է, որ թատերական գրականություն չունենք, սակայն կարծում ենք՝ եթե պրպտենք, կգտնենք թատերագիրներ եւ, ներկայացնելով նրանց գործերը, միաժամանակ կզարգացնենք թատերական գրականությունը: Այս առումով շատ անելիքներ ունենք": Տեղեկանում ենք նաեւ, որ ներկայացումների ավարտին թատերախմբին նաեւ դրամական նվիրատվություն են արել անհատ անձինք՝ 10 հազար, 5 հազար, 1000 դոլարի սահմաններում: