Նվեր չեմ տալու, դա մոռացեք

Նվեր չեմ տալու, դա մոռացեք
Երեւանի Կենտրոնում գերակա հանրային շահ ճանաչված տարածքում կառուցապատում իրականացնող սիրիահայ գործարար Ավետիս Կարագուլյանը, որին Հայաստան է բերել Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը, իր կառուցած շենքերում պաշտոնյաներին տուն չի նվիրել, չի էլ պատրաստվում: Փոխարենը բարեհաջող վաճառել է բնակարաններ նույն պաշտոնյաներին: "Միլանո" խանութի տարհանման գործով հայտնի կառուցապատողի գործունեության շարունակման համար երեկ կառավարությունը համապատասխան լիազորություն է տվել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին՝ փոխհատուցման պայմանագրերում ըստ անհրաժեշտության կատարել փոփոխություններ կամ լրացումներ: Մամուլը շտապեց եզրակացնել, թե Հյուսիսային պողոտայում իրականացված անարդար փոխհատուցումն է շտկվում: Իրականում փոխհատուցման չափի փոփոխության մասին խոսք չկա, խոսքն ընդամենը փոխհատուցման ձեւերի փոփոխության մասին է: Ներկայացնում ենք Ավետիս Կարագուլյանի հետ մեր զրույցը:



- Պարոն Կարագուլյան, ի՞նչ է նշանակում այս լիազորությունը:



- Քաղաքապետը մեզ պետք է լիազորի, որ ես իր անունից կարողանամ պայմանագրեր կնքել, մարդ կա՝ տան փոխարեն գումար եմ տալիս, մարդ կա, որ տան փոխարեն տուն եմ տալիս: Ներկա օրենքով ընտրված քաղաքապետը լիազորություն չի կարող տալ: Ես դիմել էի կառավարությանը, որ հարցին լուծում գտնվի: Ասենք` մեկը եկել է, փոխհատուցման դիմաց այս շենքից չի ուզում տուն, կողքի շենքից է ուզում: Ես նախնական պայմանագիրը փոխելու համար պետք է լիազորագիր ունենամ, բայց հիմա այդ լիազորությունը չունեի, քանի որ ընտրված քաղաքապետի պարագայում փոխվել է օրենքը:



- Հնարավո՞ր է նաեւ փոխհատուցման չափի փոփոխության մասին է խոսք գնում:



- Չէ: Սա կապ չունի փոխհատուցման չափի հետ: Առանց լիազորագրի ես արդեն ոչ մի բան չէի կարող անել:



- Ասել է թե "Միալոն" եւ մնացածները հույսեր չեն կարող ունենալ, որ որեւէ բան կփոխվի:



- "Միլանոն" ինձ հետ պայմանագիր չունի, որ ես փոխեմ կամ չփոխեմ: "Միլանոն" սրա հետ ոչ մի կապ չունի:



- Պարոն Կարագուլյան, իսկ մեր պաշտոնյաներից որեւէ մեկին բնակարան նվիրե՞լ եք Ձեր նորակառույց շենքում:



- Չեմ նվիրել, բայց ծախել եմ: Պաշտոնյաներ կան, որ գնել են:



- Իսկ ո՞ր պաշտոնյաներն են Ձեզնից բնակարան գնել, թե՞ դա գաղտնիք է:



- Չէ, գաղտնիք չէ: Դուք կարող եք բոլորը տեսնել, կադաստրի կոմպյուտերի մեջ բոլորը կա: Ոչ էլ իրենք թաքցնում են: Շատերն են բնակարան գնել, մոտ 10 պաշտոնյա ունեմ, որ ինձանից գնել են:



- Ուրախալին այն է, որ իրենց աշխատավարձով են գնել այդ տները:



- Ես դա չգիտեմ: Ինձ համար կարեւորն այն է, որ եկել-գնել են, եւ ես կարող եմ բիզնեսը շարունակել:



- Իսկ Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը Ձեր շենքում գնե՞լ է բնակարան:



- Լեւոն Սարգսյանն անձամբ չի գնել բնակարան: Շատերն են գնել: Ինձ մոտ դեպուտատ էլ է գնել, նախարար էլ: Հիմա ինչ՝ ամեն մեկին ասենք, թե ինչո՞ւ է գնել: Ես մի բան ասեմ՝ պիտի ուրախանաք, որ հայաստանցի է գնողը: Մեծ առավելություն է, եթե կարողացել է հայաստանցին տուն գնել: Ինձ համար ուրախալի է: Նվեր չեմ տվել, չեմ էլ ուզում տալ, դա մոռացեք: