Նախարարը Սյունիք ժամանեց ուղղաթիռով

Նախարարը Սյունիք ժամանեց ուղղաթիռով
Հանրապետական լրատվամիջոցների մարզային թղթակիցները  նախապես տեղեկացված չէին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի` Սյունիքի մարզ այցի մասին: Միայն կապանյան երկնքում ուղղաթիռի ձայնից հասկացանք, որ բարձրաստիճան պաշտոնյա է ժամանել: Սա նախարարների դեպքում հազվադեպ է լինում: Այնպես որ, տեղացիները սպասում էին, թե ուղղաթիռից իջնելու են, ասենք, նախագահը, վարչապետը կամ էլ գոնե փոխվարչապետը: Իսկույն լուր տարածվեց, թե փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն էլ է եկել: Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ փոխվարչապետը Վայոց ձորի մարզում է, ու սյունեցիները եզրակացրին` գուցե նույն ուղղաթիռը նախ Վայքում է վայրէջք կատարել, հետո՝ Կապանում: Ի դեպ, վերջերս մի քանի ժամով Սյունիքի մարզ այցելած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ էր ուղղաթիռով եկել:





Ինչևէ, նախարար Քուշքյանը եղավ Կապանի բժշկական կենտրոնում: Նշենք, որ հիվանդանոցն անցած տարվա դեկտեմբերից նորոգվում է տեղացի գործարարների աջակցությամբ: Երբ Համաշխարհային բանկի ծրագիրը տեղափոխվեց Գորիս, ու մարզկենտրոնի հիվանդանոցի նորոգումն ընդգրկվեց 2011-ի պետբյուջեում, Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը կոչ արեց բոլորին չսպասել ոչ մի բանի ու հնարավորության դեպքում աջակցել նորոգմանը: "Հայաստան" հիմնադրամի միջոցներով նորոգվում է կենտրոնի մանկական բաժանմունքը:



Ինչ վերաբերում է Գլենդել-Կապան քույր քաղաքների միության կողմից ծննդաբերական բաժանմունքի նորոգմանը, ապա Հ. Քուշկյանն ասաց, որ գլենդելցիները պաշտոնապես կոնկրետ ծրագիր չեն ներկայացրել: Հիշեցնենք, որ մեկ-երկու տարի առաջ Գլենդել-Կապան քույր քաղաքների միությունը հայտարարեց, որ Գլենդելում հանգանակված 250 հազար ԱՄՆ դոլարը հատկացվելու է Կապանի  ծննդաբերական բաժանմունքի  մասնաշենքի նորոգմանը` պայմանով, որ այդ մասնաշենքը չմասնավորեցվի եւ մնա համայնքային ենթակայության: Հարցը մինչ օրս առկախ է մնում:  "Երբ նրանք հստակ առաջարկ ներկայացնեն, մենք կնստենք ու կքննարկենք",-ասաց նախարարը: Ի դեպ, "Հրապարակը" հուլիսի 20-ի համարում անդրադարձել էր այս անհասկանալի մութ պատմությանը:



Գլենդել-Կապան քույր քաղաքների միության պատասխանատուները, չնայած պաշտոնական որեւէ բան չեն ասում, բայց մեզ հաջողվեց կապվել միության անդամների հետ: Գլենդելցիներն ասացին, որ իրենք էլ իրենց հերթին սպասում են, որ հայաստանյան կառույցները մի եզրահանգման գան ու որոշեն` Կապանին պե՞տք է ծննդատուն: Հոկտեմբերին սպասվում է գլենդելցիների այցը Կապան, ու արդեն այդ ժամանակ  հարցը վերջնականապես իր լուծումը կստանա: Ամեն դեպքում, Գլենդելում ապրող մեր հայրենակիցները  մտածում են, որ կարելի է հիվանդանոցի որեւէ մասնաշենքի մի հարկաբաժնում ունենալ ժամանակակից ծննդաբերական բաժանմունք` հագեցված բոլոր սարքավորումներով:



"Ծննդաբերական բաժանմունքի նորոգման գործընթացը երբեք մեր կողմից չի կասեցվել ու դեմ արտահայտվող չի եղելե"-ասացին գլենդելյան մեր աղբյուրները: Նախարարը Կապան էր եկել Մեղրիից, որտեղ ծանոթացել էր նոր հիվանդանոցի կառուցման նախագծին: Այցն ավարտվեց Գորիսում: