Զինկոմը Կարո Այվազյանից տեղյակ չէ, նորանշանակ է

Զինկոմը Կարո Այվազյանից տեղյակ չէ, նորանշանակ է
Մարտունու զորամասերից մեկում վերջերս սպանված Կարո Այվազյանին զորակոչելու օրինականության հարցը, ի թիվս մյուս սպանվածներին վերաբերող հարցերի, ուսումնասիրում է ՀՀ ՊՆ քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով բաժինը: Այս մասին մեզ տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետը: Հիշեցնենք, որ Կարո Այվազյանին զորակոչել էր Երեւանի Արաբկիրի զիկոմիսարիատը, ըստ տղայի հարազատների՝ ապօրինի:



Զինկոմ Քարամյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ Կարո Այվազյանին զորակոչելու հանգամանքների մասին ոչինչ չի կարող ասել, քանի որ այդ ժամանակ ինքը չի եղել այդ շրջանի զինկոմը եւ մի քանի ամիս առաջ է նշանակվել այդ պաշտոնում: Խնդրեցինք ընդհանրապես բացատրել, թե ինչպե՞ս է լինում, երբ զորակոչի ոչ ենթակա տղային, այս դեպքում՝ Կարո Այվազյանին, բանակ են տանում, եթե նա միակողմանի ծնողազուրկ է, հոգեվիճակը կայուն չի եղել, անցյալն էլ` կասկածելի, ու նրան չէր կարելի զենք տրամադրել: Պարոն Քարամյանն ասաց, որ զորակոչիկի մասին հավելյալ տեղեկություն ձեռք են բերում հարեւանությունից: Իսկ եթե հարեւանությունը սխալ տեղեկություն է տրամադրո՞ւմ՝ հարցրինք:



"Դե, ինչ կանալներով որ հնարավոր ա, ճշտում ենք",-ասաց: Ինչ վերաբերում է Կարո Այվազյանի գործին, զինկոմ Քարամյանն ասաց, որ նրա պապիկի տեղեկությունները փաստերով չեն հաստատվել, ու տղայի գործում չկան պապիկի ասածները հաստատող փաստաթղթեր: Իսկ որ ծնողազո՞ւրկ էր՝ հարցրինք: "Կարո Այվազյանը հայր էլ ունի, բոլոր փաստաթղթերով անցնում ա: Պապիկը որ ասում ա երեխան հորը չի հիշում, դա առայժմ փաստաթուղթ չի, որը կարելի է կցել գործին: Եթե այդ սկզբունքով գնանք, կարող ենք սկսել բաժանել՝ ով շատ է հիշում ու ով է քիչ հիշում իր հորը: Մենք ինչո՞վ հիմնավորենք, տեղեկանք պիտի լինի: Նա ուներ եւ հայր, եւ մայր: Բայց ինչքան ես գիտեմ, այն ժամանակ ինքը հայտարարություն չի արել, որ հայր չունի: Գրած է, որ հայր ունի",-ասաց զինկոմ Քարամյանը: Ինչ վերաբերում է դատվածությանը, ապա նշեց, որ այդ մասին նույնպես տեղեկանք չկա:



"Ինքը գողություն ա արել Ամերիկայում, իրան տուտ-ժե պադզալոգ հանել են, Ամերիկայում ըտենց ա, մանր-մունր բան ա դա",-ասաց զինկոմ Քարամյանը: Հիշեցնենք, որ մեր թերթին տված հարցազրույցում Կարո Այվազյանի պապիկը Արաբկիրի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արմեն Հակոբյանին ասել էր, որ թոռանն ազատի բանակից՝ անկայուն հոգեվիճակի, վատ առողջության պատճառով, կամ գոնե որպես միակողմանի ծնողազուրկի, ծառայության ուղարկի մոտիկ զորամաս: Ծերունուց այդ ծառայության համար 4 հազար դոլար են պահանջել:



Զինկոմ Քարամյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ փոխգնդապետ Արմեն Հակոբյանին ազատել են աշխատանքից ու տեղափոխել կադրերի տրամադրության տակ, բայց չասաց, թե ինչ հիմքով: Մենք էլ տղայի 70-ամյա պապիկին չհավատալու հիմքեր չունենք ու իրավունք ունենք մտածել, որ եթե զորակոչիկի գործը "մաքուր" չկազմվեր, այլ ջանք գործադրվեր, որ տղան ներկայացներ համապատասխան փաստաթղթերը, նրան բանակ չէին տանի: