Ռոքը վարչապետի տարերքն է

Ռոքը վարչապետի տարերքն է
Երեկվանից կարճաժամկետ արձակուրդի  է մեկնել նաեւ վարչապետը: Սակայն, ի տաբերություն շատերի, վերջինս ոչ թե հայաստանյան խնդիրների լուծումներով ու կառուցողական իդեաներով ծանրաբեռնված ուղեղն է  հանգստացնելու, այլեւ բուժզննություն է անցնելու: Թե որ երկրում՝ կառավարությունում խիստ գաղտնի են պահում, խորհուրդ են տալիս բավարարվել իրենց տարածած հաղորդագրությամբ: "Ցանկանում եմ ձեռնպահ մնալ, կխնդրեի բավարարվել մեր հաղորդագրությամբ",-ասաց վարչապետի օգնական Արամ Անանյանը:



Հիշեցնենք, որ վարչապետի առողջական վիճակը վատացավ ապրիլի սկզբին, եւ նրան շատ օպերատիվորեն տեղափոխեցին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին պատկանող "Նաիրի" բժշկական կենտրոն, ապա նրան այցելեց Սերժ Սարգսյանը:  Ի դեպ, այն ժամանակ էլ խիստ գաղտնի էր պահվում վարչապետի գտնվելու վայրը: Լուրեր տարածվեցին, թե գլխուղեղի կաթվածով է տեղափոխվել,  բայց պաշտոնական տեղեկատվությամբ՝ ընդամենը բուժզննում էր անցնում:



Մի խոսքով, երբ Տիգրան Սարգսյանի օգնական Արամ Անանյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է նախընտրել արտասահմանյան բուժզննությունը, չի՞ վստահում տեղական բժշկությանը, նա խորհուրդ տվեց հարցի պատասխանը գտնել վարչապետի՝ հինգ հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, որտեղ էլ իր կարճաժամկետ արձակուրդն ու արտասահմանյան բուժզննությունը  մեկնաբանել  է հետեւյալ կերպ. "Նպատակ ունեմ անցնել բժշկական հետազոտություն Եվրոպայի որեւէ առողջապահական կենտրոններից մեկում, իմ երեւանյան բժիշկն ինձ խորհուրդ է տալիս այդ հետազոտությունն անցնել, որպեսզի ամբողջ էներգիայով լծվենք 2010 թվականի ծրագրերի կատարման աշխատանքներին": Թե որքանով կօգնի քառօրյա արձակուրդը վերջինիս լծվել 2010 թվականի աշխատանքների ամբողջական իրականացմանը՝ հայտնի չէ, բայց  ակնհայտ է, որ ավելի շռայլ է գտնվել կառավարության անդամների ամառային հանգստի հարցում: Եթե անցած տարի ճգնաժամի պատճառաբանությամբ նրանց զրկեց հանգստի իրավունքից, ապա այս տարի ազատ ռեժիմ է շնորհել՝ երկու շաբաթ: Իհարկե, ողջունելի է Տիգրան Սարգսյանի հանգստի ու աշխատանքի հարաբերակցությունը, բայց գուցե պատճառներից մեկն էլ այն է, որ վերջինս իր աշխատանքային օրերը շատ բովանդակալից է անցկացնում, լիցքաթափվելու ժամանակ գտնում է եւ այդքան էլ գերհոգնած չէ:



Օրինակ, ուրբաթ օրը նա ներկա է գտնվել "Բամբիռ" ռոք խմբի համերգին: Թերեւս բոլորը գիտեն Տիգրան Սարգսյանի երաժշտական ճաշակի մասին, նա  ռոքի սիրահար է եւ բաց չի թողել Ժուռնալիստների միությունում տեղի ունեցած "Բամբիռի" համերգը: Հարցին, թե ինչ պարբերականությամբ է ռոք համերգներով լիցքաթափվում պարոն վարչապետը, նրա օգնականը պատասխանեց. "Պարբերականությունը չեմ կարողանա նշել, ռոք երաժշտությունը նրա նախասիրությունն է, հրավիրել են, վարչապետն էլ ներկա  է գտնվել": Ինչ վերաբերում է անցած տարվա արձակուրդին, ապա, օգնականի փոխանցմամբ, անցած տարի արձակուրդ չի գնացել: Թերեւս սա էր պատճառը, որ (ինչպես վստահեցրել էին կառավարության որոշ անդամներ) մենք պատվով հաղթահարեցինք համաշխարհային ճգնաժամը: