Պատասխանում է գլխավոր նոտարը

Պատասխանում է գլխավոր նոտարը
Արդարադատության նախարարության աշխատակազմի նոտարիատի բաժնի պետ Մարիամ Գաբոյանը պատասխանել է մեր թերթի օգոստոսի 25-ի համարում տպագրված «Օրենքի առաջ» հոդվածին  (հեղինակ՝ Արփի Ոսկանյան): 



Երեւանում գործում են թվով 5 Կենտրոն նոտարական գրասենյակներ, հետեւաբար, դրանց մասին խոսելիս պետք է նշել նաեւ հասցեն, որպեսզի պարզ լինի որի մասին է խոսքը: Ինչ վերաբերում է ժառանգության գործերին, ապա մինչեւ 2008թ. Երեւան քաղաքի բոլոր ժառանգական գործերը կենտրոնացված էին (նախկին օրենսդրությամբ) Երեւանի նախկին թիվ 1 նոտարական գրասենյակում:



ՀՀ կառավարության նոտարիատի բնագավառում ծագած հիմնախնդիրների լուծման ժամանակացանկում ընդգրկվել էր նաեւ ժառանգական գործերն այդ գրասենյակից ապակենտրոնացնելու խնդիրը, քանի որ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի նոտարիատի բաժնի կողմից ավարտվել էին ժառանգական գործերի գրանցման տեղեկատվական ցանցի ստեղծման աշխատանքները: Այս հանգամանքից ելնելով, ՀՀ արդարադատության նախարարի 29.09.2008թ. թիվ 145-Ն հրամանով ժառանգական գործերը ապակենտրոնացվեցին, այսինքն` մինչեւ 2008թ. հոկտեմբերի 15-ը մահացած ժառանգատուների ժառանգական գործերով քաղաքացիները կարող էին դիմել հանգուցյալի բնակության վայրի նոտարական գրասենյակներին:



Սրանով բեռնաթափվում էր Երեւանի նախկին թիվ 1՝ այժմ Կենտրոն նոտարական տարածքի (Բաղրամյան 1 փակուղի, 14ա շենք) նոտարական գրասենյակը, վերանում էին այդ պատճառով առաջացած հերթերը: 2008թ. մինչեւ 2010թ. ժառանգական գործերը կատարվել են նշված հրամանի համաձայն:



Այդ ընթացքում ՀՀ արդարադատության նախարարությունը ստանում էր բազմաթիվ դիմումներ, ինչպես նաեւ առաջարկություններ, որ ավելի ճիշտ կլինի վերը նշված գործող ցանցի պայմաններում էլ ավելի ազատականացնել այդ գործընթացը եւ թույլ տալ քաղաքացիներին դիմել ցանկացած նոտարի:  ՀՀ արդարադատության նախարարն ընդառաջ գնաց քաղաքացիների այդ խնդրանքին եւ 2010թ. հունիսի 18-ի թիվ 98-Ն որոշմամբ փոփոխություն մտցրեց 2008 թ. վերոնշյալ հրամանում, եւ այժմ ժառանգական գործերով քաղաքացիները կարող են դիմել ցանկացած նոտարի:



Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ժառանգական գործերը նոտարներն ընդունում են, հերթագրում, ստանալու ժամկետ նշանակում, այնուհետեւ առանց հերթի սպասարկում այդ քաղաքացիներին, եւ իրոք՝ հերթեր նոտարական գրասենյակներում չկան: Հերթեր այժմ  նոտարական գրասենյակներում լինում են հիմնականում հուլիս-օգոստոս ամիսներին, երբ քաղաքացիներին անհրաժեշտ է համաձայնություն տալ երեխաներին հանգստի ուղարկելու եւ այլ նպատակով: Այդպիսի դեպքում քաղաքացին գերադասում է սպասել եւ նույն օրն ավարտել իր գործը:



Տարիներ շարունակ մենք նոտարներին աշխատում ենք արձակուրդ չտալ հուլիս-օգոստոս ամիսներին, սակայն դա միշտ հնարավոր չէ եւ ճիշտ չէ, քանի որ նոտարները նույնպես երեխաներ ունեն, որոնք եւս հանգստի կարիք ունեն եւ պետք է սեպտեմբերի 1-ին հաճախեն դպրոց: Հերթեր  են առաջանում նաեւ նոտարական գրասենյակներում նոտարների ոչ լրիվ կազմով աշխատելու համար: Այս մասին բազմաթիվ անգամ ասվել է հեռուստացույցով, թերթերում:



Հանրապետության բոլոր  նոտարական գրասենյակներում փակցված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից սահմանված սակագինը, այսինքն` նոտարի մատուցած ծառայության դիմաց գանձվելիք գումարի չափը մինիմումից մաքսիմում: Հետեւաբար, որեւէ մեկը չի կարող իմանալ կամ ասել, թե նոտարն ինչ գումար է գանձելու իր մատուցած ծառայության համար: Նա կարող է գանձել միջին կամ բարձր գումար` կախված իր կատարած աշխատանքից եւ այլ հանգամանքներից: Ինչ վերաբերում է մյուս նոտարների կողմից ժառանգական գործով չզբաղվելուն, կարծում եմ, որ, ըստ ՀՀ  արդարադատության նախարարի հրամանի, Երեւան քաղաքի շրջանների նոտարները եւ այժմ էլ ցանկացած նոտար կարող է ձեւակերպել այն հանգուցյալի  ժառանգական գործերը, որոնք մահացել են 2008 թ. հոկտեմբերի 15-ից հետո:



Դա ունի իր պատճառները եւ պայմանավորված է նախկին նոտարական գրասենյակում հանգուցյալի գույքի մի մասի վերաբերյալ արդեն տրված  ժառանգական գործերով: Իսկ դա նշանակում է, որ նույն նոտարը պետք է կատարի  ժառանգական գործը, որպեսզի քաղաքացին նեղություն չկրի՝ հավաքելու այն փաստաթղթերը, որոնք արդեն կան նախկին գործում:



Հուսով եմ հասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ է ժառանգական գործն առանձնացված մյուս գործերից, որը անտրամաբանական էր թվացել Ձեզ:Ինչ վերաբերում է երկրից ընդհանրապես գնալ ցանկացող անձանց, ապա նրանք կարող են ոչ թե օրերով, այլ ամիսներով հաստատել իրենց այս կամ այն փաստաթուղթը, հետեւաբար՝ անընդհատ լինել կոնկրետ այն գրասենյակում, որն իրենք նախընտրում են: Եթե հերթերը շատ են, եւ նկարչուհին դժգոհում էր, կարող էր դիմել մեկ այլ նոտարական գրասենյակ, որտեղ հերթեր չկան: Իսկ նրա դժգոհությունը եւ երկրից գնալու ցանկությունը պայմանավորել միայն նոտարական գրասենյակի հերթերով, կարծում եմ՝ չափազանցված է: