Մանկապարտեզները վերանորոգո՞ւմ են, թե՞ յուրացնում

Մանկապարտեզները վերանորոգո՞ւմ են, թե՞ յուրացնում
Երեւանի քաղաքապետարանը վերջին շրջանում խիստ «մտահոգված» է մանկապարտեզների ճակատագրով: Վերանորոգելու  ու նորը կառուցելու անվան տակ  դրանք լուծարվում են ու փակվում: Օրինակ, ավագանու նախորդ նիստում բուռն քննարկվեց թիվ 115 մանկապարտեզի ճակատագիրը: Քաղաքապետարանը որոշել է այն լուծարել՝ հետագայում «վերանորոգելու» նպատակով: Իսկ սաներին աշխատակազմի հետ պետք է տեղավորեն հարեւանությամբ գտնվող թիվ 116 մանկապարտեզում: Հիմա էլ Կորյունի 8 հասցեում գտնվող թիվ 1 մանկապարտեզի վրա են աչք դրել:



Սա էլ են որոշել «վերանորոգել», սակայն կարծես թե ծնողներին լավ չեն համոզել իրենց «բարի» նպատակների մասին: Ծնողներից մի քանիսը մեզ էին ահազանգել, թե հերթական մանկապարտեզն են փորձում մեջ-մեջ անել: Այդ նպատակով նախ տարբեր մանկապարտեզներում տեղավորել են երեխաներին, ապա աջակցել աշխատակազմին, որ գործազուրկ չդառնան: Նման  հոգատար վերաբերմունքը ծնողներին ավելի է վրդովեցրել, նրանք դա բացատրում են «շուխուր չգցելու» մտադրությամբ: Այլապես դժգոհ մասսան հարամ կաներ «վերանորոգման» գործը:



Մի խոսքով, սեպտեմբերի 10-15-ից հայտարարվել է մանկապարտեզի «հիմնանորոգման» մասին: Մանկապարտեզի գրատախտակին փակցրել են այն մանկապարտեզների ցանկը, որտեղ հնարավոր է երեխաներին տեղավորել, աշխատակիցներին էլ են այստեղ-այնտեղ տեղավորել ու վերջ 1930 թվականից գործող  նախադպրոցական հաստատությանը: Մենք ծնողների զանգերից հետո այցելեցինք մանկապարտեզ: Իրոք որ՝ ներսում վիճակն անմխիթար էր. չնայած պատերը կանգուն էին, բայց շենքը վթարային վիճակում էր:  Միայն բակն էր բարեկարգված ու գեղեցիկ:



Մանկապարտեզում մարդ չկար, բացի պահակից էր, որը շարունակում է խնամել  քանդվող շինության  կանաչ բակն ու ծառերը: Նա մեզ ուղեկցեց ներս: Դատարկ մահճակալներ, օրորոցներ, աթոռներ ու սենյակներ: Որոշ սենյակներ կոսմետիկ վերանորոգված էին, նույնիսկ պատուհաններն էին փոխված: Մանկապարտեզի վերջին մոհիկանը պատմեց, որ կարիճներն ու առնետները վերջին շրջանում ազատ ելումուտ են անում շենքում: Նրա վստահեցմամբ, եթե այդպես շարունակվեր, առնետներն ու կարիճները թվով գերազանցելու էին սաներին:



Ի դեպ, մոտ 10 խումբ է եղել այստեղ՝ 2 հարյուրից ավելի երեխա եւ 25 հոգանոց աշխատակազմ: Այլ մանրամասներ շենքի պահապանը չտրամադրեց, նա տեղյակ չէր, թե ինչու են քանդում ու ով է տիրանում շենքին կամ տեղը ինչ է վեր խոյանալու: Այս հարցերի պատասխանը փորձեցինք լսել քաղաքապետարանից: Կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը վրդովվեց, երբ հարցրինք՝ ինչո՞ւ են քանդում մանկապարտեզը եւ ի՞նչ է դրա փոխարեն կառուցվելու: «Մանկապարտեզի լուծարման խոսակցություն ու նպատակ չկա:



Շենքը 30-ական թվականների բաղդադի կառույց է, որն ամեն վայրկյան վտանգ է սպառնում երեխաների առողջության համար: Կարիճներով լցված է ամբողջ մանկապարտեզը, նույնիսկ անկողինների մեջ էին մտնում: Մենք համաճարակայինին դիմեցինք՝  վերանորոգման  աշխատանքներ կատարելու համար, պարզվեց, որ տանիքի փլվելու վտանգն էլ կա: Մասնագետներ հրավիրեցինք, եւ անհրաժեշտություն եղավ արագ փակել ու շտապ վերանորոգել»:



Սակայն, տիկնոջ վստահեցմամբ, մասնագետները եկել են այն եզրահանգման, որ վերանորոգումը չի փրկի, պետք է շուտափույթ քանդել ու նոր մանկապարտեզ կառուցել: Գայանե Սողոմոնյանը հավատացրեց, որ ոչ ոք դրսում չի հայտնվել, բոլորն  էլ տեղավորվել են աշխատանքի այլ մանկապարտեզներում: Մեր այն հարցին, թե արդյոք նպատակն այդ տեղում այլ շինություն, ասենք՝ էլիտար շենք, կառուցելը չէ՞, տիկին Սողոմոնյանը վստահեցրեց, թե «մտքներով անգամ նման բան չի անցել». «Քաղաքապետարանը առաջ է տանում նոր մանկապարտեզների գաղափարը: Սրա փոխարեն էլ հետո  նոր մանկապարտեզ պետք է բացվի»: Իսկ մենք կհետեւենք այս մանկապարտեզի հետագա ճակատագրին: