Արցախում կիրակի օրն էլ են աշխատում

Արցախում կիրակի օրն էլ են աշխատում
Ղարաբաղի ղեկավար Բակո Սահակյանի աշխատանքային գրաֆիկն այնքան գերբեռնված է, որ նա ստիպված աշխատում է նաեւ կիրակի օրերը։ Հոկտեմբերի 3-ին նա այցելություններ է կատարել Ստեփանակերտում եւ քաղաքի շրջակայքում գտնվող մի շարք օբյեկտներ: Նախ՝ մայրաքաղաքի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոնում ծանոթացել է այդ հաստատության գործունեությանն ու աշխատանքային պայմաններին եւ նշել, որ «օրթոպեդիկ կենտրոնի պայմանները շոշափելիորեն տարբերվում են նախկինից եւ անհրաժեշտ է էլ ավելի բարելավել դրանք», ապա այցելել է Ստեփանակերտում կառուցվող թիվ 6 միջնակարգ դպրոց եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Նախագահը կատարվող շինարարությունը գնահատել է բավարար եւ նշել, որ «անհրաժեշտ է արագացնել աշխատանքների տեմպերը»:



Վերջում Բ. Սահակյանն այցելել է Մեղրագետի վրա կառուցվող հիդրոհանգույց եւ, ԼՂՀ նախագահի մամլո ծառայության տեղեկատվության համաձայն, կարեւորել այս օբյեկտի շինարարությունն ու «այն համարել մայրաքաղաք Ստեփանակերտի անխափան ջրամատակարարման ապահովման հանգուցային օղակներից մեկը»:



Այդ ամբողջ այցելությունների ժամանակ նրան ուղեկցում էին երկրի վարչապետն ու պաշտոնատար այլ անձինք: Ուղղակի անհասկանալի է, թե կիրակի օրը մարդիկ ինչու էին աշխատում վերոհիշյալ օբյեկտներում։ Չէ որ կիրակին համարվում է ոչ աշխատանքային օր։ Իսկ ահա երկուշաբթի օրվա ողջ ընթացքում մեզ չհաջողվեց մտնել ԼՂՀ կառավարության պաշտոնական կայք։ Պարզվում է, որ չնայած երկուշաբթին աշխատանքային օր է, Արցախի կառավարության ողջ շենքում ինտերնետային կապ չկա, կապի այդ միջոցի համար «հանգստի օր» է։ Մեր տեղեկություններով՝ կառավարության շենքի ինտերնետային կապն ապահովում է Ռալֆ Յիրիկյանի ղեկավարած «Ղարաբաղ Տելեկոմը», որի՝ Ստեփանակերտում եւ այլուր տեղադրված հսկա չափերով գովազդային վահանակների վրա գրված է. «Ղարաբաղ Տելեկոմ՝ միշտ հասանելի»։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ