Երվանդ Բոզոյան. Լարումը կարող է պատերազմի բերել

Երվանդ Բոզոյան. Լարումը կարող է պատերազմի բերել
Ինչպես եւ ակնկալվում էր, Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների  աստրախանյան հանդիպումն էական որեւէ առաջընթաց չարձանագրեց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Ըստ էության, Ռուսաստանը փորձում է լրացուցիչ միջնորդական առաքելություն իրականացնել մինչեւ Աստանա: Նախագահների եռակողմ հանդիպումների ֆորմատը, ինչպես գիտենք, Ռուսաստանի կողմից արդեն ընդունված է: Սակայն եթե Մայնդորֆյան հռչակագրի ժամանակ  Ռուսաստանին հաջողվեց կորզել ուժի չկիրառման կետը, Աստրախանում այդ կետն էլ չեղավ:



Փաստացի Աստրախանում կողմերը պայմանավորվեցին ուղղակի հումանիտար խնդիրների լուծման շուրջ: Սա նշանակում է, որ Ադրբեջանի  դիրքորոշումն էլ ավելի է կոշտանում: Նա շեշտակիորեն կոշտացնում է  իր դիրքորոշումն ու կոմպրոմիսի համար այլեւս որեւէ անցք չի թողնում, ինչը բնականաբար էլ ավելի է բարդացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների վիճակը: Իմ կարծիքով՝ սա պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ Հայաստանը թե միջազգային ասպարեզում եւ դիվանագիտական ճակատում, թե ներքին կյանքում գնալով թուլանում է, մինչդեռ Ադրբեջանը՝ ճիշտ հակառակը:



Զգալով այդ բալանսի փոփոխությունը, Ադրբեջանն օր-օրի ցուցադրում է իր մկանները, իսկ մկանների քաղաքականությունը, իմ կարծիքով, եթե երկար շարունակվի, կարող է հանգեցնել իսկապես լայնածավալ պատերազմի: Ադրբեջանն արդեն ուղղակի շանտաժ է անում եւ, ըստ էության, ճնշում գործադրում միջնորդների վրա, որպեսզի նրանք  կոնկրետ առարկայական զիջումներ պահանջեն Հայաստանից: Հայաստանը չունի զիջումների գնալու ռեսուրսներ, եւ այդ լարումը, ցավոք սրտի, ինչ-որ պահի կարող է իսկապես պատերազմի բերել:



Երվանդ ԲՈԶՈՅԱՆ

քաղաքագետ