Վճարում են ոչնչի համար

Վճարում են ոչնչի համար
«Չի կարելի ասել, որ կոռուպցիա չկա բուհերում: Դա պետք է շտկել եւ որոշակի ռազմավարություն մշակել` խնդիրները լուծելու  համար»,-«Հայելի» ակումբում հայտարարեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Վարդան Սարգսյանը: Նա ասաց, որ իրենց բուհում կոռուպցիայի դեմ պայքարելու համար քայլեր արվում են, ռեկտորատն էլ արագ արձագանքում է հայտնաբերված կաշառակերության դեպքերին, դասախոսներ են հեռացվում: Թեեւ այս տարի կոռուպցիայի պատճառով ոչ մի դասախոս չի հեռացվել. խոսքը նախկին տարիների մասին է:



«Կոռուպցիայի վերացման համար նոր մտածելակերպ է հարկավոր»,-նշում է Վ. Սարգսյանը, հավելելով, որ հարկավոր է ստեղծել ուսանողների գիտելիքների ստուգման եւ գնահատման այլ համակարգ, ընդգծելով, որ իրենց համալսարանում գրեթե ամբողջությամբ անցում է կատարվել քննությունների գրավոր համակարգին. «Մեր կարծիքով՝ բանավոր քննությունը պարարտ հող է կոռուպցիայի համար, եւ պետք է դա բացառել»:



Մանկավարժական համալսարանի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Կամո Վարդանյանն էլ ասաց, որ բուհերում նախեւառաջ ուսանողի հոգեբանությունը պետք փոխվի: «Փաստորեն, վճարում ես մի բանի համար, որ չես ստանում, գիտելիք չեն ստանում, բայց վճարում են»,-մեկնաբանեց նա: Ասաց նաեւ, որ կրեդիտային համակարգի ներմուծումը մեծապես նպաստել է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Հայաստանի ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանն էլ չհամաձայնեց ոչ սոցհարցումների, ոչ էլ կառավարության արձանագրածի հետ, ըստ որի՝ Հայաստանում ամենակոռումպացվածներից մեկը կրթության ոլորտն է: Ռեկտորի կարծիքով, եթե հարցմանը մասնակցում է 4-5 ուսանող, ապա նրանց կարծիքը չի կարող արտահայտել համալսարանում տիրող իրավիճակը:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ