Տարան, տարան, տեխնիկան տարան...

Տարան, տարան, տեխնիկան տարան...
Սյունիքի մարզի Լեռնաձորի գյուղական համայնքում ուրանի պաշարների հետախուզաորոնողական աշխատանքներ իրականացնող «Աբվան» ՍՊԸ-ն չորեքշաբթի հորատող տեխնիկան հանեց տեղանքից: Ընկերության տնօրեն  Յուրա Գեւորգյանը հակաուրանյան պայքարի նախաձեռնողներ՝ «Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Արմեն Փարսադանյանին ու «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանին ասել էր, որ  այս տարվա համար պայմանագրով նախատեսված որոնողական աշխատանքներն ավարտվել են:



Աշխատանքները պետք է վերսկսվեն գարնանը: Սակայն Յուրա Գեւորգյանը դժգոհ է լեռնաձորցիներից ու լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ եթե «հորատման աշխատանքները շարունակվեն, ապա գուցե իրենց ընկերությունը չանի»: Տնօրենին վրդովեցրել էր այն փաստը, որ հորատող մեքենան հրդեհել էին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Լեռնաձորում կայանված «Ուրալ 375» մակնիշի 263SU65 պետհամարանիշի ավտոմեքենան հրդեհվել էր։ Մեքենայի հետ այրվել էր թափքում տեղադրված «CKB-4» հորատող սարքավորումը: Ընկերությունը 22 մլն 500 հազար դրամի վնաս է կրել։



Փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի քննությունը դեռ շարունակվում է, սակայն հրդեհողը չի հայտնաբերվել: «Բայց սա պետական ծրագիր ա, ուզում եք վնաս տաք: Կարծում եմ՝ այստեղ վնասակար ու վտանգավոր բան չկա: Հլա պարզ չի՝ ուրան կլինի, թե չէ»,-ասում է Յու. Գեւորգյանը: Վերջինիս խոսքով՝ մոտ կես տարվա  հետախուզական աշխատանքներից հետո 2 տեղամասերում արած հորատանցքերից ուրանի պաշարներ չեն հայտնաբերվել: Ի դեպ, նախօրեին էներգետիկայի նախարարի խոսքում եւս նման շեշտադրում կար՝ դեռ հայտնի չէ՝ ուրան կհայտնաբերվի, թե ոչ:



«Եթե լինեին էլ, ապա մեր հետախուզական աշխատանքները վտանգ չէին տարածաշրջանի համար: Շահագործելու մասին խոսք չկա առայժմ»,-ասում է տնօրենը: «Բոլորը խոսում են, որ այստեղ ուրանի երեւակում կա, բայց մենք այդտեղ չենք աշխատել, աշխատել ենք այլ հատվածներում, որտեղ հնարավոր է տարածված լիներ: Իսկ այ, վերջում ոսկու պաշարներ հայտնաբերելու ուղղությամբ էինք աշխատում»,-ասում է «Աբվան» ՍՊԸ տնօրենը` ավելացնելով, որ առաջիկայում ձմեռ է, ու դա էլ է նպաստել աշխատանքների դադարեցմանը:



Սակայն, տվյալ դեպքում՝ մասնագետների դիտարկմամբ, հորատման աշխատանքների համար եղանակը նշանակություն չունի: «Էդքան ծախս չեն անի՝ տանեն Երեւան, նորից գարնանը հետ բերեն: Կպահեն որեւէ տեղ»,-ասում են նրանք: Շրջանառվող մեկ այլ տարբերակի համաձայն, հորատող մեքենայի մակնիշն են ուղղակի փոխում ու գարնանն ավելի հզոր տեխնիկա կբերեն: Ամեն դեպքում, հորատող սարքի տեղափոխումը լեռնաձորցիներին չի հանգստացրել: Ըստ Խորեն Հարությունյանի, նրանք տագնապի մեջ են ու առավել քան համոզված, որ աշխատանքները վերսկսվելու են: