10 թիվն ու իր 10-յակը

10 թիվն ու իր 10-յակը
Ասել, որ Հայաստանը մի երկիր է, որը չի կարող հպարտանալ իրադարձությունների առատությամբ, նույնն է, թե չասել ոչինչ: Ինչ էլ տեղի է ունենում` մեծավ մասամբ կանխատեսելի է ու անհետաքրքիր, բայց ամեն Նոր տարին իր հետ բերում է մի քանի հոգեցունց իրադարձություններ, որոնք գրավում են ոչ միայն տաքսիստների, այլեւ շատ ավելի քիչ ինֆորմացված մարդկանց ուշադրությունը եւ դառնում բուռն քննարկումների առարկա:



Հայաստանյան իրականության շուրջ ծավալված անցքերի լավագույն տասնյակի 10-րդ հորիզոնականում, թերեւս, Հայաստանի հաջողություններն էին միջազգային երաժշտական փառատոններում` «Մանկական Եվրատեսիլ», «Նովայա վոլնա»… Ցնծացինք անթաքույց խինդով, բայց ինչպես վայել է մեզ` հայերիս, լիաթոք չվայելեցինք այն` այ, մեր էրեխու երգի մեջ թուրքական երանգներ կան, այ, Սոնա Շահգելդյանը ռուսերեն խոսել չգիտի: Բայց որ ինքնագնահատականի առումով եւս մի փոքրիկ ձեռքբերում ունեցանք, դա էլ կասկածից վեր է:



Նույն բնույթի ձեռքբերումները սպորտի բնագավառում անհամեմատ առատ էին, ու երկար մտածում էինք` 9-րդ հորիզոնականում դնենք Անթալիայում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Տիգրան Մարտիրոսյանի՞, թե՞, օրինակ, արագ շախմատի առաջնությունում Լեւոն Արոնյանի չեմպիոն դառնալը: Բայց եկեք օբյեկտիվորեն ընդունենք, որ բռնցքամարտը, ըմբշամարտը կամ հենց նույն ծանրամարտն ու շախմատը մի տեսակ արդեն մեր ազգային հպարտության պարբերական խթանիչներն են: Բայց այ, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի աննախադեպ հաջող խաղը, մասնավորապես Անդորրայի եւ Սլովակիայի հավաքականների հետ, ինքնին ցնցող իրադարձություն էր: Կատակ բան չէ մի ամբողջ գիշեր գտնվել «Եվրո 2012»-ի նախընտրական փուլի խմբային աղյուսակի առաջին հորիզոնականում: Իհարկե, Ռուսաստան-Իռլանդիա խաղից հետո կտրուկ իջանք երրորդ հորիզոնական, բայց դրանից ներքին խնդության ցուցիչը էականորեն չփոխվեց: Այնպես որ` օլե՜, օլե-օլե-օլե՜, եւ անհամբեր սպասում ենք մարտի 23-ին կայանալիք Հայաստան-Ռուսաստան խաղին:



8-րդ հորիզոնականում Պզոյենք են` հայկական մենթալիտետից բխող լժեինքնագնահատականը սնող եւս մի խումբ` ամերիկյան ապահովագրական կազմակերպությունների հետ կապված իրենց մեքենայություններով: Թե հայկական կորիզ ունեցող այս հանցավոր խմբավորման գործունեությունը որքանով կապ ունի ներհայաստանյան կյանքի հետ, դեռ ցույց կտան զարգացումները: Բայց որ ունեն` դժվար է չհավատալ:



7-րդ հորիզոնականում, մեր դիտարկմամբ, ամուր տեղավորվել է օտարալեզու դպրոցների շուրջ ծավալվող իրադարձությունների շարքը` համապատասխան օրենքների մեջ 69 կողմ սիմվոլիկ թվով քվեներով փոփոխություններ մտցնելու տարեվերջյան հանգուցալուծմամբ: Ինչպես ասում են ապշահար մարդիկ` այս Ազգային ժողովից ու կառավարությունից ամեն ինչ սպասելի էր, սա` ներառյալ, բայց միեւնույն է՝ չէինք սպասում:



Մյուս կարեւոր իրադարձությունն այն էր, որ Հայաստանը եւ Ռուսաստանը օգոստոսի վերջին ստորագրեցին պայմանագիր, որով առնվազն 49 տարով երկարաձգվեց Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայության ժամկետը: Թեժ տասնյակի 6-րդ հորիզոնականը զբաղեցրած այս իրադարձությունն ըստ էության փոխեց միայն այն, որ արձանագրվեց, թե եւս առնվազն քանի տարով ոչ ֆորմալ առումով իր գոյությունը կպահպանի Էրիվանսկայա գուբերնիան` ի հաշիվ Հայաստանի Հանրապետության:



Ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի աննախադեպ համերաշխության ժեստերը` լրատվամիջոցների, մշակույթի եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչների, գիտնականների կողմից, կարծում ենք, արժանիորեն 5-րդ հորիզոնականում են: Երբ տարիներ առաջ վաղամեռիկ թերթերից մեկն իր առաջին էջը զարդարել էր մեկ այլ թերթի խմբագրի սեքսուալ արկածների մասին պատմող նկարներով, եւ այդ կապակցությամբ հավաքվել էին լրատվամիջոցների ղեկավարները` ներհամքարային կարգով այդ հարցին լուծում տալու համար, նույնիսկ այս անմեղ իրադարձության ժամանակ, որքան հիշում եմ, նման ներկայացուցչական թիվ չէր ապահովվել: Կան մարդիկ, որոնք այս հանգամանքը կկապեն լրատվամիջոցների աճի հետ: Բայց նկատենք, որ լրատվամիջոցները նաեւ նվազման միտում ունեն, մասնավորապես կապուղիների թվայնացման հետեւանքով:



Այսպիսով ֆորմալ առումով 2010 թվականին եթերազրկվեցին մի շարք հեռուստաընկերություններ, եւ այս իրադարձությունն անշուշտ արժանի է 4-րդ հորիզոնականում հայտնվելուն: Այն, որ «Ա1+»-ը կրկին կամ, ավելի կոնկրետ` 16-րդ անգամ եթեր չստացավ, զարմանալի ու անակնկալ չէ: Թերեւս անսպասելի չէր նաեւ Գյումրիի ԳԱԼԱ եւ մետրային ալիքի վրա հեռարձակվող ԱԼՄ հեռուստաընկերությունների եթերազրկումը: Բայց վերջինիս դեպքում շատ մարդիկ կպնդեն, որ Կարապետիչի «եթերաթափությամբ» ավարտվեց մի ամբողջ էպոխա` հեռուստատեսային «ադամանդների» եւ մարդ-հեռուստատեսության էպոխան:



3-րդ պատվավոր, չնայած այս դեպքում ավելի օբյեկտիվ կլիներ ասել` անպատվաբեր հորիզոնականում մեր բանակում տեղի ունեցած իրադարձություններն են` սկսած Չայլուի դեպքերից, սահմանամերձ գոտում զինվորների միջեւ ծավալված «քաղաքացիական պատերազմից» եւ վերջացրած հայտնի Ռոժի ձերբակալությամբ ու ազատ արձակմամբ: Չնայած Սեյրան Օհանյանը չէր հասկացել «ֆեյսբուքահայությունից» իրեն ուղղված ինքնասպան լինելու  պահանջի սիմվոլիկան եւ մի քիչ նեղացել էր, սակայն նույնիսկ Պնախարարի հրաժարականի կամ պաշտոնանկության ուղղությամբ որեւէ շարժում չեղավ:



Ինչ խոսք, 2-րդ պատվավոր հորիզոնականը արդարորեն տակով է արել Պլասիդո Դոմինգոյի համերգը Մարզահամերգային համալիրում: Այս հորիզոնականում ըստ էության պետք է լինեին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականը, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությունը, արդեն տեղի ունեցած եւ դեռ սպասվող կադրային անթիվ փոխատեղումները, սակայն եկեք Ամանորի շեմին ավելի պոետիկ գտնվենք ու անվանենք այս ամենը պարզապես «Դոմինգոն՝ Հայաստանում»` Ռոդարիի «Ջելսոմինոն ստախոսների երկրում»-ի նմանությամբ: Ջելսոմինոյի ձայնն էլ, ասում են, Դոմինգոյի ձայնին չէր զիջում, եւ հաստատ կարդացած կլինեք, նույնպես քաղաքական համակարգեր էր քարուքանդ անում: Պատմում են` մի այսպիսի համերգ էլ մարշալ Ժուկովի հրավերով Ուտյոսովն էր տվել Օդեսայում 1946 թվին: Համերգի նպատակը Օդեսայի հանցավոր հեղինակություններին մի դահլիճում հավաքելն ու միանվագ ձերբակալելն էր: Այ, ափսոս լավ չեմ հիշում, թե Դոմինգոյին ով էր հրավիրել Հայաստան:



Ի՞նչ է մնում 1-ին հորիզոնականի համար: Չգիտեմ որքանով է ընդունելի առաջարկս, բայց ես, սիրելի ընթերցող, այս հորիզոնականի վրա դնում եմ քո ու իմ, մեզնից յուրաքանչյուրի կյանքում տեղի ունեցած այն իրադարձությունը, որի կարեւորությունը մեզ համար ստվերում է բոլոր վերը թվարկածները: Այդպես եմ ուզում, քանի որ մեր թերթի համար ամենակարեւոր իրադարձությունը միշտ էլ այն է եղել, որը տեղի է ունենում սովորական մարդու, ՀՀ քաղաքացու հետ` կլինի դա պաշտոնանկ արված նախարար, սնանկացած ձեռներեց, Կանադա կամ Ամերիկա փախած երաժիշտ, ներկա կամ նախկին քաղբանտարկյալ, բանտում գտնվող կամ ավտովթարից զոհված լրագրող, առաջին ճիչն արձակելուց  3 օր հետո կյանքը լքած նորածին, ուսուցչի կողմից բռնաբարված դեռահաս, թե սահմանի վրա ընկերոջ գնդակից սպանված զինվոր:



Մաղթել, որ գալիք տարին ձեզ համար անցնի անցնցում, չեմ կարող ու չեմ էլ ուզում, քանի որ անշարժությունն անխուսափելիորեն հանգեցնում է ճահճացման: Բայց ամբողջ հոգով մաղթում եմ, որ այդ ցնցումները միայն դրական հույզեր պարգեւեն ձեզ, իսկ եթե նաեւ արցունքներ, ապա միմիայն` երջանկության: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:



Վահագն ԹԵՎՈՍՅԱՆ