2010-ի ամենա-իրադարձությունները

2010-ի ամենա-իրադարձությունները
Անցնող վագրի տարում աշխարհում բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք լուսաբանվել են մեր երկրի լրատվամիջոցների կողմից: Այսօր ամփոփելու ենք 2010-ի ամենա-իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Երկիր մոլորակում:



Այս օրերին ամենօրյա գնումներ կատարելիս եւ խոզի բուդ ընտրելիս քչերն են հիշում տարվա ամենավարակիչ լուրի՝ խոզի գրիպի մասին: 2009-ին ուժգնացած եւ այս տարվա սկզբին շարունակվող համաշխարհային վարակը Հայաստանին քիչ մտահոգեց, քանի որ մեր առողջապահության նախարարությունն ամեն կերպ կոչ էր անում խուճապի չմատնվել: Արդյունքում՝ մենք այդպես էլ չիմացանք, թե Հայաստանում խոզի գրիպից կոնկրետ քանի մարդ է մահացել, սակայն ամբողջ աշխարհում զոհերի թիվը գերազանցեց 5 հազարը:



2010-ի ամենաավերիչ իրադարձությունը Հայիթի կղզում տեղի ունեցած երկրաշարժն էր, որին զոհ գնացին հարյուր հազարավոր մարդիկ: Հունվար ամսին ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր երկար ժամանակ փլատակներում մնացած մարդկանց վրա: Համաշխարհային շոու-բիզնեսի աստղերից շատերը տարբեր նախաձեռնություններով հանդես եկան, որպեսզի ֆինանսական աջակցություն ցուցաբերեն աղետից տուժածներին:



Ամենանախադեպային իրադարձությունը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից Կոսովոյի անկախության հռչակման օրինականության վերաբերյալ ընդունած որոշումն էր: Թեեւ այս որոշումը ԼՂՀ արտաքին գործերի նախարարության կողմից հայտարարվեց խիստ կարեւոր, այնուամենայնիվ անցնող տարվա ընթացքում Հայաստանն ու Ղարաբաղը չկարողացան այս նախադեպը լիարժեքորեն մեր շահերին ծառայեցնել:



Ամենադիվանագիտական իրադարձությունը Թուրքիայի եւ Իսրայելի՝ տեւական ժամանակ լարված հարաբերություններն էին, որոնք շարունակում են մնալ աշխարհի հզորագույն երկրների եւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Հարաբերությունների սրման հիմնական դրդապատճառը Իսրայելի հարձակումն էր Գազայի հատվածում մարդասիրական օգնություն փոխադրող նավերի վրա, որի հետեւանքով զոհվեց 9 մարդ, 4-ը` թուրքեր։ Իսրայելի զինծառայողները գերի էին վերցրել նավերի անձնակազմին եւ որպես կամավոր Գազայի հատված մեկնողներին` հիմնականում Թուրքիայի քաղաքացիների։ Թեեւ ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են տարածվում, որ թուրք եւ իսրայելցի դիվանագետները փորձում են հաշտության եզրեր գտնել, այնուամենայնիվ, երկու երկրների միջեւ շարունակվում է սառը պատերազմը:



Տարվա ամենամարզական իրադարձությունը ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր, որն առաջին անգամ պատմության ընթացքում անցկացվեց Աֆրիկա մայրցամաքում՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում, եւ դարձյալ առաջին անգամ աշխարհի չեմպիոն դարձավ Իսպանիայի ազգային հավաքականը:



Վագրի տարվա ամենահեղափոխական իրադարձությունը Ղրղզստանի իշխանափոխությունն էր: Հետխորհրդային հանրապետությունում ընդդիմությունը զանգվածային բողոքի ակցիաների շնորհիվ իշխանության եկավ: Նույն ճանապարհով 2005-ին իշխանության եկած նախագահ Բակիեւը ստիպված եղավ լքել երկիրը:



2010-ի ամենավթարային իրադարձությունը Ռուսաստանում Լեհաստանի կառավարական ինքնաթիռի ավիավթարն էր, որի հետեւանքով մահացան Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին, նրա կինը եւ տասնյակ պաշտոնյաներ: Այդ կապակցությամբ ապրիլի 12-ը համաեվրոպական սգո օր հայտարարվեց:



Անցնող տարվա ամենապայթյունավտանգ իրադարձությունը Հարավային եւ Հյուսիսային Կորեաների միջեւ սկսված կարճատեւ ռմբակոծությունն էր, որը չորս մարդու կյանք խլեց: Աշխարհի տարբեր լրատվամիջոցներ քննարկում էին այն հարցը, թե արդյոք այսպիսով չի սկսվի համաշխարհային երրորդ պատերազմը: Դա տեղի չունեցավ վագրի տարում, սակայն երկու Կորեաների միջեւ խիստ լարված հարաբերությունները պահպանվում են մինչ օրս:



Ամենահակաէթնիկական իրադարձությունը Մոսկվայում դեկտեմբերի կեսերին տեղի ունեցած էթնիկ բախումներն էին: Ռուս ազգայնականները միշտ էլ ագրեսիվ են տրամադրված եղել կովկասցիների նկատմամբ, սակայն այս ամիս նրանց ագրեսիան աննախադեպ էր: Հազարավոր ազգայնականներ Մանեժնայա հրապարակում անկարգություններ հրահրեցին ընդդեմ Մոսկվայում բնակվող կովկասցիների, այդ թվում եւ հայերի: Ոստիկանությունը ստիպված էր 24-ժամյա հսկողություն իրականացնել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում ու հրապարակներում, տասնյակ քաղաքացիներ ձերբակալվեցին:



Տարվա ամենաաղմկոտ իրադարձությունն էլ միանշանակ  «WikiLeaks» կայքի բացահայտումներն ու նրա խմբագրի ձերբակալությունն էին: Ամերիկյան դիվանագիտության գաղտնի փաստաթղթերը շարունակում են հրապարակվել եւ քննարկվել աշխարհի առաջավոր լրատվամիջոցներում:



Արման ՂԱՐԻԲՅԱՆ