2011-ին կաշխատենք լինել ավելի հետաքրքիր եւ ավելի օպերատիվ

2011-ին կաշխատենք լինել ավելի հետաքրքիր եւ ավելի օպերատիվ
Այս շաբաթվա իրադարձությունների ամփոփումը համընկավ տարվա ամփոփման հետ: Ինչպիսին էր 2010-ը Հայաստանի եւ «Հրապարակի» համար: Այսօրվա մեր համարի տարբեր էջերում դուք կկարդաք հոդվածներ, որտեղ ամփոփված են 2010 տնտեսական տարին, քաղաքական ու միջազգային իրադարձությունները: Անշուշտ, թերթի էջերը սահմանափակ են լիարժեք վերլուծություններ ու եզրահանգումներ անելու համար, ինչպես նաեւ՝ կարեւորի ու անկարեւորի գիտակցությունն է տարբեր մարդկանց մոտ տարբեր:



Մեկի համար կարեւորը Ազգային ժողովի օվալաձեւ դահլիճի կառուցումն էր, մյուսի համար՝ «Աիդա» օպերայի բեմականացումը, երրորդի համար՝ Տաթեւի ճոպանուղին, իսկ չորրորդն ընդհանրապես համարում է, որ հայ-թուրքական արձանագրությունները Ազգային ժողովից ետ կանչելն է տարվա գլխավոր իրադարձությունը: Մարդիկ նաեւ տարբեր կերպ են արձագանքում իրադարձություններին՝ յուրաքանչյուրն իր շահի տեսանկյունից:



Մի տարեց կենսաթոշակառու (Անզո Իսախանով անունով), օրինակ, օրերս եկել էր խմբագրություն եւ թախանձագին խնդրում էր իր նամակը տպագրել մինչեւ Ամանոր: Իսկ նամակում նա առաջարկում էր մեծահարուստներին՝ տոնական հրավառությունների համար նախատեսած գումարները բաժանել աղքատներին: Մարդը համոզված էր, որ եթե մինչեւ Ամանոր իր բաց նամակը տպվի, բոլոր մեծահարուստները խելքի կգան ու մի մարդու նման կհրաժարվեն ամանորյա գիշերը սալյուտ անելուց եւ դրա փոխարեն բարեգործություն կանեն:



Հավանաբար, տոնական համարը հարմար առիթ է առավելագույնս անկեղծանալու համար: Խոստովանեմ, որ թերթի խմբագրի պաշտոնը յուրօրինակ սոցիալ-հոգեբանական-հետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնի է նման. ամենօրյա շփում հասարակության ամենատարբեր խավերի հետ՝ սկսած ամենահարուստներից ու ամենահղփացածներից, վերջացրած չքավորության եզրին հասածներով ու բժշկի (ինչպես Գալուստ Սահակյանն է ասում՝ հոգեբույժի) օգնության կարիք ունեցողներով: Հաճախ լրագրողական էթիկան թույլ չի տալիս հրապարակել բոլոր խոսակցություններն ու հանդիպումները, որոնք ունենում ես օրվա ընթացքում, սակայն դրանք մտորելու ծով նյութ են տալիս եւ հասարակական տրամադրությունների, հոգեկան վիճակի, մարդկանց կենսունակության մասին լիարժեք պատկերացում:



Ասենք, դու կարող ես պատահաբար ներկա գտնվել մի խումբ քրեաօլիգարխիկ դեմքերի խոսակցության, որոնք լրջորեն քննարկեն առաջիկա ընտրությունների սխեման: Եվ նրանցից մեկն ասի, որ հանճարեղ բան է մտածել, թե ինչպես հաղթել ընտրություններում: Այսպես. առաջարկում է 50-100 հազար ձայն բերող 10 տղու կուսակցություն ձեւավորել, որոնք կմիավորվեն ու 500 հազար ձայն կբերեն մի օրում եւ կոնկրետ նպատակի համար ձեւավորած իրենց կուսակցությանը եւ 10-ով էլ կմտնեն Ազգային ժողով ու «ժարիտ» կանեն: Եվ իսկապես՝ ինչո՞վ չաշխատող բանաձեւ է:



Եթե ընտրությունը մեզանում վերածվել է «ձայն բերելու» պրոցեսի, ապա մի քանի ճոյտ կամ բուռնաշ լրիվ հերիք են խորհրդարան ձեւավորելու համար: Այս խոսակցությունը եթե մի նորմալ երկրի նորմալ քաղաքացի լսեր, առնվազն կսարսափեր, թե՝ այս երկիրն ո՜ւր է գլորվել: Սակայն անգամ ես՝ քաղաքական օրաթերթի խմբագիրս, այն լսում եմ հանգիստ ու հաշվում, թե նման քանի կուսակցություն է պետք ստեղծել՝ խորհրդարանը «լցնելու» համար:



Մինչդեռ օրենսդիր մարմինը քաղաքական համակարգի մաս է, եւ նրա գործունեությունից է երկրում շատ բան կախված ու նրա գործունեությամբ է շատ բան պայմանավորված: Մեր անլուրջ վերաբերմունքը եւ գողականներին հանդուրժելն ԱԺ-ում՝ ո՞վ է հաշվել, թե ինչքան վնաս է պատճառել մեզ բոլորիս ու երկրին՝ ընդհանրապես: Եվ ո՞վ է վերջապես կտրելու այդ անիծյալ փակ շղթան, որ գողականները չծնեն իշխանություն եւ իշխանությունը չծնի գողականներ: Մեր բոլորիս կրավորական կեցվածքը՝ ինչ կարող եմ ես անել, դա իմ ուժերից վեր է, ինչ-որ մեկը՝ եվրոպան կամ ամերիկան, մի բարի քեռի կամ մի հզոր կառույց կարգի կհրավիրի ու մեզանում նորմալ ընտրություն կկազմակերպի, այս վիճակին է հանգեցրել:



Ընտրությունների խնդիրն առաջնային է նաեւ նրանով, որ դրանից է ածանցվում գործադիր, դատական, անգամ չորրորդ իշխանությունը: Հազար թելով միմյանց կապված համակարգեր են սրանք, չի կարող նրանցից մեկում բարվոք վիճակ լինել, եթե մյուսում վիճակը կատաստրոֆիկ է: Ինչ տնտեսական զարգացման մասին կարող է խոսք լինել, երբ ոչ մի տնտեսական վեճ արդարության ու օրենքի շրջանակներում չի լուծվում դատարանում:



Երբ դատարան մտնողը մտածում է ոչ թե իր խնդիրը գրագետ ու փաստարկված ներկայացնելու, այլ դատավորի մոտ հարմար միջնորդ գտնելու եւ հնարավորինս փոքր գումարով հարցը կարգավորելու մասին: Ինչպես կարող է չորրորդ իշխանությունն իր դիրքերում լինել, եթե լրատվամիջոցները ֆինանսատնտեսական բազում խնդիրներ ունեն՝ երբ գովազդի շուկա չկա, իսկ եղածն էլ իշխանության հրահանգով է գործում: Երբ այդպես էլ չենք կարողանում կարգավորել եւ հասկանալ, թե ինչպես է «Հայփոստ» կոչվող կազմակերպությունը իրացնում ու բաշխում մեր թերթը՝ որ գյուղերն է ուղարկում, որը՝ ոչ, ուղարկում է, թե ընդհանրապես չի ուղարկում:



«Հայփոստի» ներկայացուցիչները հայտարարում են, որ դա «կոմերցիոն գաղտնիք» է, եւ ամսվա վերջում մեզ են վերադարձնում մեր՝ իրենց ուղարկած թերթի համարների մեծ մասը, որոնք այնպիսի վիճակում են, որ կարելի է կարծել՝ բաշխման կետից չեն էլ դուրս եկել: Իսկ փոստատարներից մեկի պատմելով՝ եթե հանկարծ մի օր համարձակվեն որեւէ թերթի մեկ օրինակ վերցնել, ապա նրանց պարտավորեցնում են ամբողջ տարին վերցնել, եւ անկախ նրանից՝ վաճառել են, թե ոչ, գումարը գանձում են իրենց աշխատավարձից: Սա նշանակում է, որ մեզ հետ «Հայփոստն» աշխատում է վերադարձով եւ բարձր տոկոսադրույքով, իսկ իր փոստատարների վրա բոլորովին այլ պայմաններ է դնում, որոնք վնասում են մեր վաճառքին: Բայց ինչպես պայքարես սրա դեմ, երբ սրա ետեւում իշխանության սիրելի Էդուարդո Էռնեկյանն է, եւ «Հայփոստ» կոչվող կազմակերպությունն այլեւս մասնավորի տիրույթում է:



Բայց ուր էր, թե մեր ամենալուրջ խնդիրը լիներ իրացումը: Իսկ ի՜նչ տեսանելի ու անտեսանելի խարդավանքների ենք ենթարկվում մենք, ինչ սպառնալիքների ու ճնշումների: Երբեմն թվում է՝ պետական մեքենա եւ պետական պաշտոնյա կոչվածը զբաղված է բացառապես ինտրիգներ հյուսելով, փող աշխատելով եւ մամուլում իր դեմ տպագրվելիք հոդվածները կանխելով: Այս առումով ամեն ինչ կիրառելի է՝ սկսած լրագրողներին քծնելուց, կաշառելուց, վերջացրած վախեցնելն ու ֆինանսական պատժամիջոցներ կիրառելը: Երբեմն սկսում ես մտածել՝ տեսնես, եթե այս մի քանի թերթն էլ չլինեին, մեր իշխանությունն իրեն լիարժեք բավարարվա՞ծ կզգար եւ կհամարեր, որ երկրում ամեն ինչ «օքե՞յ է»:



Տարեվերջյան համարում թերեւս արժեր միայն ուրախ բաների մասին գրել, բարեմաղթանքներ հղել մեր ընթերցողին, հատկապես նրանց, ովքեր ամեն օր՝ հաց առնելու նման գնում են մեր թերթը՝ կարդում այն, ուրախանում կամ զայրանում մեր գրածների վրա ու դրանց պատճառով երբեմն զանգում կամ այցելում մեզ՝ խրախուսելու կամ իրենց դժգոհությունը հայտնելու: Ուզում եմ ասել, որ մենք աշխատում ենք հենց այս ընթերցողի համար եւ ամեն ինչ անում ենք հենց նրան գոհացնելու համար: Թե ինչ է մտածում իշխանավորը մեր մասին եւ ինչպես է վերաբերվում իր կամ իր գործընկերոջ մասին գրվածին, մեզ այնքան էլ չի հետաքրքրում:



Մեզ հատկապես հետաքրքրում է «շարքային» կոչվող, բայց մեր կողմից շատ հարգելի ընթերցողի կարծիքը, որը բարձր պաշտոն չի զբաղեցնում, բայց մեր թերթի իրական պատվիրատուն է եւ ըստ այդմ՝ պահանջատերը: Տարեվերջյան համարում ուզում եմ մեր ընթերցողին ասել՝ մենք ջանում ենք ազատ, հետաքրքիր ու օպերատիվ թերթ հրատարակել, եթե ինչ-որ բան այնպես չի ստացվում, ինչպես միջնադարյան ծաղկողն է ասում՝ «Մեր կարն այսքան է՝ ներողամիտ լերուք»:



Կհանդիպենք հաջորդ տարի՝ բարի Ամանոր: