Նապաստակը կբերի սեր ու հաջողություն (2011թ. աստղագուշակ)

Նապաստակը կբերի սեր ու հաջողություն (2011թ. աստղագուշակ)
Արեւելյան օրացույցի համաձայն՝ 2011 թվականը նապաստակի տարի է: Ճիշտ է, նապաստակը նույնացվում է վախկոտության հետ, բայց արի ու տես, որ այն խորհրդանշում է նաեւ խիզախություն ու, միեւնույն ժամանակ, զգուշություն: Նապաստակը նաեւ պատվախնդիր է ու համեստ, շփվող, հետաքրքրասեր, ինչպես նաեւ զուսպ, հետեւողական ու խորաթափանց: Նապաստակը չի օգնի նրանց, ովքեր բացահայտ մարտահրավեր կնետեն եւ բախման կգնան: Նա ավելի դիվանագետ է, քան ռազմիկ: Նրա համար «ամենավատ խաղաղությունը» «ամենաբարի պատերազմից» գերադասելի է: Գալիք տարում ողջունելի չեն լինի զգացմունքային պոռթկումները, անկախ այն բանից՝ դրանք կլինեն սիրո, թե ատելության հողի վրա:



Նապաստակը խորհրդանշում է վերածնունդ, երիտասարդություն, սեր, ինչպես նաեւ աշխարհիկ իմաստնություն, արագաշարժություն: Այս վախկոտ կենդանին, ճկուն եւ խելոք լինելով, կարողանում է խորամանկությամբ հաղթել դաժանությանը:



Այծեղջյուրներին 2011-ին աստղերը խորհուրդ են տալիս դժվարությունների հանդիպելիս չընկճվել: Կյանքը կողքից դիտելու փոխարեն, դարձեք դրա ակտիվ մասնակիցը: Այս տարի ֆանտաստիկ հաջողություններ կունենաք աշխատանքում եւ փող վաստակելու մեջ: Ձեր հաղթանակների գաղտնիքը լավ աշխատելու ու շրջապատի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մեջ է:



Ջրհոսներին սպասվում են կարեւոր ձեռնարկումներ: Տարեսկզբին աշխատավայրում կծագեն որոշ դժվարություններ, բայց դրանք կլինեն ժամանակավոր: Հարստության, կարիերայի եւ բիզնեսի բնագավառներում կհասնեք հաջողությունների, եւ հասարակության մեջ կամրապնդվեն ձեր դիրքերը: Տարին կլինի արգասաբեր:



Ձկան համաստեղության տակ ծնվածների համար 2011-ը կլինի կարիերայի վերելքի տարի: Աշխատեք առաջացած խնդիրները սրտին մոտ չընդունել, ամեն ինչ ժամանակավոր բնույթ է կրում: Ձկներին խորհուրդ է տրվում զգույշ լինել ուրիշի փողերի հետ: Իսկ անցած տարում սկսած գործերը հաջող կընթանան նաեւ այս տարի:



Խոյերին սպասվում են դրական փոփոխություններ անձնական կյանքում եւ աշխատանքում: Տարվա ընթացքում կգրանցվի եկամուտների բարձր մակարդակ: Խոյերը լուրջ ուշադրություն պետք է դարձնեն առողջությանը, ավելի շատ զբաղվեն սպորտով, զբոսնեն եւ պահպանեն ճիշտ սննդակարգ:



Ցուլերի համառությունը, աշխատասիրությունը մեծ հնարավորություններ կբացեն: Հունվար, մարտ ամիսները հատկապես բարեհաջող կլինեն բիզնեսի ասպարեզում: Համբերությամբ զինվելով՝ ցուլերը կարող են հետ վերադարձնել անցած տարվա պարտքերը: Աստղերը նրանց խորհուրդ են տալիս զսպել խանդը եւ սիրելիի հետ հարաբերությունները կառուցել հարգանքի եւ փոխվստահության վրա:



Երկվորյակների համար աստղերը խոստանում են բարեհաջող ամուսնություն՝  2011-ը միանշանակ Ձերն է: Դուք կնախագծեք ու համարձակորեն կյանքի կկոչեք նոր ծրագրեր: Արդյունքում՝ մեծ հարգանք ու հեղինակություն կվայելեք շրջապատում: Ձեռք կբերեք նոր գործընկերներ ու կունենաք կայուն աշխատավարձ:



Խեցգետինները նապաստակի տարում ավելի շատ կզբաղվեն նոր հարաբերություններ ստեղծելով, քան՝ աշխատանքով: Նրանք այս տարի դառնում են փոփոխական: Անցյալ տարվա համեմատ հեշտ  կկարողանան ծանոթություն հաստատել մարդկանց հետ, սակայն քիչ ժամանակ կտրամադրեն հաճելի ժամանցներին:



Առյուծներին սպասվում է բերքառատ տարի: Անցնող տարում առյուծները պատվով հաղթահարեցին իրենց առջեւ դրված փորձությունները, ինչի համար նապաստակը նրանց շռայլորեն կվարձատրի: Բացառված չէ, որ առյուծները անշարժ գույք ձեռք բերեն կամ ձեռնարկեն բնակարանային հիմնանորոգումներ: Աստղերը խորհուրդ են տալիս խնայել նյարդերը եւ աչքաթող չանել զուգընկերոջը:



Կույսերը տարին կսկսեն դժվարություններով, սակայն չի բացառվում, որ նրանց կյանքում կլինեն փոփոխություններ, որոնք հաջողություններ կբերեն: Աստղերը կույսերին խորհուրդ են տալիս հետեւել իրենց առողջությանը եւ ամեն ինչ սրտին մոտ չընդունել: Ընդհանուր առմամբ, տարին նրանց համար կլինի փոփոխական:



Կշեռքները նապաստակի տարում կկարողանան պահպանել նժարների հավասարակշռությունը: Սպասվում են անհանգիստ, բայց հագեցած օրեր: Հնարավոր են աշխատանքային նոր ծրագրերի մշակում եւ իրականացում: Սպասվում են նաեւ հաճելի ծանոթություններ, որոնք կօգնեն բիզնես ծրագրերի իրականացման գործում: Դիմեք ռիսկի եւ կունենաք ֆինանսական հաջողություններ:



Կարիճների համար 2011-ը լինելու է բացահայտումների տարի: Նրանց առջեւ կբացվեն նոր հորիզոններ: Թեեւ սպասվում է ծանր, դժվարին տարի, սակայն այն լինելու է եկամտաբեր: Կարիճները կարող են ծառայողական սիրավեպեր ունենալ, որը կարող է վտանգավոր լինել նրանց հեղինակության, ընտանիքի համար:



Աղեղնավորների համար տարին շատ հաջող է լինելու: Նրանց սպասվում են հաճելի եւ նոր փոփոխություններ: Նրանք միշտ փնտրտուքների մեջ են, բայց կարողանում են ելք գտնել տարբեր իրավիճակներից: Աստղերը հուշում եւ միաժամանակ զգուշացնում են զգույշ լինել ուրիշի փողերի հետ եւ գլխացավանք չստեղծել իրենց համար: