Դատավորների թոշակը կրճատեցին

Դատավորների թոշակը կրճատեցին
2010-ի հոկտեմբերին դատական օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն՝ կրճատվել է դատավորի պաշտոնում 10 եւ ավելի տարի աշխատած եւ թոշակի անցած դատավորների թոշակը: Եթե նախկինում այն կազմում էր գործող դատավորի աշխատավարձի երկու երրորդը, ապա այսուհետ կկազմի դատավորի միջին աշխատավարձի 55 տոկոսը: Դատավորների միջին աշխատավարձը 798 հազար դրամ է, հետեւաբար թոշակը չի կարող լինել 440 հազար դրամից պակաս: Այնուամենայնիվ դատավորների շրջանում այս օրենսդրական փոփոխությունը մեծ դժգոհություն է առաջացրել:



«Դատավորների միություն» ՀԿ-ի նախագահ, Արմավիրի դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանի փոխանցմամբ՝ փաստը մտահոգում է իրենց, բայց միությունը չի պատրաստվում բողոքի ձայն բարձրացնել դրա վերաբերյալ: «Որոշել են, որ դատավորների թոշակը չի կարող լինել այնքան, որ մյուսների աշխատավարձերից բարձր լինի: Ստացվում է, որ մեկը 30-40 հազար դրամ պիտի թոշակ ստանա, իսկ դատավորը՝ կես միլիոն կամ ավելի շատ: Մի քիչ սազական չի, մենք մեզ ո՞նց ենք էդպիսի շռայլություն թույլ տալիս էս նեղ պայմաններում, երբ ժողովուրդը լավ չի ապրում»,-հիմնավորում է Սարգսյանը: Իսկ հարց է ծագում՝ ինչպե՞ս են իրենց թույլ տալիս այդքան բարձր աշխատավարձ ստանալ, երբ ժողովուրդը վատ է ապրում, իսկ ուսուցչի աշխատավարձը 60-70 հազար դրամ է: