Խոզի բուդն ու «Նապոլեոնը» իրար մի խառնեք` չեք մարսի

Խոզի բուդն ու «Նապոլեոնը» իրար մի խառնեք` չեք մարսի
Ամանորը մեզ համար նույնանում է մեր սիրած ուտեստների հետ, որոնք Նոր տարվա օրերին երբեմն այնքան ենք չարաշահում, որ հետո ստիպված ենք լինում դեղատուն վազել: Մարսողական խնդիրներից, սննդային թունավորումներից խուսափելու համար 4-րդ պոլիկլինիկայի ինֆեկցիոնիստ Հասմիկ Մանուկյանը նախեւառաջ խորհուրդ է տալիս սնունդը պատահական վայրերից չգնել, հատկապես ճանապարհի վրա դրված տաղավարներից, երբ մեքենաներ են գնում, մարդիկ են անցնում, որովհետեւ այդ միջավայրում սնունդը լրիվ աղտոտվում է, ու դրան հետո չի օգնում անգամ բարձր ջերմային մշակումը, որովհետեւ հնարավոր է սնունդն արդեն թունավորված լինի. «Սննդային թունավորումները սկսվում են հենց այստեղից, երբ ոչ ստերիլ  պայմաններում մսի մեջ սկսում է ինֆեկցիան զարգանալ»:



Ինֆեկցիոնիստի կարծիքով՝ Նոր տարվա շեմին թունավորումներ շատ են լինում հատկապես կրեմով խմորեղեններից, որոնք 2-3 օրից հետո պետք է թափել, որովհետեւ կաթնային մթերքի մեջ բացիլներն արագ են զարգանում: «Ավելի շատ պետք է վախենալ կրեմներից, հին մսամթերքներից: Լավ է փոքր քանակությամբ 3 օրը մեկ պատրաստել, քան անընդհատ տանել-բերել. դա վերաբերում է հատկապես աղցաններին»,- նշեց տիկին Մանուկյանն ու զգուշացրեց, որ շատ վտանգավոր են արդեն մայոնեզով, թթվասերով պատրաստված աղցանները, որոնք չի կարելի ոչ միայն երկու ժամից ավել պահել, այլեւ սեղանի վրա թողնել կամ ցելոֆանով ծածկել, որովհետեւ  սենյակային ջերմաստիճանը բարենպաստ պայմաններ է ստեղծում բացիլների բազմացման համար: Իսկ եթե սառնարանում այդ օրերին տեղ չկա, ինֆեկցիոնիստը խորհուրդ է տալիս գոնե բաց պատշգամբում դնել, որտեղ ջերմաստիճանը սառն է. «Կիսաֆաբրիկատ վիճակում աղցանները, սունկը սառցե խցիկում կարելի է երկար պահել, այդպես ավելի ապահով է: Ձեզ թվում է ռեստորաններում ինչպե՞ս են անում՝ նույն ձեւով, անգամ խորովածը»:



Ինֆեկցիոնիստը զգուշացնում է, որ շատ վտանգավոր են տնային պահածոները, որոնք պետք է ջերմային լավ մշակման ենթարկել, եռման պահից գոնե 20 րոպե պետք է եռա, որպեսզի տոքսինները վերանան: Իսկ խոզի բուդն էլ, եթե սառնարան չդնեք, 3 օրից հետո համը կփոխի ու կփչանա. «Խորհուրդ եմ տալիս, ինքս էլ եմ այդպես անում՝ խոզի բուդը կիսել, մի մասը դնել սառցե խցիկ, մյուս մասն էլ հյուրասիրել»: Այդ օրերին շաքարային դիաբետով հիվանդները պետք է իրենց սննդակարգում սահմանափակեն հատկապես քաղցրեղենը, խմորեղենները, հացը, այն կերակուրները, որոնց մեջ ածխաջրատները շատ են: Իսկ խոզի միսը, ծանր կերակուրները շատ վտանգավոր են օրինակ դեղնախտից նոր ապաքինված մարդկանց համար. «Էլ չեմ ասում ստամոքսաղիքային տրակտի մասին, եթե մինչ այդ մարդը աղիների հետ խնդիրներ է ունեցել, ապա չարազեղեն, լոբի, ոսպ, յուղով, ձվով հագեցած թխվածք պետք է բացառի իր սննդակարգից, որպեսզի առողջական խնդիրներ չունենան»:



«Ջերմուկ» շատ չի կարելի օգտագործել, խորհուրդ տվեց մասնագետը, որովհետեւ իր մեջ աղեր է պարունակում, որոնք երիկամային հիվանդների մոտ քարեր են առաջացնում՝ օրը կես լիտրից ոչ ավելի: Տիկին Մանուկյանը խորհուրդ է տալիս նաեւ գազալցված հեղուկներ, լիմոնադներ շատ չօգտագործել, որովհետեւ ուռացնում են, եւ ծանր սննդի հետ միասին ստամոքսն ավելի է ծանրաբեռնվում:



Իսկ եթե, այնուամենայնիվ, ձեզ մոտ նկատվեն սրտխառնոց, ջերմություն, լուծ, նշանակում է՝ ունեք աղիքային ինֆեկցիա, ուստի պետք է դիմել բժշկի կամ գնալ հիվանդանոց, որտեղ հնարավոր է նորմալ բուժում ստանալ: