Հանդիպման վայրը եւ ժամը` նախագահականի դիմաց, երեքշաբթի, 18.00

Հանդիպման վայրը եւ ժամը` նախագահականի դիմաց, երեքշաբթի, 18.00
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ երեքշաբթի` դեկտեմբերի 28-ին, ժամը 18.00-ին նախագահական նստավայրի առջև (դիմացի մայթին) տեղի կունենա բողոքի ցույց` օտարալեզու դպրոցների դեմ շարժմանը միացած մտավորականների, հասարակական կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ: Ցույցի մասնակիցները աշխատակազմի միջոցով Սերժ Սարգսյանին կփոխանցեն նախօրոք հարյուրավոր մարդկանց կողմից ստորագրված պահանջագիրը` չստորագրել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որն Ազգային ժողովն ընդունել է դեկտեմբերի 22-ին:

«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում խնդրով մտահոգ մեր բոլոր հայրենակիցներին մասնակցել բողոքի այս կարևորագույն միջոցառմանը: «Անցած 8 երկարուձիգ ամիսների ընթացքում օտարալեզու դպրոցներ բացելու` իշխանությունների ծրագրի կապակցությամբ իրենց անհամաձայնությունն այս կամ այն կերպ արտահայտել են հազարավոր մարդիկ, նրանցից մի քանի հարյուրը գոնե մեկ անգամ մասնակցել են բողոքի ակցիաներին: Հասել է մեկտեղվելու և մեր իրական ուժն ու վրդովմունքը արտահայտելու ժամանակը:



Սերժ Սարգսյանին պետք է ի վերջո ցույց տալ, թե ինչ ուժի դեմ են այս ընթացքում գործել իր նշանակած վարչապետն ու ԿԳ նախարարը, ում բողոքն է պատրաստվում արհամարհել նա` ստորագրելով այդ դավաճանական փաստաթուղթը: Լինի դա ուսանող, թե ակադեմիկոս, երաժիշտ, թե հրապարակախոս, գրող, ռեժիսոր, լրագրող, նկարիչ, դասախոս. բոլորս պարտավոր ենք այդ օրը, այդ ժամին լինել Բաղրամյան 26-ում` անգամ հաշվի չառնելով` մեր գործողություններն արդյունքի բերլու են, թե ոչ: Սա տեսակի առանձնացման խնդիր է»,- ասվում է հանրությանն ուղղված կոչի մեջ: