Գնդի հրամանատարը կրակել է քաղաքացիական անձանց ուղղությամբ, մեկի վիճակը ծանր է

Գնդի հրամանատարը կրակել է քաղաքացիական անձանց ուղղությամբ, մեկի վիճակը ծանր է
Ամանորի գիշերին աղմկահարույց դեպք է տեղի ունեցել Իջեւանի զինվորական գնդում: Գնդի հրամանատար Սերգեյ Կարապետյանը հրազենային կրակ է բացել Գետահովիտ գյուղի բնակիչ չորս երիտասարդների վրա: Ինչպես պարզեցինք լավատեղյակ աղբյուրներից, դեկտեմբերի 31-ին, ժամը 23-ի սահամաններում գ-տ Կարապետյանը հսկիչ անցագրային կետի մոտ նկատել է չորս քաղաքացիական անձանց` զորամասին հարակից Գետահովիտ գյուղի բնակիչների, ովքեր  զորամասում պայմանագրային հիմունքներով ծառայող իրենց հիվանդ ընկերոջ համար  դեղորայք էին տանելիս եղել:



Գնդի հրամանատարը զրույցի է բռնվել երիտասարդների հետ եւ պահանջել հեռանալ տարածքից: Երբ երիտասարդները պատրաստվել են նստել մեքենան եւ հեռանալ, Ս. Կարապետյանը հայհոյել է, ինչն անպատասխան չի մնացել, եւ ծեծկռտուք է սկսվել: Զորամասի հրամանատարը հրազենից կրակ է բացել մեքենայի ուղղությամբ, եւ երիտասարդներին հաջողվել է փախչել դեպի գյուղ: Սակայն կեսճանապարհին արդեն տագնապի ազդանշանով ելած մի քանի սպաներ տղաներին բռնել եւ տարել են զորամասի շտաբ` հրամանատարի աշխատասենյակ:



Միջադեպի մասին իմացել են նաեւ նրանց հարազատներն ու փորձել զինվորականների կողմից պատանդ պահվողներին ազատել` Իջեւանի ազդեցիկ անձանցից մեկին խնդրելով միջնորդ հանդիսանալ: Բայց այդ ընթացքում արցախյան պատերազմի բովով անցած գնդապետ Կարապետյանն իր աշխատասենյակում ենթակա սպաների օգնությամբ ահաբեկել է տղաներին: Նրանց գազանաբար ծեծել են, հայհոյել, սպառնացել սպանել: Կարապետյանը հավանաբար փորձելով սպառնալիքն իրականացնել` հրազենն ուղղել է տղաների վրա: Բարեբախտաբար ձգանը քաշելու պահին ներկաներից մեկը փորձել է խանգարել եւ փողը դեպի վեր է ուղղել: Ասում են, որ հրամանատարի աշխատասենյակի առաստաղին կրակահերթի հետքեր կան: Երիտասարդներից մեկը վախից ցատկել է երկրորդ հարկում գտնվող սենյակի պատուհանից եւ գլխով հարվածել գետնին: Այժմ նա ծանր վիճակում գտնվում է Երեւանի հիվանդանոցներից մեկում: Մյուսները նույնպես վնասվածքներ ունեն, բայց, լավատեղյակ աղբյուների համաձայն, ավելի շատ հոգեբանական ծանր վիճակում են:



Գնդապետ Կարապետյանի պահվածքը զայրացրել է Գետահովիտ գյուղի բնակիչներին, եւ բողոքի ալիք է բարձրացել: Գետահովիտցիները ցանկացել են հաշիվներ մաքրել հրամանատարի եւ համագյուղացիներին ծեծի ենթարկած սպաների հետ: Նրանց կանգնեցրել է գնդի հրամանատարի ժ/պ, գնդապետ Օնիկ Գասպարյանը, որը հորդորել է չտրվել հույզերին եւ հետեւել հարուցված քրեական գործի ընթացքին: Մեր ունեցած տեղեկություններով` գնդապետ Կարապետյանը ռազմական ոստիկանությունում է:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ