Ֆոտոլրագրողը՝ Բելառուսի կալանավայրի մասին

Ֆոտոլրագրողը՝ Բելառուսի կալանավայրի մասին
Ռուսական լրատվամիջոցները շարունակում են ակտիվ տեղեկատվական հարձակումներ գործել Բելառուսի իշխանության դեմ հատկապես դեկտեմբերի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո: Նախորդ տարվա վերջին Բելառուսի ոստիկանությունն ընդդիմության բողոքի հանրահավաքներին մասնակցող շուրջ 600 քաղաքացիների էր ձերբակալել, այդ թվում՝ ՌԴ-ի 12 քաղաքացիներ եւ լրագրողներ: Նրանցից 8-ին հետագայում ազատ էին արձակել, երկուսի նկատմամբ քրեական գործ էին հարուցել:



Կալանավորված, ապա ազատ արձակված Սանկտ Պետերբուրգի «Մոյ ռայոն» թերթի ֆոտոլրագրող Ալեկսանդր Աստաֆեւը կալանավայրի անմարդկային պայմանների մասին հոդված է հրապարակել: «Խցում քնելը գրեթե անհնար էր, քնելու տեղերն ու ծածկողներն ավելի քիչ էին, քան կալանավորները: Ստիպված սեղանի եւ աթոռների վրա էինք տեղավորվում»,- գրում է ֆոտոլրագրողը: Ալեկսանդրը հիշում է, թե կալանավորներին ինչպես են գիշերվա ընթացքում մի քանի անգամ արթնացրել, իսկ ժամը 6:00-ին հնչող Բելառուսի հիմնից հետո քնելն արգելված է եղել: Նշենք, որ ռուս ֆոտոլրագրողը երեք օր է գտնվել անազատության մեջ, որի ընթացքում հացադուլ էր հայտարարել: