Գոնե այս անգամ բացահայտեն

Գոնե այս անգամ բացահայտեն
Հունվարի 16-ի գիշերը  հրկիզել են Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի ավտոմեքենան: Մեքենան դեպքի պահին կայանված է եղել շենքի բակում գտնվող ավտոտնակում: Մեզ հետ զրույցում Նարինե Ավետիսյանը նշեց. «Աշխատանքի գնալուց ավտոտնակի դուռը բացել եմ ու տեսել մեքենան հրկիզված վիճակում: Անմիջապես ահազանգեցի ոստիկանություն, եկան, տեղազննում կատարեցին»: Նրա պատմելով, մեքենան հրկիզել են ավտոտնակի տանիքից. «Օդանցքից վառված լաթի կտոր են գցել ու հեղուկ վառելիք, որը, սակայն, հրդեհով չի բռնկվել, ուղղակի մխացել է եւ  հալվել»:



Ն. Ավետիսյանն ասում է, որ, փորձագետների նախնական գնահատմամբ, մեքենայի վնասը մոտ 200 հազար դրամ է: «Տղամարդու ոտնահետք են տանիքին հայտնաբերել եւ շշի խցան, որից հեղուկ վառելիքի հոտ էր գալիս, ձյուն է նստած եղել տանիքին, դեռեւս ոչինչ չի պարզվել, սպասում ենք իրավապահ մարմինների եզրակացությանը»,-ասում է խմբագիրը: Նա նշում է, որ սա արդեն չորրորդ դեպքն է: «Վերջին դեպքը գրանցվել էր 2007թ.-ին, երբ քարերով ջարդել էին մեքենաս»,-ասում է Ավետիսյանն ու ավելացնում, որ այս դեպքը մինչ օրս չի բացահայտվել: Իսկ ի՞նչը կարող էր նման բանի հանգեցնել:



«Անձնական ոչ մի խնդիր չկա, իսկ մասնագիտականի հետ կապված՝ վերջին շրջանում որեւէ ինչ-որ սուր հրապարակում չի եղել: Մարզային լրատվամիջոցներում իրավիճակը սրվում է ընտրություններից ընտրություն», բայց «գուցե սա հին վրեժխնդրության արդյունք է»: Նախորդ հարձակումն էլ չի բացահայտվել, քանի որ հանցագործները «մաքուր» են աշխատել. «Անհետք են արել այդ ամենը, միայն այս անգամ են հետք թողել»: Նա կարծում է, որ «40-42 չափսի կոշիկով էլ հազիվ թե ինչ-որ բան պարզվի, իսկ էդ շշի խցանի վրա էլ հազիվ թե ինչ-որ մատնահետք մնացած լինի»:



Նրա խոսքով, իրավապահ մարմինները հիմա փորձում են որոշել վառելիքի  տեսակը, քանի որ հնարավոր է, որ դա յուրահատուկ վառելիք լինի, ոչ թե բենզին, իսկ անցյալում՝ «եթե քարով կամ մուրճով խփել են, այդ առարկան էլ չի եղել»: Նարինե Ավետիսյանը բացառում է, որ հեռուստաընկերությունների լիցենզավորումից բխած լինի արարքը. «Մենք նույնիսկ ՀՌԱՀ-ի կողմից հայտարարված մրցույթին չենք մասնակցել, որ լարվածություն առաջացած լիներ»: Հնարավոր է, որ սա «Մունետիկ» լրատվականի «Թեժ գծի» հետ կապված լինի. «Բազմաթիվ ոլորտների էինք անդրադարձել, բայց այս պահին մեր մոտ խաղաղ վիճակ է»: