50 հազար դրամանոց ողբերգություններ

50 հազար դրամանոց ողբերգություններ
Ամեն օր ես տեսնում եմ նրան ամուսնուն օգնելիս. պահեստից  ծանր անվադողեր է գլորում դեպի ամուսինը, որն էլ դասավորում է դրանք վաճառքի տարածքում: Երիտասարդ կին է` մոտ 30 տարեկան, ում հետ զրույցից պարզում եմ, որ իր օգնությունը մոտավորապես  50 հազար դրամի սահմաններում է:



Ամեն օր տեսնում եմ եւս մեկին, երիտասարդ, գեղեցիկ, որ անխոնջ մաքրում է առեւտրական տարածքները: Նրա հետ զրույցից պարզվում է, որ ավարտել է մեր ծանրակշիռ բուհերից մեկը (5-6 րոպեանոց զրույցի ընթացքում մոտ երեք անգամ շեշտեց այդ փաստը):



Սուպերմարկետներում եւ այլ մարկետներում հետեւում եմ երիտասարդ եւ միջին տարիքի կանանց, որոնց միջին վաստակը եւս  50-60 հազար դրամ է: Այսօրինակ աշխատանքներում մրցակցություն համարյա թե կարծես չկա, ինչպես չկա աման լվացողների կամ հավաքարարների համար (թե՞ կա` ես չգիտեմ):



Ես փորձում եմ պատկերացնել, թե ինչ է զգում նման վաստակի տեր անձը գների մեր այս պայմաններում, եւ հաշվարկներից գլուխս պտտվում է: Անձամբ ես հակված եմ դա անվանելու ողբերգություն, որի մեջ ներգրավված է մեր հասարակության բավականին ստվար հատվածը: Մաթեմատիկական մեծ ունակություններ պետք չէ, հասկանալու համար, որ դա չնչին գումար է գոյատեւելու համար: Ահա թե որտեղ է մարդը կախվածության մեջ ընկնում մեկ այլ մարդուց՝ լինի դա գործատեր թե կողակից: Հարցումները պարզել են, որ կանանց մի մասը համակերպվում է ամուսնու վատ վերաբերմունքին եւ չի բաժանվում միայն այն պատճառով, որ չի կարող միայնակ պահել երեխաներին:



Նաեւ այս պատճառով են հաճախ սխալ կամ հապշտապ ամուսնություններ կնքվում: Իսկ ընդհանուր առմամբ, հասարակությունում նկատվում է ընդգծված վերաբերմունք փողատերերի նկատմամբ: Սպասարկման ոլորտում վերաբերմունքն ուղիղ համեմատական է կլիենտի  հագուկապին, քսակին... դա չեն կարող թաքցնել կեղծավոր, հորինովի  ժպիտների տակ, որոնք պարզապես դեմքի մկանների ծամածռություն են հիշեցնում:



Քիչ է մնում կլիենտի երեսին շպրտեն 10, 20 կամ 50 դրամանոցները: Մարդիկ պարզապես չեն կարող կեղծել իրենց: Նրանք` այդ 50 հազարանոց ողբերգությունները, մեր կյանքի բաղկացուցիչ մասն են... համարյա բոլոր ոլորտներում: Հարցն իհարկե սոցիալական է, բայց նաեւ՝ հոգեբանական: Հասարակությունն իր վրա է կրում այս փոքրիկ  ողբերգությունների ազդեցությունը, ողբերգություններ, որոնցից յուրաքանչյուրը յուրովի եզակի է եւ յուրովի հավաքական:



Հովիկ ՄԽԻԹԱՐՅԱՆ