Կոչ կաթողիկոսին

Կոչ կաթողիկոսին
Համարբերգի այցը նորից բողոքի մեծ ալիք է բարձրացրել, թվում է՝ ամեն ինչ հենց էդ մարդուց է կախված, բայց... Պետք չէ եվրոպացիներից մեծ ակնկալիքներ ունենալ, որովհետեւ Համարբերգը միջազգային կառույցի ներկայացուցիչ է: Այլ հարց է, որ միջազգային կառույցում, փառք Աստծո, կա մեկը, ով իր գործին նվիրված է եւ հետեւողականորեն կատարում է իր աշխատանքը: Մենք պետք է նրանից շնորհակալ լինենք, որ իր  մարդկային դեմքը չի կորցնում, որովհետեւ հենց եվրոպացիների մեջ էլ ենք հանդիպում մարդկային դեմքը կորցնող մարդիկ: Բայց եթե հենց մենք մեր կորուստը չենք կարողանում հարգել, մոռանում ենք...



Երեք տարի առաջ եղավ «մարտի 1-ը», բայց մինչ օրս  որեւէ պետական կառույց չի կարողանում անգամ որեւէ գնահատական տալ: Եթե հիշում եք՝ «քառասունքն» էլ ոտնատակ տվեցին, որ չխանգարեին նոր նախագահի երդմնակալությունը: Սա է իրականությունը:



Համարբերգին դիմելուց զատ, վատ չէր լինի, եթե մենք դիմեինք կաթողիկոսին՝ պահանջելով, որ մարտի 1-ին այդ զոհերի հիշատակին եկեղեցական կարգ մատուցի: Անկախ նրանից՝ մեր իշխանությունները կարողանում են գտնել էդ զոհերի ոճրագործներին, թե ոչ: Տեսնենք էդքան քաջություն կունենա՞ կաթողիկոսը:



Ի վերջո, ժողովուրդը նաեւ ուզում է հարգված ու ճանաչված լինել, իր ցավերը, վիշտը՝ դա պետք է համաժողովրդական ճանաչում ունենա: Էդպես չի: Մինչեւ Կարապետիչի ձեռքից չեն խլում, նա որոշակի ընդդիմություն չի դառնում, մինչեւ մյուսի ոտքը չեն տրորում, չի իջնում հրապարակ: Ժողովուրդը չի կարող էսպես ապրել, ժողովուրդը պիտի սկզբունքներ ունենա, որոնք հարգի, հազարամյակներից եկող սկզբունքները հարգի: Էսօր էս մարդը սենց ասեց՝ վազենք հետեւից, վաղը՝ մյուսի հետեւից:



Շատ լավ է, որ Համարբերգի այցը նման ալիք է բարձրացրել, եւ հույսեր են կապում: Ի վերջո, չենք կարող մոռանալ մեր զոհերին, որոնք փողոց էին դուրս եկել ընդամենը իրենց իրավունքին տեր կանգնելու համար, բայց անամոթաբար գնդակահարվեցին:



Երվանդ ՄԱՆԱՐՅԱՆ

դերասան