Պատրաստ են շարունակել բանակցությունները

Պատրաստ են շարունակել բանակցությունները
Ուրբաթ եւ շաբաթ օրերին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունեցած Իրան-վեցնյակ բանակցություններն անցել են փակ դռների հետեւում, այդ պատճառով էլ լրատվամիջոցներին տեղեկություններ հայտնի չեն արդյունքների մասին: Հայտնի է, որ միջուկային խնդրի կարգավորման շուրջ  բանակցությունները տեւել են նախատեսվածից ավելի երկար եւ անցել են դրական մթնոլորտում:



Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ երկրների (ԱՄՆ, Ֆրանիսա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Չինաստան) եւ Գերմանիայի հետ` հենվելով իր սկզբունքների վրա: Ջալիլին նշել է, որ Իրանը նաեւ կառաջնորդվի ընդհանուր տրամաբանությամբ եւ այլ պետությունների օրինական իրավունքների հարգման սկզբունքով:



Բանակցությունների ավարտից հետո Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստեռվելլեն եւս հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Իրանի հետ միջուկային խնդրի կարգավորման շուրջ  բանակցությունների նոր շրջանին մասնակցել: Նա նշել է, որ վեցնյակը դեռեւս խնդրի դիվանագիտական լուծումներն է փնտրում եւ պատրաստակամ է շարունակել բանակցություններն այդ ուղղությամբ:



Հիշեցնենք, որ գերտերությունները 2003 թվականից փորձում են Իրանին հետ պահել ուրանի հարստացման աշխատանքներից, ինչը կարող է սպառնալ միջուկային զենքի չտարածման ռեժիմին: Դժվար ընթացող բանակցություններն ընդհատվել էին 2009 թվականից, եւ Իրանի հետ միեւնույն սեղանի շուրջ վեցնյակի երկրները նստեցին միայն այս տարի: ԱՄՆ եւ արեւմտյան պետությունները Իրանին մեղադրում են խաղաղ միջուկային ծրագրի իրականացման անվան տակ միջուկային զենքի պատրաստման մեջ: Պաշտոնական Թեհրանը մշտապես հերքել է այս մեղադրանքները` հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է երկրի բնակչության էներգետիկ պահանջարկը բավարարելուն: