Ադրբեջանն ուզում է փակել իրանական հեռուստաալիքը

Ադրբեջանն ուզում է փակել իրանական հեռուստաալիքը




Ադրբեջանական լրատվամիջոցները «Սախար-2» հեռուստաընկերությանը մեղադրում են հակաադրբեջանական քարոզչություն իրականացնելու մեջ: «Ամեն օր հեռուստատեսությամբ կոչեր են հնչում, որոնք հեռուստալսարանի մոտ հակաադրբեջանական տրամադրություններ են առաջացնում: Փաստորեն, «Սախար-2» հեռուստաալիքը խառնվում է Ադրբեջանի ներքին գործերին»,- գրում է day.az-ը:



Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաեւ Ադրբեջանում Իրանի դեսպանատունը որեւէ կերպ չեն արձագանքում ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը: Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովի խոսքով`«Սախար-2»-ը հեռարձակվում է արբանյակի միջոցով:



«Ադրբեջանը հնարավորություն ունի դադարեցնել հեռարձակումը, սակայն զերծ է մնում նման քայլից, որովհետեւ դա հակասում է միջազգային կոնվենցիաներին»,- նշել է նախարարը: Ալի Աբբասովի խոսքով` խնդիրը հնարավոր կլինի լուծել այն ժամանակ, երբ հեռուստաալիքը կանցնի թվային հեռարձակման: Իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էլխան Պոլուխովն ասել է, որ իրենք տեղյակ են խնդրին եւ ստուգումներ են սկսել համապատասխան քայլեր ձեռնարկելու համար: